
Կիպրոսի թեմի առաջնորդը՝ Հայաստանի եւ օֆշորային սկանդալի մասին
Ճեպազրույց Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանի հետ
-Սրբազան, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկա վիճակը:
-Լավ չեմ տեսնում: Մենք գնացել էինք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, որտեղ հանդիպեցինք տեղի ժողովրդի, գլխավոր դպրոցների աշակերտների հետ: Ընդհանուր շրջապատը դիտեցինք՝ ճանապարհները, ջուրը: Պետությունը պետք է նաև եկեղեցու ճնշումով այդ շրջաններին շատ ավելի առավելություններ տա, որպեսզի ժողովուրդը, որն արդեն մտահոգ է, կարողանա իր մտահոգությունները նվազեցնել: Այդ ժողովուրդը գտնվում է թուրքի գնդակների տակ և էլեկտրականության խնդիր ունի, ապրուստի հարց ունի, դպրոցի հարց: Դպրոցները պետք է ձրի լինեն: Ընկերային կյանքի պարագայում պետությունը եկեղեցու օժանդակությամբ պետք է ավելի հարմար և դյուրին միջոցներ գտնի, որպեսզի չպարպվեն այդ շրջանները, որովհետև մեր սահմանն է: Եվ տեսնում եմ, որ ժողովուրդը երեք քառորդով արդեն պարպած է: Եթե այդպես շարունակվի, ապա այդ ծերերը՝ պապիկներն ու տատիկները, չեն կարող պաշտպանել մեր հայրենիքի սահմանը:
-Եվ Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն սխալները, որոնց պատճառով ստեղծվել է այդ վիճակը:
-Այդ բոլորը գիտեք՝ պետությունն է և պետության սխալ դիրքորոշումը հայրենիքի նկատմամբ: Այդ մենաշնորհները, որոնք տրվել են մարդկանց, պետք է առնել դրանց դեմը, և ժողովուրդը ազատ պետք է աշխատի: Որևէ մեկը, որ ապրում է հայրենիքում, ազատորեն պետք է աշխատի, բայց պարտավորություններ ունենա հայրենիքի հանդեպ՝ հարկային պարտավորություններ և այլ պարտավորություններ, բայց ազատություն պետք է ունենա: Անկախության իմաստը դա է, այլապես մեր ժողովուրդը կլքի հայրենիքը, և, ինչպես տեսնում եք, արդեն լքում է:
-Իսկ կիպրահայերի շրջանում քննարկվե՞լ է օֆշորային սկանդալը, որտեղ նշվում է նաև Նավասարդ Կճոյանի ներգրավվածությունը:
-Ոչ: Այդ երևույթից բնավ գաղափար չունեինք և չունենք: Ինչ որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք: Մենք չգիտեինք, որ մարդիկ այդպիսի գործեր են արել Կիպրոսի մեջ: Մենք ծանոթ չենք, թե ինչ գումարներ են եկել և դրվել դրամատների մեջ, որոնցից երկուսն արդեն սնանկացած են, և մարդիկ վնաս են կրել: Մեր եկեղեցին պահեստիկ գումարներ ուներ այնտեղ, և մենք նույնպես վնաս կրեցինք:
Կիպրոսի հայերն ընդհանրապես կապ չունեն մեր եկեղեցու կամ առաջնորդարանի հետ: Փոքր մասը, շատ հավատացյալ մասը եկեղեցի է գալիս, կապված է եկեղեցու հետ, բայց, դժբախտաբար, մեծ մասը կապված չէ եկեղեցու հետ: Երբեմն գալիս են պսակներ են անում: Այսօր շատացել են խառնամուսնությունները:
-Սրբազան, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բարձրաստիճան հոգևորականին: Կիպրոսում հանդիպումներ ունեցե՞լ եք նրա հետ:
-Ոչ մի անգամ... Ինձ մոտ եկել են Պոզապալյան սրբազանը, Մարտիկյան սրբազանը, վերջերս ինձ մոտ եղավ Եզնիկ սրբազանը, Պարգև սրբազանը, քահանաներ և այլն:
-Սրբազան, այսինքն՝ սփյուռքի մեր հոգևորականները չե՞ն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Հայաստանում, մասնավորապես, հոգևոր դաշտում:
-Հարցերը մենք այնպես ենք լսում, ինչ ասում է հեռատեսիլը, կամ անձերից, որոնց ասածները ես անձնապես չգիտեմ՝ ճի՞շտ են, թե՞ սխալ են: Այս հարցերը պետք է քննարկվեն երկուստեք: Մենք առիթ չենք ունեցել, կարծեմ, մեզ առիթ էլ պիտի չտրվի: Ես հոս եմ, և այդ ուղղությամբ խոսող չկա ինձ հետ:
-Չե՞ք կարծում, թե այդ հարցը պետք է դրվի Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում: Ինչո՞ւ չի քննարկվում օֆշորային սկանդալի հարցը ժողովին:
-Մեր ժողովը դեռ ժամանակ ունի: Մենք ունենք երկու գլխավոր հարց՝ սրբադասման օրակարգը և մկրտության խորհրդի հարցը: Առաջին նիստին հարց ունենք՝ եկեղեցին մարտահրավերների առաջ, որտեղ, եթե կգա հարցը, կգա, եթե չգա, չգիտեմ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել