HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երբ մատները ղեկավարում են բազմաձայն ստեղները

«Այն, ինչը կոչվում է երաժշտություն, գաիս է հոգուց ու մտքից, ոչ թե ձեռքերից», - ասում է դաշնակահար Ժորա Սարգսյանը:

18-ամյա դաշնակահարն իր գործիքը համեմատում է փոքր նվագախմբի հետ, երբ մատները ղեկավարում են բազմաձայն ստեղները: Ժորայի համար լավագույն գործիքը դաշնամուրն է, որը ոչնչի հետ չի փոխի: Հայրը և հորեղբայրները կլառնետ են նվագում, փոքր ժամանակ ինքն էլ է փորձել այդ ուղղությամբ շարունակել: Բայց շուտ հասկացել է, որ դա ընտանեկան գործիք է, որը իրենը չէ: Ժորան ասում է, որ հաստատ որոշել է իր ուղին շարունակել որպես դաշնակահար:

Սակայն միակ ուղղությունը, որով կարող է «շեղվել», խմբավարությունն է (դիրիժորություն): Երիտասարդ դաշնակահարը կցանկանար «փոքր նվագախմբից» անցում կատարել մեծին, որտեղ ձուլվում ու միախառնվում են ամենատարբեր ձայներն ու գործիքների հնչողությունները:

«Ինձ համար դաշնամուրն այն գործիքն է, որն ավելի շատ է մոտ մարդու ձայնին, - ասում է դաշնակահարը: - Այն վոկալի նման է»:  

2010 թ.-ին  Երևանում «Դելֆյան խաղերի», այնուհետև Շոպենի անվան մրցույթի առաջին դափնեկիր, Ա. Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի, Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրն այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսում` դաշնամուրի բաժնում: Միաժամանակ, ուսումնասիրում է դիրիժորական գործը և ցանկանում է ուսումը շարունակել Գերմանիայում` դասական երաժշտության երկրում: Ժորայի խոսքերով` սխալ կլիներ ասել, թե ուզում է միանգամից Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբին «չափ տալ», որովհետև նրանք արդեն բավականին պատրաստված և փորձառու են: Բայց կուզեր սկսել աշխատել մի նվագախմբի հետ, որի համար կկարողանար բարձր մակարդակ ապահովել, միաժամանակ որպես դիրիժոր հասկանար գործի հիմքը:

Երիտասարդ դաշնակահարն արդեն հասցրել է որոշակի փորձառություն ձեռք բերել համերգների ժամանակ. 2010 թ.-ին մենահամերգ է տվել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, սակայն խոստովանում է, որ մինչև հիմա շատ է հուզվում յուրաքանչյուր համերգից առաջ: Ասում է, որ դեռևս կարիք ունի սովորել ավելի լավ ինքն իրեն տիրապետել բեմի վրա: Այժմ Ժորան պատրաստվում է մասնակցել «Yerevan Мusic Week» համերգին, որտեղ պետք է նվագի Ռախմանինովի գործերից: Դաշնակահարը ելույթ ունենալու հուզմունքը բացատրում է հետևյալ կերպ. պարզապես երաժիշտն այդ պահին ապրում է այն ամենը, ինչ ապրել ու զգացել է կոմպոզիտորն այդ երաժշտությունը գրելիս:

Երաժշտի խոսքերով` շատ կարևոր է նվագելիս ապահովել զգացմունքային ֆոնը և դա փոխանցել լսարանին: Իսկ երբ ուզում ես հասկանալ, թե ինչ է պատկերացրել կոմոպոզիտորն այդ գործը ստեղծելիս, սկում ես պատկերացնել քո կյանքի փորձից ելնելով: Այդ ժամանակ, կարծես, կոմոպոզիտորի հետ համահեղինակ ես դառնում. ստեղծագործությունը չի փոխվում, բայց «համագործակցություն է լինում» զգացմունքների մակարդակում:

«Արդյունքում՝ ամեն անգամ համերգը դառնում է քո ամբողջ կյանքը, որը դուր է գալիս այն ունկնդրին, ով ապրել է այն զգացմունքները, որ դու ես ապրել: Երաժշտությունն իսկապես քո կյանքի մի մասն է դառնում, եթե դրան լուրջ ես վերաբերում, - ասում է Ժորան: - Իմ ամբողջ հոգևոր աշխարհն է դրված երաժշտության մեջ»:

Մինչ օրս տված համերգներից ամենատպավորիչը երիտասարդ դաշնակահարի համար Ա. Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլի ժամանակ էր, երբ, իր խոսքերով, չի հիշում ինչպես է նվագել. կտրվել է իրականությունից, ժամանակից ու վայրից: Այդ ժամանակ է, որ ամբողջ ներշնչանքով է նվագել:

«Կարծես քեզնից չի կախված ներշնչանքը, վերերկրային բան է, էներգիա, որ տանում է դեպի տիեզերք. – ասում է դաշնակահարը: - Այն շոշափելի չէ, բայց երբ զգում ես, կարողանում ես փոխանցել նաև լսարանին»:

Սակայն, բացի ներշնչանքից, դաշնակահարը կարևորում է նաև պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալ մակարդակը, քանի որ երաժիշտը պետք է կարողանա լավ նվագել ցանկացած դեպքում: Անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե չի կարող բեմ բարձրանալ:

«Մի բան եթե մոտս չի ստացվում, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի ստացվի, եթե անգամ դա ինձ դուր չի գալիս, - խոստովանում է դաշնակահարը: - Միշտ մտածել եմ, որ եթե որևէ գործ ինձ մոտ չի ստացվում, ոչ թե գործն է վատը, այլ ես մի բան այն չեմ անում»:

Նրա խոսքերով` երաժշտի համար խիստ կարևոր է թարմ լինել, եթե անգամ հոգնած է: Բայց, բացի ֆիզիկական հոգնածությունից, դժվար է «վերականգնվել» այն համերգներից հետո, երբ ամբողջ էներգիան փոխանցվել է հանդիսատեսին ու երաժիշտը կարծես թե սպառվել է բեմի վրա: Այդ ժամանակ էլ կրկին օգնության է գալիս դաշնամուրը, և պետք է պարզապես «լցվել նոր գործով»: 

Լուսանկարը՝ http://www.avproduction.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter