HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումներ Ռումինիայի տարբեր քաղաքներում

Մայրաքաղաք Բուխարեստից բացի, Ռումինիայի տարբեր քաղաքներում շարունակվում են Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումները: Ռոմանի, Բոտոշանի, Յաշի, Կլուժի, Կոնստանցայի եւ ռումինահայերով բնակեցված այլ քաղաքների համար այդ տոնը դարձել է ավանդաբար նշվող կարեւոր միջոցառումներից մեկը:

Անցյալ տարի Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքի քաղաքապետարանի ջանքերով սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ռումինիայի հայկական ընտանիքները ամեն անգամ ապացուցում են իրենց համերաշխությունը, եւ տեղական համայնքներում հայերը շատ հայտնի են» միջոցառումը: Միջոցառման շրջանակներում Բոտոշան քաղաքի նախկին քաղաքապետ Ֆլորին Սիմիոն Ենգերը ընդհանուր գծերով խոսեց Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության, 1991թ. տեղի ունեցած անկախության հանրաքվեի, ինչպես նաեւ հայ-ռումինական ներկայիս հարաբերությունների մասին:

Հաջորդ օրը բուն Բոտոշան քաղաքում Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումը սկսվեց տեղի հայկական եկեղեցում մատուցված պատարագով, որին հաջորդեց 22 տարվա վաղեմություն ունեցող թերթերի եւ փաստաթղթերի ներկայացում: Տեղի մարզային գրադարանում կազմակերպվեց նաեւ «Հայերը. Մի ազգի ճակատագիր» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում այցելուները տարբեր գրքերի, թերթերի, փաստաթղթերի եւ լուսանկարների միջոցով հնարավորության ստացան ծանոթանալ Հայաստանի եւ ռումինահայ համայնքի պատմությանը:

Ռումինիայի հյուսիսային Յաշ քաղաքում Հայաստանի Ազգային տոնին նվիրված եռօրյա միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 24-ին` տեղի «Վասիլե Պոգոր» գրականության թանգարանում կազմակերպված «Ճանապարհ Հայաստանի միջով» լուսանկարների ցուցահանդեսով: Երեկոյան Յաշի «Ապոլլոնիա» համալսարանում Ռումինիայի Հայոց միության Յաշի մասնաճյուղի եւ դոկտոր, պրոֆեսոր Մարիչել Հակոբի ջանքերով տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված ՀՀ Անկախության օրվան:

Հոկտեմբերի սկզբին մշակութային միջոցառումներ են ծրագրված Կլուժում եւ Կոնստանցայում: «Տրանսիլվանիայի հայկական արհեստները» խորագրով միջոցառումների շրջանակներում Կլուժ քաղաքում Ֆլաուտո Դոլչե խմբի կողմից կմատուցվի Տրանսիլվանիայի հին հայկական երաժշտության համերգ, ինչպես նաեւ կներկայացվի 19-20-րդ դարերի տրանսիլվանահայ հայտնի պատմաբան եւ հունգարալեզու «Armenia» հանդեսի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոթի «Հունգարիայի հայերի ազգագրությունը 1903թ.» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կոնստանցայում ծրագրվում է գրական-գեղարվեստական երեկո ռումինահայ ճանաչված գրող եւ հրապարակախոս Պետրոս Խորասանջյանի մասնակցությամբ: Տեղի տիկնիկային թատրոնում կներկայացվեն հայկական ազգային պարեր ռումինահայ «Վարդավառ» պարային խմբի մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter