HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Անհետացած ալիբին. սպանության գործի քննությունը

Երեւանի Երրորդ մաս թաղամասում 8 տարի առաջ հայտնաբերվել էր 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դիակը` դանակի 7 հարվածի հետքերով: Սպանության համար ազատազրկվել էր 4 երիտասարդ, իսկ 5-րդը՝ Վահե Խաչատրյանը, դատապարտվեց 1 ամիս առաջ: Սա մի գործ է, որով առանձնակի հետաքրքրված էր արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նախաքննությունը սկզբում իրականացրել է Շենգավիթի դատախազությունը, հետո՝ գլխավոր դատախազությունը: Իրավապահները գործը բացահայտել են 2 անգամ. առաջին սցենարով իրադարձությունների կենտրոնում հայտնվել էր անչափահաս Աննա Մուրադյանը: Առերեսումներ, տեսախցիկի առջեւ կատարվածի նկարագրություններ, սպանության մասնակիցներից յուրաքանչյուրի արածի ու ասածի մանրամասնություններ… Բայց հետո հանկարծ պարզվում է, որ Աննան դեպքի վայրում չի եղել: Արդյունքում գործը «բացահայտած» 1-2 հոգի ենթարկվում է կարգապահական պատասխանատվության՝ ստանալով նկատողություն:

Նախաքննական մարմինը կազմում է սպանության երկրորդ սցենարը: Աննա Մուրադյանի փոխարեն ի հայտ է գալիս Մարինե Հակոբյանը, դարձյալ իբրեւ կատարվածի ականատես նկարագրում դեպքի մանրամասներն ու դառնում հանցագործության բացահայտման գլխավոր վկան:

Այս աղջիկն էլ 20-ից ավելի իրարամերժ ցուցմունքներ է տվել, փոփոխել է հանցանքի մասնակից կամ օժանդակող անձանց շրջանակը, ինչպես Աննան՝ բարձրաձայնել է ոստիկանական ճնշումների մասին եւ պնդել, որ դեպքի վայրում առհասարակ չի եղել, հետո ասել է, որ իրեն սպառնում ու վիրավորում են մեղադրյալների հարազատները: Ի վերջո, իրավապահները Մարինեի մեղադրական ցուցմունքները դրել են գործի հիմքում եւ այն ուղարկել դատարան: Իսկ մեղադրական եզրակացությունն անձամբ հաստատել է այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Աղվան Հովսեփյանի «ներկայությունը»

Դեռ 2008թ. «Հետքն» այս պատմությանն անդրադարձել է: Ըստ նախաքննության՝ 2005թ. օգոստոսի 10-ի գիշերն Ազատության պողոտայում գտնվող կանգառում (Ռայկոմի կանգառում) Մարինեն ծանոթացել է Մեսրոպի հետ: Մի քանի րոպե զրուցելուց հետո նրանք միասին գնացել են «Կարապներ» սրճարան, այնուհետեւ` «Նիկա» բար, որտեղից էլ տաքսիով ճանապարհվել են դեպի Չեխով-Ծերեթելի փողոցների խաչմերուկ՝ Երրորդ մաս: Այստեղից վերջիններս ոտքով շարժվել են Մարինեի տան ուղղությամբ:

Չեխովի 36 շենքի մոտ գտնվող նստարանների մոտ ժամը 1-ի սահմաններում նրանք հանդիպել են այդ թաղամասի բնակիչներ Հրաչ Սահակյանին, Զավեն ու Վլադիմիր Մկրտչյաններին եւ Մելքոն Վարդանյանին: «Արա» դիմելաձեւի պատճառով վերջիններիս եւ Մեսրոպի միջեւ ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Աղմուկի ձայնից մոտեցել են մի քանի տղաներ, այդ թվում` Սերոբ Տեր-Մելիքսեթյանը եւ Վահե Խաչատրյանը: Վերջին երկուսը «կանգնել են Մեսրոպ Մաքոյանի թիկունքում` զրկելով նրան փախչելու հնարավորությունից, Հրաչն ու Վլադիմիրը բռնել են ձեռքերը, իսկ Զավենը դանակով 7 անգամ հարվածել է»:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը մեկ տարուց ավելի տեւած դատաքննության արդյունքում եզրակացրել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս նախաքննական մարմինը հաճախ խեղաթյուրել է փաստերը, երկակի վերաբերմունք է դրսեւորել վկաների ցուցմունքների նկատմամբ, թույլ է տվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ: Դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության՝ նշելով, որ նույնիսկ նախաքննական մարմնի ձեռք բերած տվյալներով սպանությունը չէր կարող կատարվել օգոստոսի 11-ին՝ ժամը 1-ից 2-ի սահմաններում: Ավելին՝ դատարանը հանձնարարել է լրացուցիչ նախաքննության ժամանակ քննության առարկա դարձնել նաեւ այլ անձանց կողմից սպանության իրականացման վարկածը:

Աղվան Հովսեփյանը դատավոր Խանդանյանի այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Բայց միայն վերաքննիչ բողոքով գլխավոր դատախազը չի բավարարվել: Նա 9 էջանոց գրություն է ուղարկել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ դատարանն ամբողջությամբ չի ծանոթացել քրեական գործի նյութերին կամ չի ցանկացել գնահատել ապացույցներն ամբողջությամբ:

«Դատավորը չի ընկալել քրեական գործի այն առանձնահատկությունն ու բարդությունը, որ առանձնապես ծանր հանցագործությունը կատարվել է նույն տարածքում, տեղի բնակիչների կողմից, եւ դեպքին ականատես են եղել նրանց հարեւաններն ու մտերիմները, որոնց ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրյալների հարազատները ահաբեկել, սպառնացել ու վիրավորել են»,- գրել է Աղվան Հովսեփյանը: Նա նախագահին ուղղված գրությունում չի հիշատակել, որ նույն այդ վկաները բարձրաձայնել են ոստիկանական վիրավորանքի, սպառնալիքի ու ծեծի մասին: Ավելին՝ գլխավոր դատախազը չի անդրադարձել նաեւ դատավոր Խանդանյանի որոշման մեջ արձանագրված մի ուշագրավ դրվագի. «Որպես վկա դատաքննության հրավիրված Մելքոն Վարդանյանը, երբ հրավիրվեց ամբիոնի մոտ ցուցմունքներ տալու, ամբիոնին մոտենալիս ոստիկանության աշխատակիցը փորձ էր անում առեւանգել նրան, որը կանխվեց դատարանի կողմից»:

Նույն օրը վկա Մելքոն Վարդանյանը Շենգավիթի դատարանի գրասենյակում դատավորին ուղղված գրություն է թողել՝ տեղեկացնելով, որ այլեւս դատարան չի գալու ցուցմունք տալու, որովհետեւ «ինձ միլիցիան կծեծի եւ ինվալիդ կդարձնի, եւ նորից ինձ կստիպեն ցուցմունք տալ անմեղ մարդկանց դեմ… Ողջ ճշմարտությունը սա է. ես գործով մեղադրյալներին եւ ընդհանրապես ոչ մեկին չեմ տեսել, որովհետեւ ես ինքս դեպքի վայրում չեմ եղել, քանի որ գտնվել եմ այլ վայրում… Ես քննիչների մոտ գրել եմ քննիչի կողմից իսկ հորինված եւ անիրական պատմությունը»:

Աղվան Հովսեփյանի՝ երկրի նախագահին ուղղված գրությունը դատավարական փաստաթուղթ չէ: Բայց այն, չգիտես ինչու, հայտնվել է գործի նյութերում: Ամբաստանյալներից Վահե Խաչատրյանի պաշտպան Էմիլ Պետրոսյանը սա որակում է իբրեւ ճնշում դատավորների վրա:

«Այս գրությունն ուղղակի մահակ է: Նպատակը հետեւյալն է. գործը քննող յուրաքանչյուր դատավոր, որ ատյանում էլ որ լինի, պետք է տեսնի այն ու հասկանա, որ եթե ինչ-որ բան այն չանի, նմանատիպ գրություն երկրի նախագահը կստանա նաեւ իր մասով: Այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ»,- ասում է Էմիլ Պետրոսյանը:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, դատարանում Վահե Խաչատրյանի մեղադրանքը պաշտպանող Արթուր Դավթյանը հակադարձում է՝ «ամեն ինչ այդքան պրիմիտիվ չի կարելի ներկայացնել»:

«Այդ գրությունից ինչո՞ւ պետք է մյուսները վախենային. տարան այդ դատավորին (Գագիկ Խանդանյան) կախեցի՞ն, պաշտոնից ազատեցի՞ն, պատասխանատվության ենթարկեցի՞ն, որ մյուսներն էլ վախենային: Հնարավոր չէ մի հատ նամակ գործի մեջ դնելով՝ մի ամբողջ դատական համակարգ ահուսարսափի մեջ պահել»,- ասում է Արթուր Դավթյանը եւ հավելում, որ եթե նույնիսկ իբրեւ ճնշման միջոց դիտարկվի գլխավոր դատախազի գրությունը, այն չէր կարող ազդել բոլոր ատյանների դատավորների վրա. «Էլ չեմ ասում Եվրադատարանի մասին, որովհետեւ ամբաստանյալներից մեկի պաշտպանը Եվրադատարան գանգատ էր ուղարկել, եւ ինչքանով գիտեմ՝ այն վարույթ չի ընդունվել: Եվրադատարա՞նն էլ վախեցավ»:

Սակայն Վահե Խաչատրյանի հայրը՝ Սերոբ Խաչատրյանը, վստահեցնում է, որ դատախազի տեղեկությունները հավաստի չեն. «Եվրադատարանը գործը վարույթ ընդունել է, ուղղակի այնտեղ գործընթացները դանդաղ են ընթանում»:

Աղվան Հովսեփյանը նշյալ գրությունով նախագահին միաժամանակ հայտնել է, որ իր խնդրանքով Գագիկ Խանդանյանի որոշումից հետո գործը քննարկվել է «Վճռաբեկ դատարանում քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ պալատի նախագահի, անդամների, գործը վարող դատավորի, քննող քննիչի, քննչական վարչության պետի, մեղադրողների եւ նրանց վարչության պետերի մասնակցությամբ»:

«Նախ՝ սա ուղղակի մրցակցության սկզբունքի խախտում է: Եթե այդքան անկեղծ քննարկում էր, թող ամբաստանյալների պաշտպաններին էլ հրավիրեին, մյուս կողմին էլ լսեին,- ասում է փաստաբան Էմիլ Պետրոսյանը,- հետո՝ ի՞նչ իրավունքով է գլխավոր դատախազն օրինական ուժի մեջ չմտած դատավճռով քննարկում կազմակերպում այն նույն ատյանների ղեկավարների հետ, որոնք պետք է իր բողոքը քննարկեն: Ի՞նչ էր սա՝ դատ դատից առա՞ջ: Մեղադրանքը պաշտպանողը, ով գործով շահագրգիռ կողմ է, նստել դատավորների հետ քննարկում է, թե ինչը ոնց անեն»:

Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Գ. Խանդանյանի որոշումը եւ գործը կրկին վերադարձրել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` այլ կազմով քննելու: Մեղադրյալներից երկուսը՝ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը եւ Վահե Խաչատրյանը, գտնվել են հետախուզման մեջ: Դատավարության ընթացքում Սերոբը հայտնաբերվել է: Հասնելով մինչեւ Վճռաբեկ դատարան՝ Սերոբը, Հրաչը, Զավենը եւ Վլադիմիրը դատապարտվել են երկարատեւ ազատազրկման՝ 9-ից մինչեւ 15 տարվա: Իսկ 2012թ. հուլիսին նախաքննական մարմինը հայտնաբերել է նաեւ Վահե Խաչատրյանին:

Վահե Խաչատրյանը

Անհետացած ալիբին. 5-րդ մեղադրյալը

Դեռ այն ժամանակ, երբ գործով գլխավոր վկան անչափահաս Աննա Մուրադյանն էր, հանցանքը կատարած գլխավոր անձանցից (Հրաչ, Զավեն եւ Վլադիմիր) բացի՝ իբրեւ դեպքի մասնակից նա հիշատակել է ոմն «Միկայի» եւ «Արտյոմի» (մականունը՝ «Կուկու) մասին: Արդեն նախաքննության երկրորդ սցենարով, երբ հիմնական վկան դարձել է Մարինե Հակոբյանը, վերջինս նույնպես իր սկզբնական ցուցմունքներում այս երկու անձանց անունները նշել է: Նրանց ինքնությունն իրավապահները պարզել են՝ Միխայիլ Բուռնաչյան եւ Արտյոմ Ազարումյան:

Կատարվել են քննչական գործողություններ, ընդհուպ՝ ճանաչումներ, բայց հետագայում Մարինեն ցուցմունքները փոխել է եւ իբրեւ դեպքի մասնակից արդեն տվել Սերոբի եւ Վահեի անունները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել, իսկ Միխայիլը եւ Արտյոմը գործում ներգրավվել են իբրև վկա:

Առաջ անցնելով նշենք, որ 2009թ. վերաքննիչ դատարանը Հրաչի, Զավենի, Վլադիմիրի եւ Սերոբի գործի քննության ընթացքում հանգել էր այն եզրակացության, որ գործով «ձեռք են բերվել բավարար տվյալներ վկաներ Միխայիլ Բուռնաչյանի եւ Արտյոմ Ազարումյանի կողմից առնվազն խուլիգանություն կատարելու, իսկ այն չհաստատվելու դեպքում՝ ոստիկանության աշխատակիցների կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով վկաներին ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ»: Ուստի վերաքննիչը դատախազին միջնորդել է հարուցել քրեական գործ եւ պարզել իրականությունը:

Դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ Միխայիլ Բուռնաչյանի եւ Արտյոմ Ազարումյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ: Սակայն որոշ ժամանակ անց գործի վարույթը կասեցվել է՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:

Գործով առանցքային վկաները Դեզդեմոնա Սեդրակյանը, Մելքոն Վարդանյանը եւ Մարինե Հակոբյանն են: Դեզդեմոնան Չեխովի 34 շենքի մոտ մրգի շուրջօրյա վաճառքով է զբաղվել: Վերջինս հայտնել է, որ դեպքի օրը՝ «ժամը 1:45-ի սահմաններում, 27 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակների մոտից լսել է կռվի եւ հայհոյանքների ձայներ: Այնուհետեւ տեսել է, թե ինչպես 18-20 տարեկան մի երիտասարդ (Մեսրոպ Մաքոյանը), ձեռքով կրծքավանդակը բռնած, շենքի կողքից շարժվել է դեպի փողոց ու վայր ընկել: Նրան մոտեցել են 5 տղա եւ մեկ աղջիկ ու անմիջապես հեռացել` տարբեր ուղղություններով»: 

«Փախչողներից Դեզդեմոնան ճանաչել է Աննա Մուրադյանին: Հետո, երբ փոխվել է նախաքննության վարկածը, փոխվել է նաեւ նրա ցուցմունքը՝ Աննան դարձել է Մարինե: Իսկ 5 տղաներից Դեզդեմոնան ճանաչել է Հրաչին, Զավենին եւ Վլադիմիրին, մյուս երկուսին չի ճանաչել,- մանրամասնում է փաստաբան Էմիլ Պետրոսյան: - Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ երկուսի մեջ Վահե Խաչատրյանը չի եղել, որովհետեւ Վահեն ու Դեզդեմոնան իրար շատ լավ ճանաչում են, ու եթե Վահեն այնտեղ լիներ, անհնար է, որ Դեզդեմոնան միեւնույն լուսավորության եւ հեռավորության պայմաններում 3-ին ճանաչեր, իսկ Վահեին՝ ոչ»:

Գործով ամբաստանյալները թաղի տղաներ են: Վահե Խաչատրյանը նրանցից միայն Սերոբ Տեր-Մելիքսեթյանի հետ է մտերիմ եղել: Սերոբի եւ Վահեի մեղադրանքի հիմքում եւս դրվել են Մելքոն Վարդանյանի եւ Մարինե Հակոբյանի ցուցմունքները:

Ցուցմունքներում սկզբում Սերոբի անունն է հիշատակվում, հետո ի հայտ է գալիս վերջինիս ընկերոջ՝ Վահեի անունը: Բայց թե՛ Մելքոնը, թե՛ Մարինեն սկզբնական շրջանում նշում են, որ Սերոբն ու Վահեն պարզապես դեպքին ականատես են եղել, ոչ մի բան չեն արել: Հետո ասել են, որ նրանք մասնակցել են ծեծին: Ավելի ուշ նաեւ հավելել են, որ երբ Հրաչն ու Վլադիմիրը բռնել են Մեսրոպի ձեռքերը, Սերոբն ու Վահեն կանգնել են Մեսրոպի թիկունքում` զրկելով նրան փախչելու հնարավորությունից, իսկ Զավենը դանակով հարվածել է»:

Մելքոնի եւ Մարինեի ցուցմունքներում ավելացած հենց այս վերջին՝ «կանգնել են Մեսրոպի թիկունքում՝ զրկելով նրան փախչելու հնարավորությունից» ձեւակերպման պատճառով էլ Սերոբն ու Վահեն մեղավոր են ճանաչվել սպանության օժանդակության մեջ եւ դատապարտվել երկարատեւ ազատազրկման:

«Մի հետաքրքիր հանգամանք կա. 2006թ. փետրվարին հաստատված մեղադրական եզրակացությունում քննիչը, վերապատմելով Մարինեի ասածները, նշում է, որ «Սերոբը Վահեի հետ կանգնել էր Մեսրոպի թիկունքում»… Մինչդեռ Մարինեն նման բան առաջին անգամ նշել է դրանից ամիսներ անց՝ 2006-ի սեպտեմբերին»,- ասում է փաստաբան Էմիլ Պետրոսյանը:

«Լավ, էլի, ո՞նց եք պատկերացնում նման բան, չի կարող այդպես լինել,- ասում է դատախազ Արթուր Դավթյանը,- քննիչն ի՞նչ խնդիր ուներ Վահեի հետ, որ ապացույց կեղծեր, չեղած մարդու մասին էս գլխից հայտներ, ամիսներ հետո Մարինեին ասեր՝ արի դու էս բանն ասա: Կեղծող մարդը չէր թողնի հետոյի. կբերեր, ցուցմունքը կվերցներ, նոր մեղադրականը կկազմեր»: Մեղադրող Դավթյանը շեշտում է՝ հաստատ Մարինեի ցուցմունքն ավելի վաղ է եղել, «որովհետեւ ապացույցներ են եղել, որ մարդիկ (Վահեին) մեղադրանք են առաջադրել եւ հետախուզում հայտարարել»:

«Ախր, ես այս մասին դատարանում էլ եմ ասել՝ թող թերթեն գործի 9 հատորները. Մարինեի այդ ցուցմունքը մեղադրական եզրակացությունից հետո է հայտնվել: Մենակ հերքելով չի՝ եթե կա, թող բերեն ցույց տան»,- ասում է փաստաբան Պետրոսյանը եւ հավելում՝ լավ կլիներ՝ պարզեին, թե ինչպես է ստացվել չեղած ցուցմունքով մեղադրական կազմելը:

Մեղադրանքի ծավալն ու նկարագրությունը հենց Մարինեի ու Մելքոնի ցուցմունքներով է ծնվել: Բայց երկուսն էլ իրենց մեղադրող ցուցմունքներից հրաժարվել են ու պնդել, որ առհասարակ դեպքի վայրում չեն եղել: Հետո Մարինեն նորից ցուցմունք է տվել եւ ասել, որ այդպես է վարվել մեղադրյալների հարազատների ճնշմամբ: Իսկ ահա Մելքոնի դեպքում մեղադրյալների հարազատների կողմից ճնշվելու տվյալներ չկան. անհասկանալի է՝ նա ինչո՞ւ է ցուցմունքներից հրաժարվել:

Մյուս կողմից՝ Մարինեն եղել է այն ժամանակ Շենգավիթ համայնքի դատախազի օգնական Տիգրան Մանուկյանի օգնականը: Վերջինս զեկուցագիր է գրել եւ հայտնել, որ դեպքի օրը՝ ժամը 23:30-ին, ինքը գնացել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ Մարինեն խնամել է վիրահատված Տատյանա Մացեգորային, եւ հիվանդանոցում Մարինեի հետ մնացել է մինչեւ 00:30-ը: Բացի դրանից՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Դավթյանն ու մայրապետ (սանիտարկա) Բաղդիկյանը հայտնել են, որ ճիշտ դեպքի ժամին Մարինեին տեսել են հիվանդանոցում: Ստացվում է, որ նա չէր կարող հանցագործության ականատես լինել: Բայց վերոնշյալ անձանց ասածները համարվել են անարժանահավատ:

«Ամեն ինչ մի կողմ դրած՝ Վահեն ինքը չէր կարող դեպքի վայրում լինել: Նա ալիբի ունի՝ այդ օրը աշխատանքի է եղել»,- ասում է փաստաբան Էմիլ Պետրոսյանը:

Վահե Խաչատրյանն աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սառնարանային արտադրամասում՝ որպես հերթափոխի վարպետ: Գործարանի տնօրենը քննիչին գրավոր հայտնել է, որ համաձայն գրանցամատյանում կատարված գրառման՝ Վահեն 2005-ի օգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ հաջորդ օրվա առավոտ՝ ժամը 08:00-ն, եղել է աշխատանքի: «Վահե Խաչատրյանի կողմից գործարանի տարածքից դուրս գալու փաստը գործարանի անցակետում չի արձանագրվել»,- գրել է «Նաիրիտ գործարան»-ի տնօրենը:

Գործարանի 3 աշխատակից ցուցմունք է տվել, որ այդ օրը Վահեն, իրոք, իրենց հետ եղել է աշխատավայրում: Իսկ քննիչը գործարանի սառնարանային արտադրամասի՝ հուլիս-օգոստոս ամիսների հերթափոխի հաշվետվության մատյաններն առգրավել է: Փաստաբանի խոսքով՝ մատյանում առկա է եղել Վահեի ձեռագիր գրառումը՝ կատարված սպանության ժամին: Սակայն այդ մատյանները քրեական գործից անհետացել են:

«Քանի որ 4 մեղադրյալների գործն ուղարկվել էր դատարան, իսկ Վահեի մասը կասեցվել էր, հետո համընկավ բարեփոխումների շրջանին, երբ դատախազության քննչականի բոլոր գործերը տեղափոխվեցին ոստիկանություն, այդ ամենի մեջ, փաստորեն, մատյանները կորան»,- պարզաբանում է դատախազ Արթուր Դավթյանը: Նա տարօրինակ չի համարում, որ ամբողջ քրեական գործից կորել են միայն մատյանները:

«Մատյանների առկայությունն էական չէ, եւ եթե դրանք արժեքավոր նշանակություն ունենային, դեռեւս այն ժամանակ Վահեին մեղադրանք չէր առաջադրվի, եւ նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվի,- ասում է դատախազ Դավթյանը եւ հավելում,- Մարինեի ցուցմունքներում նախ Սերոբի անունն է շեշտվում՝ որպես հանցագործությանը ներկա գտնված անձ, ապա՝ Վահեի անունը: Երբ Սերոբի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց, այս մարդկանց համար (խոսքը Վահեի ու նրա հոր մասին է – հեղ.) ակնհայտ էր, որ մի օր էլ Վահեի հետեւից են գալու: Այսինքն՝ նրանք 3 ամիս ժամանակ ունեին, որպեսզի մտածեն՝ եթե ոստիկանները Վահեի հետեւից գան, ինչ պատճառաբանություն պետք է բերեն: Իսկ Վահեի հայրը նույն «Նաիրիտ գործարանում» արտադրամասի պետ է, մատյանները լրացնողները եւ ցուցմունք տվող աշխատակիցները նրա ենթականերն են: Իսկ այդ մատյաններն ամեն օր չեն կնքվել, դրանք աշխատանքային մատյաններ էին՝ զուտ իրենց գրառումների համար: Հիմա ի՞նչ եք կարծում՝ 3-4 ամսվա մեջ այդ մարդիկ այս մի հերթափոխի մատյանի մեջ չէի՞ն կարող լրացնել, որ դեպքի օրը Վահեն գտնվել է հերթափոխում»:

«Սա ի՞նչ ասելու բան է: Եթե նման կասկածներ կային, թող բացահայտեին, կեղծողներին պատժեին, այնինչ այդ մատյանները նույնիսկ չեն էլ զննել, ոչ մի գործողություն դրանց հետ կապված չեն արել: 9 հատորանոց գործից հատկապես այդ մատյանները հանկարծ անհետացել են, հիմա էլ սկսել են նման բաներ հայտարարել»,- հակադարձում է Էմիլ Պետրոսյանը:

«Լավ, համարեք, որ այդ մատյանները կան, բայց այդքանով հանդերձ ոչինչ չի փոխվում, որովհետւ հանցագործությանը Վահեի մասնակցության առումով ես ունեմ ապացույցներ, որոնք, իմ կարծիքով, արժանահավատ են,- ասում է դատախազ Դավթյանը եւ հարցնում,- եթե Վահեն, իրոք, անմեղ է, 7 տարի ինչո՞ւ է թաքնված մնացել ու դեռ պարզ էլ չէ, որ եթե չհայտնաբերվեր, ինչքա՞ն էր մնալու: Չէ՞ որ նախաքննական մարմին փոխվեց, գործը տեղափոխվեց ոստիկանության վարույթ, կարգապահական վարույթներ սկսեցին, բա թող մեկը բարձրաձայներ, թող ասեր՝ այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք մարդուն հետախուզում մի բանի համար, որը չի կատարել: Ես իրենց շատ լավ եմ հասկանում, սպանության մեջ մեղադրվողը, այն էլ՝ 7 տարի առաջ կատարված, այսօր ամեն ինչ կանի, որ ասի՝ ես կապ չունեմ եւ այլն»: 

«Գիտեք ինչ, երբ որդուս ընկերը՝ Սերոբը, հետախուզման մեջ էր, նա ընտանիքի հետ կապը Վահեի միջոցով էր պահում: Մի օր Սերոբի հոր հետ հանդիպման գնալիս Վահեն նկատում է, որ «պոչ» կա, ստիպված փախչում է, ու դրանից հետո է որդուս անունը Մարինեի ցուցմունքներում հայտնվում,- ասում է Վահեի հայրը,- ո՞նց չփախչեր, եթե տանեին ոստիկանություն, ստիպելու էին ընկերոջ տեղն ասել: Հետո՝ ես այդ ժամանակ 51 տարեկան էի: Ինձ տարան ոստիկանություն ու 6 հոգով ծեծեցին: Այս գործով թաղից ում տանում էին բաժին, ծեծել էր, որ ծեծում էին: 7 չէ, 10 տարի անցնի՝ այսքանն իմանալով՝ ո՞վ ինքնակամ կգնա ոստիկանություն»:

Վահեի հոր՝ Սերոբ Խաչատրյանի խոսքերով, այս տարիներին որդին ապրել է Երեւանում, բնակարան է վարձել, ընկերուհի եւ աշխատանք ունեցել. «Այնպես չէ, որ մեր կարկառուն ոստիկանությունը տղայիս չէր կարողանում գտնել: Ուղղակի իրենք էլ գիտեն, որ անմեղ է, բան չէին անում: Իսկ երբ ոստիկանապետ դարձավ Վլադիմիր Գասպարյանը, հրաման տվեց նախկին գործերը բացահայտել: Ի՞նչ անեին, հո չէին ասելու՝ սարքած գործ է, չէ՞ որ 4 հոգու արդեն դատել են»:

Սերոբ Խաչատրյանը նշում է, որ սկզբնական շրջանում, երբ Մարինեի ցուցմունքում Վահեի անունը հիշատակվել է իբրեւ հանցագործության ականատես, իրավապահներն իր հետ բանակցել են, որ որդին որպես վկա ցուցմունք տա գործով մեղադրյալների դեմ. «Տղաս աշխատում էր, բարձրագույն կրթություն ունի, սոլիդնի վկա կլիներ: Գլխավոր դատախազության քննիչ Վարդան Մուրադյանն ասում էր՝ եթե համաձայնվեք, բացարձակ պրոբլեմ չեք ունենա: Բայց ո՞նց գնաս կեղծ ցուցմունք տաս: Մերժեցինք, կատաղեցին, թե՝ դուք ով դարձաք, որ համարձակվում եք մեր ուզածը չանել»:

Անցյալ ամիս առաջին ատյանի դատարանը Վահե Խաչատրյանին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման: Փաստաբանը դիմել է վերաքննիչ դատարան: 

Մեկնաբանություններ (4)

lusine
mi or patasxan ktan u iranq cheeeeeeeeee iranc erexeqi qterica durs galu ... nayelu en verev u asen -Astvac vor mexqis hamar.. ay es mexqi hamar . im exbayrna baic irancic amen inchov aravela te krtutyanb te xelqo te maqrutyamb u iranq el ardarutunic en xosum nayum es amen meki porin zzvum es enqn en kerel .
25365
Դուալիզմ* հորինվածք է: Կնէրեք, բայց որ օրենքի մասին է խոսքը-էն որ ասում է «միլիցեն կծեծի ու սուտ ցուցմունքներ կպահանջի» ըտենց »իրավասու օրինապահին պիտի տանես ամայի տեղ որտեղ իրենց արյունով գրված ԴՐԱԿՈՆՅԱՆ օրենքները չկան ու ՛՛՛՛՛,--................... հետո«««««««««««« սրբապիղծ ԱՆԱՍՈՒՆԵՐ՛՛՛՛՛՛ երիդթուրքերի վերադարձը մեր երկրում-------- моральный սպանդա՛, վերեվում նշվում է որ սուտ ցուցմունք են տվել եվ դրա դիմաց միայն նկատողուտյուն են ստացել,,, ЗАМЕЧАНИЕ ես ինքս իրավաբանական սովորել եմ, բայց ոչ Հայաստանում, ճիշտ է արել Սերոբ Խաչատրյանը Եվրոդատարան դիմելով քանզի խոսքը անմեղ մարդու մասին է. какой позор продажный суд... обалдеть...
Lilit
Uxaki. Kareli. E. Apshel. Haskanalov. Mi. Parz. Chsmartutyun. Te Incpes. Kareli. E anmex. Mardkand. Datapartel. Mexavori. Poxaren.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե քննիչներն են դրդում/ստիպում կեղծ ցուցմունքներ տալ,ապա տվյալ երկրի ՈՂՋ դատա-իրավական համակարգը պիտի ԾԽԱՀԱՐԵՍ,որ առնետները սատկեն: Ահա այս տականքներն են ուզում Հայաստանը խցկել բռնա-ֆեոդալական Մաքսային միություն,որ ԱՅՍՊԻՍԻ հանցագործ արարքներ անեն ու ջրից չոր դուրս գան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter