HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նկարիչ. «Գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, որպեսզի կարողանանք հասցնենք»

Նկարիչ Հրանտ Կիրակոսյանի արվեստանոցը գտնվում է գյուղապետարանի երկրորդ հարկում: Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղի գյուղապետարանի այդ սենյակը կարծես փոքր ցուցասրահ լինի. բոլոր պատերից կախված են նկարչի գործերը:

2008 թ. էր, երբ նա եկավ գյուղապետարան և առաջարկեց  տեղի ազատ սենյակներից մեկն իրեն տրամադրել որպես արվեստանոց: Նկարիչը բացատրում է, որ տանը նեղվածք էր ու անհարմար. ամեն դեպքում արվեստագետը պետք է իր առանձին անկյունն ունենա, որտեղ կարող է առանձնանալ և հանգիստ աշխատել: Այստեղ են գալիս նաև Դովեղի նրա աշակերտները: Միաժամանակ, Հրանտ Կիրկաոսյանն արդեն շուրջ 25 տարի է՝ նկարչություն է դասավանդում Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում:

Հիշում է, որ երբ ինքն էր դպրոցական ու ցանկանում էր նկարչություն սովորել, որևէ խմբակ կամ դպրոց չկար: Սակայն որոշել էր, որ այդ ուղղությամբ պետք է սովորի, և ընդունվում է Երևանի մանկավարժական համալսարանի նկարչագծագրական ֆակուլտետը:

Հ. Կիրակոսյանի նկարների մեծ մասը բնապատկերներ են, որտեղ ներկայացված են իր գյուղի և շրջակա բնակավայրերի տեսարաններից: Դիմանկարներ շատ չի արել, նկարածների մեծ մասը ինքնադիմանկարներ են: Բայց հիմա որոշել է համագյուղացիների դիմանկարների շարք անել, որովհետև շրջապատում հետաքրքիր կերպարներ ու դեմքեր շատ կան: Միայն թե նկարչի խոսքերով` դժվար է գյուղացի մարդուն համոզել` անգամ մի քանի ժամով կտրվել իր գործից, գալ անշարժ նստել, թե ինչ է իրեն պետք է նկարեն: Անգամ շատերի աչքի համար անսովոր էր, երբ տարիներ առաջ նա դրսում մի տեղ նստում ու նկարում էր: Հետո աստիճանաբար «հարմարվեցին»: Այժմ արդեն շատերը գիտեն նրան, տարբեր ցուցահանդեսներ է ունեցել, 2006 թ.-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում է անհատական ցուցահանդես ունեցել: Ասում է, որ մինչև հիմա նկարիչների միության անդամ չէ, բայց և չի կարծում, թե դա իրեն ինչ-որ առավելություն կամ նոր հնարավորություններ կարող է տալ:

«Եթե նկարիչը տաղանդավոր է, շնորհք ունի, առաջ է գնում, եթե չէ, ուրեմն` չէ, - ասում է Հ. Կիրակոսյանը:- Նկարիչների միության անդամ լինելու հետ դա կապ չունի: Պատմությունն է հիշում, ժամանակը` գնահատում»:

Նրա խոսքերով` նկարիչը կարիք ունի ցուցադրվելու, որ իր գործերը շատ մարդիկ տեսնեն, բայց և ինքը ուշադրություն չի դարձնում, թե որքանով է հայտնի, կամ քանիսն են իրեն ճանաչում:

«Ճանաչողները ճանաչում են»,- ժպտալով ասում է նկարիչը:

Նրա խոսքերով` ցուցահանդեսների ժամանակ սովորաբար գովասանքի խոսքեր է լսում,  բայց կցանկանար, որ նաև մասնագիտական աչքով արված առողջ քննադատություն լիներ: Այդ առումով է կարիք լինում, որ նկարները ավելի լայն շրջանակներում, գյուղական միջավայրից դուրս ցուցադրվեն:

Հրանտ Կիրակոսյանը չորս տղա ունի, որոնցից ոչ մեկը հոր մասնագիտությունը  չի ընտրել: Նկարիչի խոսքերով` ինքն էլ չէր ցանկանա, որ նրանք այդ ուղով գնային: Միաժամանակ, համոզված է, որ նկարիչ ծնվում և ոչ թե դառնում են:

Մյուս կողմից` այժմ դժվար է միայն նկարչությամբ գումար վաստակել, ընտանիք պահել:

«Դրա համար էլ գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, որպեսզի կարողանանք հասցնենք: Ինչ ասես անում ենք»,- ասում է նկարիչը:

Նրա խոսքերով` նկարչությանը կարողանում է հատկացնել իր ժամանակի միայն 10-20 %-ը:  Արվեստից դուրս գյուղական կյանքն ու առօրյան է. անասնապահություն, հողագործություն, խաղողագործություն:

Նկարիչը հիշում է, որ մինչև 2000 թ.-ը սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով ստիպված էր թողնել նկարչությունը: Դրանից հետո վերսկսում է նկարել, կարողացել է նաև որոշ նկարներ վաճառել, բայց միայն դրա հույսով ապրել չի կարող: Բացի այդ` նկատել է, որ եթե մինչև 2010-2011 թթ.-ը նկարներն ավելի շատ էին վաճառվում, ապա այժմ այդ միտումը նվազել է:

Այժմ էլ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ նկարչությունը որոշ չափով հետին պլան է մղվում, միշտ չէ, որ կարողանում է իր ուզած չափով ժամանակ հատկացնել նկարչությանը: Բացի այդ` նկարչի խոսքերով` ժամանակ է գալիս, երբ կարիք է լինում որոշ ժամանակ չնկարել. «Նկարչությունը հո մեխանիկական աշխատանք չէ, որ անընդհատ նկարես»: Օրինակ` ամռան ամիսներին գրեթե չի նկարել, և հարցը միայն զբաղվածությունը չէր: Բայց այդ ընթացքում էլ ծնվում են նոր թեմաներ ու մտքեր: Նկարչի խոսքերով` նկարելու բուն գործընթացը երկար չի լինում, սակայն դրան նախորդող գործընթացը կարող է երկար լինել, ամիսներ ձգվել: Իսկ երբ արդեն կանգնում է կտավի առջև, ուղեղն արդեն թելադրում է, թե ինչ պետք է նկարի: Նախքան նկարելը արդեն հստակ տեսնում, թե ինչ կտավ է ստանալու: Հ. Կիրակոսյանը նախընտրում է ռեալիստական ոճը, իր խոսքերով` նկարել անմիջապես կյանքից վերցված թեմաներով: Իսկ գույներից նախընտրում է դեղինը` արևի գույնը, դրա համար էլ «նկարները հիմնականում լուսավոր են»:

Առհասարակ, նկարիչը չի սիրում դժգոհել: Խնդիրներ կան, բայց դրանք ամենուր են. այն խնդիրները, որ ունի ինքը որպես նկարիչ, ունեն նաև բազմաթիվ այլ նկարիչներ, այն դժվարությունները, որոնց բախվում է, ունեն նաև իր հայրենակիցները: Բայց համոզված է, որ յուրաքանչյուր մարդ իր հայրենիքում պետք է ապրի, աշխատի, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter