
Ռոբերտ Քոչարյանի այցերը Ռուսաստան այլ պատճառներ ունեն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս կարծիք չի հայտնել Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների ցանկության մասին: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքը կհայտնի ողջամիտ ժամկետում: «Երկրորդ նախագահը կարծիք կհայտնի առաջիկայում: Հստակ ժամկետ, ցավոք, չեմ կարող ասել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Պատասխանելով այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը հաճախ է լինում Ռուսաստանում, արդյոք նրա այցերը կապ չունեն քննարկվող թեմայի հետ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ երկրորդ նախագահի այցերը Մոսկվա պայմանավորված է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստներին մասնակցելու հետ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդում անկախ տնօրեն է:
«Ռոբերտ Քոչարյանը առնվազն ամիսը մեկ անգամ մասնակցում է խորհրդի նիստերին, այդ այցերը դրանով է պայմանավորված»,- հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մաքսային միությանը միանալու թեմայով հանդիպումներ կամ քննարկումներ չի ունեցել ոչ ՀՀ, ոչ էլ ՌԴ իշխանությունների հետ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել