Ախթալայի 8 մթերային խանութներից 6-ն այսօր դադարեցրել է աշխատանքը (տեսանյութ, լրացված)
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում տիրող վիճակի մասին «Հետքը» զրուցել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ:
-Ինչ իրավիճակ է տիրում այս պահին Ախթալալի լեռնահարստացման կոմբինատում:
-Իմ ունեցած տեղեկություններով, ԼՀԿ-ի պարտքերը գերազանցում են 10 մլն դոլարը: Ընկերությունը չի կարողանում վճարել աշխատողների օգոստոս ամսվա աշխատավարձը: Շամլուղի բաց հանքում պայմանագրով աշխատող «Ապառաժ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 6-ը իր բոլոր 90 աշխատողներին անվճար արձակուրդ է ուղարկել: «Ապառաժի» ղեկավարությունը հայտնում է, որ հանքավայրի աշխատողներին արձակուրդից հետ կկանչի այն ժամանակ, երբ «Ախթալայի ԼՀԿ»-ն 1,2 մլն դոլար կուտակած իր պարտքը կվճարի ընկերությանը: Ցավով հայտնում եմ, որ այս պահին Ախթալայում գործող 8 մթերային խանութներից 6-ը այսօրվանից դադարեցրել է աշխատանքը: Խանութների սեփականատերերը ամեն ամիս աշխատավարձից աշխատավարձ ապառիկ սննդամթերք են տալիս ԼՀԿ-ում աշխատող Ախթալայի 275 աշխատողների: Եվ քանի որ ԼՀԿ-ն իր աշխատողներին օգոստոս ամսվա աշխատավարձը դեռ չի վճարել, 6 խանութները հայտնվել են բանկրոտի մեջ:
Բանվորների աշխատանքային պայմանները շարունակում են մնալ շատ ծանր, ոչինչ չի փոխվել: Արտահագուստ 2011թ.-ի մայիս-հունիս ամիսներին են աշխատողների որոշ մասին տրամադրել, ձմեռային արտահագուստ ընդհանրապես չի տրամադրվել: Ընկերությունն իր ստանձնած բնապահպանական պարտավորությունները համառորեն չի կատարում: Կոմբինատում բառացիորեն ներդրումներ և ընթացիկ ծախսեր չեն արվում: Պատկերացրեք, շատ աշխատողներ ստիպված են լինում իրենց փողով լամպ գնել իրենց աշխատատեղի համար, որպեսզի մթության մեջ չաշխատեն:
Լեռնահարստացման կոմբինատն այս պահին աշխատու՞մ է, թե՞ ոչ:
Այս պահին շատ փոքր ծավալներով է աշխատում: Ընկերության արտադրանքի ամսվա ծավալը պետք է կազմի 1000-1200 տոննա: Այս տեմպերով շարունակվելու դեպքում ԼՀԿ-ում այդքան խտանյութ արտադրելու մասին խոսք լինել չի կարող:
Դուք հանդիպե՞լ եք օրերս նշանակված ընկերության գլխավոր տնօրենի նոր տեղակալին: Ինչպե՞ս է վիճակը գնահատում նա:
Կարծում եմ՝ ես չէ, որ պետք է գնամ լեռնահարստացման կոմբինատ և ներկայանամ, թե ճանաչեք` ես Ախթալայի քաղաքապետն եմ: Դա զավեշտալի կլինի, հատկապես այն դեպքում, երբ ընկերության սեփականատիրոջ կողմից ամեն ամիս գլխավոր տնօրենի տեղակալ է փոխվում: Անկեղծ ասած` չեմ հասցնում նրանց հետ ծանոթանալ: Ստեղծված պարագայում քաղաքավարության ժեստը իրենք պետք է անեն: Իրենք էլ չեն եկել, բայց ԼՀԿ-ում տիրող վիճակին ես տիրապետում եմ, այնքան, որը բավարար է պատկերացնել, որ ԼՀԿ-ն այս տեմպերով հեռանկար չունի:
Ձեր հարաբերությունները ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի հետ այդպես էլ չի կարգավորվում: Ի՞նչն է պատճառը:
Մեր հարաբերությունները կկարգավորվեն, եթե սեփականտիրոջ` հանձին Մադլեն Թաշճյանի, մտածելակերպում և գործելակերպում կատարվեն փոփոխություններ: Եվ քանի որ սեփականատիրոջ մտածելակերպն ու գործելակերպը մի քանի տարի արդեն նույն է մնում, ավելի նպատակահարմար կլինի Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատիրոջ ու գլխավոր տնօրենի փոփոխությունը:
Նախորդ մեր հանդիպման ժամանակ ասացիք, որ ԼՀԿ-ում ստեղծված վիճակի մասին տեղեկացնելու եք Լոռու մարզպետին: Ի՞նչ ընթացք ստացավ Ձեր հաղորդումը:
Չեմ կարող ասել՝ մարզպետի կողմից ինչ քայեր են ձեռնարկվել, տեղյակ եմ, որ մարզպետը ստեղծել է հանձնաժողով ընկերության վիճակը ուսումնասիրելու համար: Ես մարզպետին տեղեկացրել եմ նաև, որ կոմբինատը հեռանկարային որևէ ծրագիր չունի: Եթե այսպես շարունակվի 1-2 տարի հետո այլևս հնարավոր չի լինի շահագործել Ճոճկանի պոչամբարը, որովհետև այն արդեն բերնեբերան լցվում է, իսկ ԼՀԿ-ն նոր պոչամբար կառուցելու ծրագիր չունի և կանգնելու է փաստի առաջ:
Լուրջ է նաև Շամլուղի բաց հանքի խնդիրը: Իմ տեղեկություններով հորատումները հատել են հանքի սահմանը և հասել են Շամլուղ համայնքի բնակչությանը պատկանող հողատարածքներին, որտեղ բնակելի տներ ու այգիներ են: Պարզ երևում է, որ 1-2 տարի հետո բաց հանքավայրից հանքային պաշարները նույնպես նվազելու են:
Նոր հանքավայր շահագործելու մասին ընկերությունը նույնպես չի խոսում, այն դեպքում, երբ Շամլուղի բաց հանքավայրի պաշարները վերջանալուց հետո ԼՀԿ-ի ունեցած փակ հանքերի 3 հորիզոնները չեն կարող տալ այնքան հանքաքար, որ ֆաբրիկան ամբողջ ծավալով կարողանա աշխատել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել