HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկախ» Եգիպտոսը եւ չին-խորհրդային կոնֆլիկտը

Լեռ Կամսար 

Ճիշտ այն գիշեր, երբ Անգլիան Սուդանի ամբարտակը լմնցուց, երբ ալ Նեղոսին տերն էր և ուզած ժամանակ կրնար կոճակը սղմելով Եգիպտոսը զրկել Նեղոսի ջուրեն, կարճ ըսած՝ երբ Եգիպտոսի բոլոր վերջավորությունները կախեր էր իրմե, Անգլիան՝ իր արտաքին գործերու մինիստրին Գաբրիել հրեշտակապետի կերպարանք տալով Եգիպտոսին քովը ղրկեց ոչ թե ավետիք, այլ ուղղակի անկախություն տալու։

Անկախությունը, ինչ խոսք, անուշ բան է, բայց այդ բանին պատրաստ պիտի ըլլալ. վրա-գլուխ, կարգ ու սարք, ամեն բան հաշիվ է։ Ամոթ է ըսել, այսօր Եգիպտոս շապիկ մը չունի հագին, չնայած որ տարեկան միլիոնավոր փութերով բամբակ կցանե...

Բայց չքրքրենք Եգիպտոսի դարդերը։

Ուրեմն՝ կես գիշեր է, Եգիպտոսը խոր քունի մեջ, երբ հանկարծ դուռն ուժգին կզարնվի։-

Ո՞վ է՝ բաց։ Ի՞նչ կա՝ այսպես, բան մը։

- Շնորհակալ եմ... ի՞նչ նեղություն։

Հետո թե՝ չի՞ ըլլար, որ շաբթե մը նոր ընդունիմ անկախությունը, թե՝ ոչ, հիմա պիտի ընդունիս, տարօրինակ տոնով կպնդե Անգլիան։ Տոն մը, որով սովորաբար ոչ թե բան մը կտրվի մեկի մը, այլ բան մը կառնվի մեկե մը։

-Լա՜վ, լա՜վ, անկախ կըլլամ,- վախեցած հարեց Եգիպտոսը ու ավելցուց, - բայց ես անկախության ինվենտար չունիմ։

Անգլիան երկար խոսեց այդ մասին ու շատ բան խոստացավ։ Իր նավատորմի բոլոր հին նավերը, հին թնդանոթները, հին տիտղոսները մինիստրական պորտֆելներով հանդերձ, ֆրակները... Վերջը բոլորը՝ բոլորը, ինչ պետք չէր այլևս Անգլիային՝ փոխարենը ստանալով բամբակ։

Այս զգեստավորումով, երբ Եգիպտոսը Անգլիո հետ անցներ Եվրոպայի փողոցներով, եվրոպացի ամեն պետություն պատուհանեն տեսնելով զույգ անցորդներուն՝ բացականչեր պիտի.

-Նայեցե՛ք, նայեցե՛ք, 1789 թվի Անգլիան ինկեր է 1929 թվի Անգլիայի ետևեն կերթա...

Հա։ Կմնար քիչ մըն ալ անկախ պետության շարժուձևեր ուսանել։ Նոտա տալ, նոտա առնել, սորվել դաշնագիր ստորագրել, զինվել ու զինաթափվել, արևելքին մեջ շահեր ունենալ, ձայնի ելևէջ խիստ ցած, գաղտնի զինվորական դաշն կնքել ու բարձր հայտարարել, թե «մեր մեջ ոչ մեկ գաղտնի դաշինք գոյություն չունի» և այլն, հազար ու մեկ այսպիսի բաներ։

Անգլիա խոստացավ ամիս մը գործնական պարապմունքով անկախություն սորվեցունել Եգիպտոսին ու հաջորդ առտու իսկ, ետևը ձգած վերջնույս, ուր գնաց՝ հետը տարավ։

Ֆրանսիո սանդուղքներեն բարձրանալու ատեն, տեսավ դռնապանը չի ձգեր, որ Եգիպտոսը վեր բարձրանա, ուստի Անգլիան ձայնեց վերեն.

-Ժա՛կ, բաց թող, ատիկա իմ անկախս է։

Ամիսե մը արդեն վարժ «անկախ» մըն էր Եգիպտոսը, ու առանց իր կամքին ու հավանության տերև իսկ չէր շարժեր դիվանագիտական աշխարհին մեջ։ Շատ հաջող սկսեց միջամտել այլոց գործերուն և չկար դեպք մը, որուն կամ հակառակ, կամ համաձայն չըլլար սա մեր նորընծա «անկախը»։ Ու, եթե բան է, պատահեր, որ շաբաթներով միջամտելիք դեպք մը չպատահեր՝ ատոր ալ համաձայն էր, միայն քիչ մը ափսոսանքով, վասնզի ի՞նչ արժեր իր անկախությունը, եթե պիտի չմիջամտեր։

Այսպես էր դրությունը, երբ օր մըն ալ, հանկարծ ծագեցավ Չին-Արևելյան երկաթուղու կոնֆլիկտը։

Դեպքը երկու խոսքով հետևյալն էր։

Շատ մաքուր հագնված Չինաստան մը, համաշխարհային Կանթարի տակը, օրը ցերեկով Խորհրդային Միությանը մոտենալով, վերջնույս Չին-Արևելյան երկաթուղու վրա ունեցած իրավունքները առավ-փախավ։ Միությունը ետևեն հասնելով պինդ բռնեց Չինաստանի ծոծրակեն։

Ու, չնայած որ ոչ մեկ ծպտուն հանեց Չինաստանը, չնայած շատ «կազյոննի» վերաբերմունք ցույց տվավ թե հափշտակության, և թե բռնվելու ժամանակ  (ինչպես կերևեր, այդ բոլորն ուրիշի համար էր), սակայն աղմուկով բացվեցին Ամերիկայի մինչ այդ գոցված պատուհանները ու Ստիմսոնը ողջ հասակով մեկ կանգնելով, դարձավ կողոպտված Միությանը.

-Օհո՛, դուն խախտեցիր Կելլոգի1 պայմանագիրը, կա՛ց։

Անգլիան, որը Չինաստանի հափշտակության օրերին դռան ճեղքն եգիպտական բամբակով գոցեր էր, այժմ, Չինաստանի բռնվելու ժամանակ դուրս քաշելով բամբակը ճեղքից՝ ճչաց.

-Ես կմիանամ Ստիմսոնի հայտարարության։

Ֆրանսիան ալ «տուն եկավ»՝ ու.

-Ես ալ,- ըսավ,- կմիանամ։

Այնուհետև շաբաթը մեկ պետություն սկսեց «միանալ» Ստիմսոնի առաջարկության մինչև այսօր։

Սա «միացողներեն» ամենեն ուշագրավը մեր Եգիպտոսի «միացումն» էր, որ կատարվեցավ հետևյալ հանգամանքներու մեջ։

Եգիպտոսը շրջագայութենեն տուն վերադառնալով սկսեց ազատ-համարձակ, աջ ու ձախ անկախություն ընել։

Ամիս մը վերջ հանկարծ լսեց, թե Ռուսաստանի ու Չինաստանի մեջ բան մըն է պատահեր ու Ստիմսոնն այդ առթիվ բան մըն է հայտարարեր, ու աշխարհիս բոլոր անկախ պետությունները միացեր են այդ «բանին»։

-Վա՜յ խայտառակություն։

Ելավ Եգիպտոսը շտապ, կոշիկները մեկը ոտքին, մեկալը՝ ոչ, փանթալոնն առանց կոճկելու, անլվա երեսով Փարիզ՝ խորհրդային ներկայացուցչին վազեց թե՝

-Ստիմսոնը հայտարարությո՞ւն է ըրեր ձեզի։

Ներկայացուցիչը հարցական սա շնչահեղձ օտարականին կնայի ու այսքանը։

-Ես լսեցի Ստիմսոնի անունով մեկը ձեզի հայտագիր է ներկայացուցեր, այո՞։

-Ոչ...

-Ո՞չ։ Կստանաք ուրեմն։ Ես ևս կմիանամ այդ ստանալիք հայտագրին, հասկցա՞ք։

-Դուք ո՞վ եք, պարդոն։

-Եգիպտոսը...

-Չեմ ճանչնար։

-Անգլիային կճանչնա՞ք։

-Լա՜վ։

-Է՛, ես անոր անկախն եմ, ի՞նչ կա չճանչնալու։

-Չեմ ճանչնար ու չեմ ալ ուզեր ճանչնալ,- ըսավ ու դուռը Եգիպտոսի ետևեն փակեց։

Եգիպտոսին մեծ ցավ պատճառեց քաղաքական այս անհաջողությունը ու ճամփին սկսեցին կրծել զինքը կասկածներ, թե՝ մի՞գուցե Անգլիան «անկախության» բոլոր գաղտնիքները չի բացեր իրեն, դեռ կան բաներ, որ ինքը չի գիտեր... Ինչո՞ւ շրջագայության ժամանակ Անգլիան օրեն չորս, օրեն վեց անգամ կառանձնանար ու անոր կգանգատեր թե «կլուծե»։ Առանց իր մասնակցության այդ ի՞նչ հարցեր էր, որ «կլուծեր» կամ չէ՞ որ բոլոր հարցերը միասին պիտի լուծեինք...

Այս և նման խոհերով ու կասկածներով մինչև օրս ալ կերթա Եգիպտոսը, մեկ-մեկ շոշափելով քթի ծայրը, որն իրեն չվերաբերող խնդրին մեջ խոթած ըլլալու պատճառով... կոտրեր էր քիչ մը։

1924թ.

Մեկնաբանություններ (1)

JOHN
ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻՈՐԵՆ ՀԱՆ-ՃԱ-ՐԵ՜Ղ Է...ԿԱՐԾԵՍ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ԳՐՎԱԾ ԼԻՆԻ ՄԵՐ ԱՅՍ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ...»ԻՐԱՊԵՍ ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter