HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եպիսկոպոսաց ժողովը փակվեց

Սեպտեմբերի 24-ից 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:

Մայր Տաճարում Առավոտյան ժամերգությունից հետո Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով:

Ժողովի բացման արարողությանը եպիսկոպոսաց դասին ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը: Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներին իրենց պատգամը փոխանցեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Եպիսկոպոսաց դասին ժողովի առիթով իր խոսքն ուղղեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Բացման արարողության ավարտին կազմվեց ժողովի դիվանը հետևյալ կազմով. ատենապետներ` Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան և Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյան, ատենադպիրներ` Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյան և Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան, ապա անցավ օրակարգի հարցերի քննությանը:

Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Այս առնչությամբ Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցներ ներկայացրեցին հանձնախմբի համաատենապետներ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ եպիսկոպոսաց ժողովը որոշեց.

ա. որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը,

բ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար,

գ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:

Սեպտեմբերի 25-26-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Զեկույցներ ներկայացրեցին հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Համակողմանի քննարկման արդյունքում ժողովը ընդունեց Ս. Մկրտության  և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր: Քննարկման նյութ դարձան Ս. Մկրտության խորհրդի հետ առնչված հարցերի ուղեցույցը և Ս. Մկրտության խորհրդի խրատական-ուսուցողական ձեռնարկը, որոնց առնչությամբ Ծիսական հանձախմբին հանձնարարվեց շարունակել լրամշակման աշխատանքները: Կարևորությամբ քննարկվեց նաև Հայ Եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը և այլ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն նկատվեց հավելյալ ուսումնասիրությունների:

Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցու այժմեական մարտահրավերներին: Այս մասին զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին:

Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:

Ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհունակությամբ արձանագրեց ժողովի արդյունավետ ընթացքը և երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին` Մայր Աթոռում եպիսկոպոսաց եղբայրական սիրով համախմբման հնարավորության համար:  Ժողովականները կարևոր նկատեցին եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ Հայ Եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածի տեղեկատվական համակարգը, եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվեց գումարել 2014 թվականի աշնանը:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով:

Մեկնաբանություններ (1)

john
ՈՒ ՎԵ՞ՐՋ...ԷԴՔԱՆ ԲԱ՞Ն... «ՀԱՄԼԿԵՄ»ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆ ԻՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵՑ ԿՈՆԳՈՅԻ ՄԱՐՏՆՉՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ...» ԻՆՉ ՆՄԱՆ Է,ՉԷ՞...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter