
Աշնանային անձրևները փրկություն են Էջմիածնի քաղաքային այգու համար
10 տարուց ավելի է, ինչ Էջմիածնի քաղաքային զբոսայգին պատկանում է եկեղեցուն. դա նշանակում է, որ բարեկարգման, խնամքի աշխատանքները հենց եկեղեցին պետք է իրականացնի: Զգոսայգին գտնվում է Մայր Աթոռի անմիջական հարևանությամբ:
Նախկինում, երբ այգին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ էր, երեխաների ամենասիրած վայրն էր, քանի որ կային կարուսելներ, զվարճանքի համար ստեղծված էին այլ պայմաններ:Այժմ այգին անհրապույր է, տարածքը, նստարանները բարեկարգ չեն, գործում է ընդամենը մեկ սրճարան, որի տարածքում մանկահասակ երեխաների համար կարուսելներ են տեղադրված, իսկ 7-ից բարձր տարիք ունեցողների համար այգին որևէ հետաքրքրություն չի ներկայացնում:
![]() |
![]() |
Ապամոնտաժվել են բոլոր կարուսելները: Իսկ այգու առանձին հատվածներ վերածվել են աղբակույտերի:Այս տարվա ընթացքում մի քանի ամիս շարունակ այգու տարածքը չի ոռոգվել, կանաչ խոտ գրեթե չկա, իսկ մոտ մեկ տասնյակ ծառեր ջրի բացակայությունից արդեն չորացել են:
Այգին «մեռնում» է եկեղեցու սպասավորների ու Գևորգյան ճեմարանի սաների աչքի առաջ և նրանցից որևէ մեկը քայլ չի անում դրա դեմն առնելու ուղղությամբ: Այս հարցում եղանակը բարեհաճ գտնվեց այգու նկատմամբ: Տեղացած անձրևները ինչ որ չափով հագեցրին ամիսներ շարունակ ջուր չտեսած ծառերի ծարավը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այգու չոռոգելը պայմանավորված է պոմպակայանի վթարով: Ըստ նրան` խնդիրն արդեն հարթվել է և այգին կոռոգվի:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նաեւ տեղեկացրց, որ այգին բարեկարգելու ուղղությամբ ծրագրեր են մշակվում եւ խոստացավ առաջիկայում ներկայացնել մանրամասները:
Մեկնաբանել