Խնկի ծառեր
Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով: Այդպես է սովորեցրել պապս: Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ: Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով: Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից` զույգ դաշույններ: Նա սև այծենակաճը ետ է տարել ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն: Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են միմ քանի ցաքուցրիվ խրճիթներ: Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն: Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչև գոմերը, ու գարունը նոր է բացվել: Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ` հեռանալը: Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ:
Խեչոն` իր հողատարածությունների շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքև փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչև որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել:
Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է:
Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ է ինել»: Գետերի երկայնքով տներ է կառուցել` քարից ու կաղնուց, իրար կպած թևթևի: ՈՒ պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները` իրարու հասնեն:
Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ:
Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել: Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել: Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե. «Քոչարին ռազմական պար է»,- ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում և հիշեք` Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»:
Մեր ջրաղացից գնացող ջուրը գյուղը բաժանում է երկու մասի: Մի ափին սակավաբեր հողերում բնակություն են հաստատում Չարդախենք, մյուս ափին` վրացիք, Խուրջականենք: Խեչոյենք ու Չարդախենք որոշում են եկեղեցի կառուցել, բայց վեճ է առաջանում. ոչ մեկը չի ցանկանում իր հողատարածություններից զիջել: Ու պապս որոշում է մեր ազգով իր բաժին հողամասում եկեղեցին կառուցել: Երբ եկեղեցին պատրաստ է լինում, Չարդախենց Օնեսը, որպեսզի գյուղի առաջ ամոթով չմնա, իր տոհմով գետի վրա գեղեցիկ, զույգ կամարներով կամուրջ է գցում: Գետի մյուս ափին եկեղեցի են կառուցում նաև Խուրջականենք: Եվ գյուղն ունենում է երկու եկեղեցի: Պապիս ու Չարդախենց Օնեսի վեճն էլի շարունակվում է` թե իրենցից ով է լինելու տանուտեր ու իրար հետ չեն խոսում: Գյուղի տանուտեր է դառնում Խուրջականենց Օրեստին:
Պապս օրվա կեսին բարձրանում էր ջրաղացի կտուրը ու ձայն տալիս տան կողմը.
-Աղչի Հայկուշ, ի՞նչ ես եփել, գալիս եմ ճաշի:
-Ձուգ, ձուգ, Գիգոլը մուրծա էր բերել:
Պապս տարուբերում էր գլուխն ու ասում.
-Էցքիրե է, ամ մամա ձաղլս :
Գյուղացիք լսել են, որ Օնանն այդ ժամին ճաշի է գնում, գնացել են ու փոցխ ու եղան են խնդրել, իսկ պապս նրանց ցորենի մաքուր օղի է հյուրասիրել թարմ մուրծայի հետ:
Պապս հավաքում է եղբայրներին ու շռշռանի ներքևի մասում մի տուն կառուցում իրենից փոքրի` Գիգոլի համար: Երբ ջրաղացքարը մաշվում էր, կանգնեցնում էին մի տասն օրով, որպեսի զինգեն: Հավաքվող ջուրը ջրաղացից մի քիչ վերև հատուկ տեղ ուներ, երբ թողնում էին, հսկայական քարերի միջով շռշռալով իջնում էր ցած, Գիգոլի նորաշեն տան առջևով: Իսկ հետո, երբ քարը զինգվում էր, նորից շռշռանի ջուրը փակում էին, ու ցամաքած հունի քարերի մեջ շատ ձուկ էր լինում:
«Թող ձուգն էլ մերը լինի, անտեր չփչանա»,- ասել էր պապս:
Մարգարը` Գիգոլից փոքրը, ապրում էր մեզանից քիչ վերև, գետի մյուս ափին: Երկուստեք խռովություն կար: Մարգարի քիթը կախ էր, որ իրեն թեք դիրք ունեցող հողատարածություն էր բաժին ընկել: Ջրելուց` ջուրը կլկլալեն վազում էր ու չէր ջրում ու ամեն տարի եղբայրներից քիչ բերք էր ստանում: Մերոնց քիթն էլ կախ էր, որ Մարգարը վրացի կին էր առել, առանց պապիս հետ խորհրդակցելու:
Մենք էլ նրանց կողմերը չէինք գնում: Մեզ պատմել էին, որ Մարգարենց ծառերի տակ մարդագել կա: Մարդագելի գոյությունը մեր վտիտ մարմինները այնքան պահեց սարսափի մեջ, մինչև որ մի օր Տիրան հորեղբորս տղան` Սերոբը, Մարգարի խորթ աղջկա հետ կտուր բարձրացավ:
Մարգարը ոչ սատանային էր հավատում, ոչ էլ` Աստծուն: Պապս երբ եկեղեցի է կառուցել, Մարգարն ասել է. «Իզուր գործ է, փողերը պահի, մեծ ընտանիք ենք, պետք կգա: Աստվածս ո՞րն է»:
Դրանից հետո, որպեսզի սատանայի լինել-չլինելն էլ իմանա, ամբողջ մի տարի թափառում է գյուղի սար ու ձորում, այն հավանական տեղերում, որտեղ հնարավոր էր հանդիպել չար ոգուն: Տեսնում է, որ սատանա էլ չկա, մի օր էլ…մարդ է սպանում:
Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վվիճում են, թե իրենցից ու՞մ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու: Մեր տեր-Հակոբը և ուփալո–Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը` ավելի վերև: Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում: Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո–Լոմոյին: Մարգարն ասում է. «Տեր-Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև-ներքև չկա»:
Տեր-Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում: Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո–Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից` որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում:
Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր-Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք:
...Եվ քսանհինգ տարի Մագադանում պատիժը կրելուց հետո, Թբլիսիով եկավ գյուղ, հետը բերելով թոփալ Զեքալին, նրա աղջկան և օժիտը` ամբողջ գյուղի համար հրաշք ՙԶինգեր՚ կարի մեքենան:
Երբ գյուղի կանայք հավաքվում են տեսնելու այդ կարող «երկաթե մարդուն», Զեքալը հայրենախառն վրացերենով բոլորին պատվիրում էր գլխաշորով բերանները փաթաթել, որպեսզի գոլորշի չիջնի մեքենայի վրա: Մեր հարսները, ամբողջ մի ամիս, տատիս պատմում էին.
-Կտորը դնես բերանին, կարելով կերթա:
Երբ արդեն գյուղի ամենավերջին մանուկն էլ տեսավ նրանց կարի մեքենան, լռեցին, ջրհորների մոտ, կալերում էլ չխոսեցին, չզարմացան, մոռացան Մարգարին էլ, Զեքալին էլ, նրանց կարի մեքենան էլ:
Ապրեցին, ապրեցին, ու հանկարծ Մարգարը ձանձրացավ: Նա մտածում էր նավաստի դառնալ ու աշխարհի բոլոր ծովերը ծայրից ծայր լողալ: Մի չիրականացած, կիսատ նպատակ էլ ուներ` գրել «Դոն Կիխոտ»-ի շարունակությունը: Վեպի շարունակության սյուժեն ու գաղափարը նա արդեն բանտարկության քսանհինգ տարիներին գիշեր ու ցերեկ մտքի մեջ խնամքով շարադրել ու գրել էր: Միայն թե այս անհետաձգելի խնդիրը թողել էր հետագային` անքուն գիշերներին իր նավախցում գրելուն: Երկար ժամանակ գլուխ էր ջարդում` նավին հասնելու, նպատակն իրականացնելու վրա: ՈՒ վերջապես մի օր միջոցը գտավ: Զեքալի «Զինգեր» կարի մեքենան ամբողջովին քարուքանդ արեց: Եվ «Զինգերի» վրա աշխատելու պահին մեզ պատմում էր, թե ինչպես է բանտից փախել` ամբողջ Խաղաղ օվկիանոսը ծայրից ծայր լողալով:
Ասում էր. «Ամբողջ մի տարի գուլպաներս ոտքերիցս չհանեցի, քրտինքի ու բորբոսի գարշահոտը բերդը ծայրից ծայր բռնել էր: Մի օր էլ, երբ պարեկ զինվորների հսկողությամբ տարան հերթական զբոսանքի, ի՞նչ անեմ, որ լավ լինի…»: Մարգարը խուզարկու հայացքով նայում էր մեր աչքերի մեջ. «Գլխի չե՞ք ընկնում, դե ուրեմն լսեք` գուլպաներս հնեցի, ու ինչպես ռումբն են նետում, նետեցի պարեկների շարքերի մեջ, սրանք գարշահոտից գլորվեցին գետին, քթները բռնած թպրտում էին և մինչև իրենց դեղնակտուց կապիտանի հրամանով հակագազեր կբերեին, ես արդեն ծովում լող էի տալիս…Պատմածիցս գոնե մի բան հասկացա՞ք»: Հիացմունքով գոռում էինք, որ հասկացել ենք, Մարգարն ընդհատում էր. «Բան էլ չեք հասկացել, կարևորը փախչելը չէ, կարևորը մտածելն է, գլխավորը փախչել կարողանալու հնարն է և բանտարկության տարիներին հաղթելն է..հասկացա՞ք»:
Ոչինչ չհասկացած, վախեցած նրա ինքնամոռաց ելույթից, գլխով դրական շարժում էինք անում, որ հասկացել ենք: Նա ձեռքը զայրացած թափ էր տալիս քթներիս առաջ. «Ոչինչ էթլ չեք հասկացել…»:ՈՒ գնում էր, մտածկոտ ետ գալիս. ՙՏո, շան լակոտներ, ի՞նչ է, ինձ համա՞ր եմ պատմում: Ես արդեն փախել, պրծել եմ, ծո, մի հատ գլխներիդ զոռ տվեք, բա էդ ո՞նց է, որ ես էդ գուլպաներով ման էի գալիս ու ինքս չէի խեղդվում՚: Հիացած գոռում էինք` ճիշտ է: «Ճիշտ է», միայն ով ինչ ասի` կհաստատեք: Դե լսեք: Որպեսզի դիմանայի գուլպաներիս հոտին, ինձ հարկավոր էր իմունիտետ ձեռք բերել, դրա համար էլ ամբողջ մի տարի ոտքերիցս չհանեցի…հասկացա՞ք»:Ս Ասացինք, որ հասկացել ենք, բայց մեր գյուղում իմունիտետ բառը նույնիսկ գրագետ ուսուցիչները չէին օգտագործում…Մենք չէինք հարցնում իր քսանհինգ տարվա պատիժը կրելու և հակասական փախուստի մասին, քանի որ նրա պատմած փախուստը մեր երևակայության նման գունավոր էր: Երբ պատահաբար պապիս պատմեցինք, թե Մարգարն ասում է. «Խաղաղ օվկիանոսով ենմ փախել», պապս ասաց.«Ինչ մեծ բան է արել որ, երբ ջրերը խաղաղ լինեն, վեվ ըսես չի փախնի»: Ասաց. «Էդ սարսաղին ըսեք որ օրական ութ ժամ էդ աէրոպլանի վրա կորցնելուն, թող հանդի էն բարձր տեղից օրական ութ խերձալ հող տանի ցածր տեղը. հանդն էլ կդզվի, իր քթի ջուրն էլ չենք քաշի»:
Մարգարը մի սովորություն էլ ուներ. գետի երկայնքով ման էր գալիս ու չեչաքարեր էր որոնում: Ուրբաթ օրերին նա իր ձեռքերից տաք ու օտար արյան հոտ էր առնում: Տխրում էր մահացած ուփալո-Լոմոյի համար և շաբաթվա այդ օրն անընդհատ լվացվում էր, ձեռքերն այնքան էր քսում չեչաքարերին,, մինչև որ արյունոտվում էին, ազգայանում: Ու դեպի մեր ջրաղացը հոսող գետն ուրբաթ օրերին կարմիր էր լինում: Իսկ ջրածիծառները, սարսափած տաք գույնից, այդ օրերին չէին թռչում գետի վրայով, խցկվում էին պատի անցքերի մեջ ու լռում մինչև հաջորդ առավոտը: Չնայած Խաղաղ օվկիանոսով նրա փախուստի պատմության նկատմամբ պապիս թերահավատությանը, Մարգարը մեզ համար մնաց որպես անծայրածիր ծովեր հաղթահարող Մարգար:
Վիպակն ամբողջությամբ` այստեղ:
Մեկնաբանել