HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեռ մեր 7 պորտը չի փոխվել, մենք դեռ վարակված ենք այդ հոմոսովետիկուսով»

Հարցազրույց գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ

-Որպես գրող, հրապարակախոս՝ ի՞նչ սցենարի մեջ կտեղավորեք մեր իրականությունը, իրականությունում ընթացող գործընթացները:

-Ժողովրդի մեծամասնությունը, փառք Աստծո, բացարձակ կապ չունի այս փսորված, այս մայրաքաղաքային, այս փողոցային կյանքի հետ (փողոցային ասելով՝ նկատի չունեմ միայն բացասականը): 88 թթ.-ից սկսած՝ մենք անընդհատ պիտի չլինենք փողոցում, պիտի զարգացում ունենանք: Խմբով մտքեր չեն ծնվում, խմբով ենթարկվում են մեկի ասած մտքին: Իսկ երբ այդ մեկը տաղանդավոր է, կարողանում է ներշնչել մեծամասնությանը, որ ձևավորվել է այդ գաղափարն իրենց կողմից: Ցավոք, մտքի, գաղափարի այդքան տաղանդավոր մենատնտեսներ չունենք, կամ հատուկենտ են, և ժողովրդի այն զանգվածը, որն անընդհատ փողոցում է, վերածում են ամբոխի:

Առաջին տեսակն այն ժողովուրդն է, որն իրենից բացի ոչ մի տեր չունի՝ ինքն իր հողը, իր տունը, իր հոգսը, և երկիր պահողն է: Ի դեպ, երկիր պահելն էլ է մենաշնորհ դարձել մի խմբի համար՝ երկրապահների, իսկ մենք ի՞նչ էինք: Ժողովրդի մեծամասնությունն անաղարտ է, որն իր ճշմարտությունը երկնքից ու հողից է քաղում, ում ոչ մի խոսնակ պետք չէ: Իրեն տեր պետք չէ, իրեն չես կարող ասել ընդդիմադիր կամ իշխանամետ, որովհետև ինքն է տերը:

Երկրորդ հատվածն ակտիվ, աշխույժ հատվածն է, որն ուզում է տիրապետել: Դա ասպարեզը պղտորող հատվածն է:

Երրրոդ տեսակը խոհանոցային մտավորականությունն է, որը, կարծում էի, թե միայն Սովետի ժամանակ կար, բայց հետո պարզվեց, որ միշտ կա այդ տեսակը, ավելի ինտելեկտուալ է, բայց գործունյա չէ, ինքն իր համար փակված է:

Այսօր սա է պատկերը, որը չի խախտվել, և ես կողմնակից եմ այդ մեծամասնությանը՝ տիրոջը: Տերն ինքն է, իսկ թե այստեղ ինչ են անում, ով ում գլուխն է ջարդում, ով ում է ուզում գցել աթոռից, կարևոր չէ, կարևորը ժողովուրդն է: Հիմա արտագաղթի թեման շատ լուրջ է: Այն կարծիքին չեմ, թե լավագույնները հեռացան: Լավագույնները մնացին: Արտագաղթողների մեծ մասը չի գնում հացի համար, այլ փախչում է անիրավություններից, արժանապատվությունը վիրավորվելուց: Իսկ եթե իրենք նայեն՝ որպես տեր, չեն գնա: Այս գնացողներն իրենց սահմանազատում են վատից: Ինձ համարում եմ այս երկրի տերերից մեկը, և ինչ վատ բան կատարվում է, անպայման սկսում եմ ինձնից, որ ես էլ եմ պասիվ հայեցողական նայել, որ հանդուրժել եմ: Մենք պետք է կարողանանք պահել այս հողի տիրոջը այս հողի վրա, որովհետև հողը նրանն է, ով այնտեղ ապրում է:

-Իսկ հասարակությունն այդքան ուժ ունի՞:

-Հասարակությունն ուժ ունի: 5 րոպեում ժողովրդին կարող ես դարձնել ամբոխ՝ հեշտ խոսելով, էժան բաներ ասելով, և 5 րոպեում այդ ժողովրդին կարող ես դարձնել ազգ: 88 թ. մենք դա տեսանք. աշխարհում ավելի գեղեցիկ, քան հայ ժողովուրդը, չկար: Բայց, գիտեք, թռչունն անընդհատ չի թռչում, նստում էլ է: Պետք է կարողանաս սնել այդ թռչունին:

-Որո՞նք են Հայաստանի 3 իշխանությունների բացթողումները:

-Կասկած չունենալն ու բարձրաձայն մտածելը: Մենք դեռ չարած՝ գոռում ենք այդ մասին: Ասում են՝ ազգային գաղափարախոսություն չունենք: Ինչո՞ւ չունենք՝ ունենք, միայն պետք չէ, որ այդ գաղափարախոսությունը քաղցր բլիթի պես ամեն մեկն իր կողմից կրծի: Մեծն Չարենցն ասել է, որ քո ուժը քո միասնության մեջ է: Հիմա ասում են՝ ազգային գաղափարախոսություն չկա: Բայց եթե այդ գաղաափարախոսությունը չլիներ, 1915 թ. հետո այդ անկլավի մեջ պետություն չէինք կարողանա ստեղծել, Արցախյան ազատամարտի հերոսամարտի հաղթանակը չէինք ունենա, չէինք դիմանա այն ցրտին, մթին, ալան-թալանին:

Հայրենիքը միայն բանաստեղծություն չէ, այլև դաժան իրականություն է, և եկեք այդպես սիրենք այդ հայրենիքը: Այսօր նոր մշակույթ է ձևավորվել, երբ հնչում են այնպիսի հարցեր, թե ինչու սփյուռքն իր կարողականությամբ դեռ չի մասնակցում Հայաստանի կյանքին: Սփյուռքը կմասնակցի, այն դեռ ազատագրվում է բանաստեղծական, վիրտուալ հայրենիքից: Իրական հայրենիքին պետք է վարժվի, որ որպես գործարար հայրենիքում բիզնես է դնում, իրեն թալանում են, խաբում են, որ չինովնիկները՝ հատկապես միջին և ցածր, քանդում են երկիրը: Առուփախի վիճակ է մեզ մոտ, նստում են աթոռին, ասում են՝ ինչից հնարավոր է օգտվեմ, հետո երբ հանեն, գոնե փողս կմնա: Բայց 70 տարվա հետքերը մի օրում չես ջնջի: Դեռ քո ազգի մեջ ստալինիստներ կան, Լենինին՝ որպես Աստված, պաշտողներ կան, ազգիդ մեջ կա տեսակ, որի համար կենտրոնը դեռ Մոսկվան է: Սերնդափոխություն պիտի լինի:

-Տիկին Պետրոսյան, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: Ձեր խոսքում նշեցիք, որ խորհրդային հետքերը դեռ չեն ջնջվել, որ մեր ազգի մեջ դեռ կան մարդիկ, որոնց համար կետրոնը Մոսկվան է: Արդյո՞ք Մաքսային միության միանալը չի նշանակում, որ խորհրդային անցյալը դառնում է ներկա:

- Հոմոսովետիկուսը դեռ չի վերացել: Թվում է, թե ես ինքս ավելի լայնախոհ, ազատ մտածող մարդ եմ, ժողովրդի թշնամու, այսինքն՝ ստալինյան բռնապետության զոհի ընտանիքից եմ, բայց նույնքան հոմոսովետիկուս եմ, ինչքան որ հորս վրա մատնագրեր գրողները, որովհետև իմ սարսափներով ապրել-մեծացել եմ այդ իրականության մեջ:

Հիմա մենք քաղաքական նոր ամուսնություններ կնքեցինք, դեռ մեր 7 պորտը չի փոխվել, մենք դեռ վարակված ենք այդ հոմոսովետիկուսով: Դա միշտ էլ եղել է: Եթե գնանք պատմության խորքերը, ապա կտեսնենք, որ միշտ էլ ունեցել ենք այդ երկվությունը, որովհետև աշխարհը միշտ բազմաբևեռ է եղել: Հիմա պատմության գործիքներն են փոխվել: Նորից եկել ենք կոտրած տաշտակի առաջ: Ընդամենը պետք է դիրքորոշում, արժանապատվություն ունենալ: Մենք այս ծայրամասային մտածողությունից, որ մենք հսկա կայսրության ծայրամաս ենք, պետք է ազատվենք: Երկրագունդը կլոր է, և պետք է կարողանաս ասել, որ դու հենց կենտրոնն ես, խոսքն ազգային արժանապատվության մասին է: Մանավանդ, մենք կարող ենք թույլ տալ նման բան ասել, քանի որ աշխարհին տվել ենք Արարատյան մշակույթ: Միայն թե չասենք, թե ուրիշները ծառերի վրա կապիկներ էին կամ առաջին ազգն ենք, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը: Այդ բոլորը պետք է իմաստավորել, որի դեպքում հանգիստ կարող ենք ասել, որ հսկայական ռուսական կայսրությունը մեզ պետք է: Պուտինյան Ռուսաստանը սարսափելի պրագմատիկ է՝ ինչ իրեն պետք չի, չի ուզում, և դա անում է շատ հրապարակային, ուրեմն՝ մենք էլ ենք պետք:

Աչքներիս առաջ տեսանք, թե Պուտինն ինչպես ջարդեց Օբամայի ողնաշարը Սիրիայի հարցով: Թե՞ գիտեք՝ Պուտինի աչքի լույսն էր Սիրիան: Բայց աշխարհաքաղաքական նոր բաժանումներ են տեղի ունենում, և իր համար կարևոր է, որ թույլ չտա Սիրիայի կործանումը: Հետևաբար, նույն ձևով էլ կարևոր է նրա համար Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը, այլ հարց է, թե մենք կկարողանանք պահել արժանապատվորեն այդ գիտակցությունը՝ ասելով, որ ինչքան որ դու ես մեզ պետք, այդքան էլ մենք ենք քեզ պետք:

Մեր երկիրն ամենավատ ժամանակ էլ այսպիսի վիճակում չի հայտնվել:

-Ի՞նչ վիճակում ենք:

-22 տարվա անկախություն ունեցող երկրի համար շատ վատ վիճակում չենք, բայց կարող էինք ավելի լավ վիճակում լինել, կարող էինք ավելի քիչ կաշառակեր ու ավազակներ ունենալ իշխանական վերնախավում, կարող էինք ավելի գրագետ կադրային քաղաքականություն վարել, կարող էինք օրինականությունն ավելի ճշգրիտ բաների մեջ դնել, կարող էինք չանել վայրենի սեփականաշնորհումը, կարող էինք չթողնել, որ օլիգարխիան այսքան հզորանա: Այդ ամենը կարող էինք անել, բայց չարեցինք;

-Ինչո՞ւ:

-Որովհետև իշխանությունները մեկը մյուսին ժառանգեց սխալ բաներ: Չեմ թաքցնում, որ Ղարաբաղյան շարժումից եկող հարաբերություններ ունեմ հանրապետության նախագահի հետ, և կարծում եմ՝ ինձ կարող եմ թույլ տալ հրապարակային ասել, որ նա մարդ է, որն ըմբռնում է ամբողջ իրականությունը, բայց, ինչպես ամբողջ իշխանություն կրողները, կալանված է: Սերժ Սարգսյանին դժվար ժառանգություն է տրվել, այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանին էր դժվար ժառանգություն տրվել, այնպես, ինչպես Լևոն-Տեր-Պետրոսյանին. ի վերջո, պատերազմ, ավեր, քանդված կայսրության փլատակների տակ չմնալու, նաև բնական աղետի գոտին հերթականությամբ ժառանգվում է, և ամեն փուլին մի բան պակասում է: Իսկ երբ ասում են, թե Մաքսային միությանը միանալով Հայաստանը կորցնում է անկախությունը, ուզում եմ հարցնել՝ անկախությունն այդքան հե՞շտ բան է, որ կորցնենք:

-Տիկին Պետրոսյան, այսօր արդեն փողոց են դուրս եկել ազատամարտիկները, օրեր առաջ էլ ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: Մյուս կողմից՝ ազատ են արձակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, ով մեղադրվում էր հանցագործության մեջ: Ձեր կարծիքով՝ սրանք Սերժ Սարգսյանի կառավարման սխալներից չե՞ն:

-Սուրեն Խաչատրյանի հանգամանքն ակնհայտ պարզ է ինձ համար: Նա խոցի պես ընկել է մեր ազգի վրա (միայն նա չէ, մի քանի հոգի ևս կա): Պետք է հարցնել Սերժ Սարգսյանին, թե ինչու է գնում կոմպրոմիսի, կամ էլ պետք է հավատանք մեր դատական համակարգին, որ մտածենք՝ ասելով, թե ճիշտ է Լիսկայի որդուն ազատ արձակելը: Ինձ համար անհասկանալի բան է:

Իմ զավակի ընկերներն առաջին օրից մինչև վերջին օրը կռվել են, նստացույցեր չեն անում, բայց նույնքան կարիքի մեջ են, նրանք առևտուր չեն անում իրենց երկրի հետ, սակայն մի երկիր, որը ոչ պատերազմի, ոչ խաղաղության մեջ է, պիտի մտածի, որ պատերազմ կարող է լինել, պիտի կարողանա հնարավոր ապագա զինվորին չվախեցնել, չհիասթափեցնել: Գուցե նրանց պահանջները շատ արդար են, բայց պահանջատիրության դրսևորումն ազատամարտիկին վայել չէ: Նրանք պիտի չլուծեն հարցերը ամբոխավարությամբ: Եվ չեմ կարծում, թե այնտեղ բոլորն ազատամարտիկներ են, և, ի վերջո, դառն իրականություն էլ ունենք՝ «ասֆալտի ֆիդայիններ» ձևակերպումը: Խեղճ ազատամարտիկ չի լինում: Այդ խեղճ ազատամարտիկներն ինձ դուր չեն գալիս, գուցե անընդունելի բան եմ ասում, որովհետև երբ պահանջատեր ես, խեղճ պետք է չլինես: Չեմ ուզում, որ այս եկող սերնդին սովորեցնեն խեղճ ազատամարտիկի կերպարը:

-Ի վերջո, դեպի ո՞ւր ենք գնում:

-Գնում ենք մարդկությանը համընթաց: Գնում ենք գաղափարները բյուրեղացնելու ճանապարհով: Պիտի կարողանանք վիճել: Ճշմարտությունը ծնվում է վեճից, այլ ոչ թե իրար գլուխ ջարդելուց: Մենք այնքան շատ մեծ չենք, որ շռայլենք մեր ունեցած ինտելեկտուալ պաշարները, այդքան շռայլ չենք, որ մեր հողն անտեր թողնենք: Այս բոլորը, սակայն, պետք է ձևակերպել և տաղանդավոր ձևով ներշնչել մեծամասնությանը, որ դա իրենց գաղափարն է, բայց տաղանդավոր ձևով չի արվում: Առաջնորդության, սեփական «ես»-ի հիվանդություն կա, որից պետք է ազատագրվենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter