HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմբինատի հոսքաջրերը լցվում են Նորաշենիկ գետը (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի պարզվածքն արդեն 5 օր է՝ թափվում է Նորաշենիկ գետը: Այս մասին Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի  նախագահ Արմեն Փարսադանյանին ահազանգել էին Նորաշենիկ գյուղի բնակիչները: Բնապահպանը տեսագրել է գետի վիճակը սեպտեմբերի 20-ին և 24-ին ու արձանագրել, որ սեպտեմբերի 24-ին պոչանքներն ավելի առատ էին, քան դրան նախորդած 4 օրերին:

«Տեսանյութում ակնհայտ երևում է, որ լուրջ բնապահպանական վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Նորաշենիկ գետով են ոռոգվում  տարածաշրջանի հարակից գյուղական համայնքները՝ Սյունիք գյուղական համայնքը, Նորաշենիկ գյուղական համայնքը, հավանաբար, գետից օգտվում է նաև Աճանան գյուղը, և այդ գյուղերի մթերքից չի բացառվում, որ օգտվում են կապանցիները: Խնդիրն այն է, որ մենք բարձրացնում ենք խնդիրը, բայց, կարծես, սայլը տեղից չի շարժվում»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Բնապահպանը նշում է նաև, որ իրենք գետի վիճակի մասին տեղեկացրել են ԲՆ բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետին և տեսուչին, ինչպես նաև ԶՊՄԿ-ին: Տեսուչը Ա. Փարսադանյանի հետ բանավոր զրույցում ասել է, որ իսկապես, թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է, ինչը գանձվելու է բնապահպանական վճարներով:

«Ես միանշանակ համաձայն չեմ այդ կետին, քանի որ անալիզներ պետք է վերցնել, չափել, թե քանի՞ անգամ է գերազանցում թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, բացի դրանից՝ պետք է հաշվարկներ կատարվեն, թե ինչ ծավալով արտահոսք է եղել, որպեսզի հաշվարկվի բնապահպանական վճարը, եթե անգամ իրենց ասածը ճիշտ լինի»,- նշում է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահը՝ ավելացնելով, որ գետի մոտ չես կարող նույնիսկ 5 րոպե կանգնել, որովհետև պոչանքների հոտից գլխացավ և շնչահեղձություն է առաջանում: «Եթե մենք լռենք, հարցը հենց այդպես էլ կփակեն, կարծես թե, բնականոն գործունեություն լինի»,- նկատում է Ա. Փարսադանյանը՝ հիշեցնելով, որ 1 տարի առաջ ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում և նույն բնապահպական տեսչությունը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց 300 թե 400.000 դրամ: «Սա ուղղակի խայտառակություն է»,- ընդգծում է բնապահպանը:

Բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանն էլ «Հետքին» հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են դեպքը, ցուցանմուշներ են վերցրել, և կատարվում է հոսքաջրերի քիմիական վերլուծություն: Նրա խոսքով՝ արդյունքները կհրապարակեն մի քանի օրից: Հարցին, թե հնարավոր է, որ դեպքի նույն արձագանքը լինի, ինչպես 1 տարի առաջ Ողջի գետի աղտոտման պարագայում, Լ. Պետրոսյանը պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատանքները կատարելու ենք»:

Ա. Փարսադանյանը պոչանքների արտահոսքի մասին տեղեկացրել է նաև ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետին, ով նախ ասել է, որ ինքը «հեսա կզանգի, էդ ստորաբաժանումների պատասխանատու հետ կխոսի», ապա խոստացել է ավելի ուշ զանգել՝ պատասխանը ներկայացնելու համար, սակայն այդպես էլ չի զանգել:

«Ամենամտահոգիչ խնդիրն այն է, որ ընկերության տնօրինությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում բնապահպանական խնդիրներին: Սա արհամարհանք է յուրաքանչյուր կապանցու նկատմամբ, չէ՞ որ, չի բացառվում, որ հենց այսօրվա մթերքն օգտագործում ենք տվյալ համայնքներից»,- նշում է Արմեն Փարսադանյանը:

Մեկնաբանություններ (3)

Gevorg
Kapani qaxaqapeti u Syuniki naxkin marzpeti tajfajic chen uzum mianan mmm-in? ))) (erevi mmm-@ maksim maksim maksim e nshanakum)
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքի/սյունեցու դեմ (ԶՊՄԿ-ի) ՀԱՆՔԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԸ անպատիժ շարունակվում է: ԶՊՄԿ-ի տնօրեն Հակոբյան Մաքսիմը իրեն 'օրենքից վեր է երևակայում' ,հատկապես հիմա, երբ տղուն «ձրի» նստեցրին Սյունիքի մարզպետի պաշտոնին: Հանքային կլանի 3-4 մարդ, Սյունիքի ընդերքը դաժանաբար ԹԱԼԱՆԵԼՈՎ,տարեկան ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ են խցկում իրենց գրպանները,իսկ սյունեցիների 2/3-ը աղքատ-չքավոր է: Իսկ Ի՞ՆՉՈՒ: Իսկ մինչև Ե՞ՐԲ պիտի սա հանդուրժեք: Ի՞ՆՉՈՒ ՀԻՄԱ վեր չեք կենում ու ՊԱՀԱՆՋՈՒՄ հանքերի ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ: Ո՞ւմ եք սպասում. որ հանքային կլանի ատամանները «զղջա՞ն ու խղճի խայթ զգա՞ն»:
mmm
es dandi metalsic mexri cragir vercri hima ancar zcmc in verjin qaylericd irakan demqd erevac

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter