
«Աութսայդեր» Պավլիկովսկին եւ առանց կոնտեքստի ռեժիսորը
«Արվեստի բոլոր ճյուղերն են գնալով ավելի ու ավելի վատը դառնում, միայն ֆուտբոլն է, որ գնալով ավելի լավն է դառնում: Գլոբալիզացիան լավ է ազդում ֆուտբոլի վրա», -ասում է բրիտանացի ռեժիսոր եւ խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Պավել Պավլիկովսկին իր վարպետության դասի հանդիսատեսին:
Պավել Պավլիկովսկուն միջազգային ճանաչում բերեց «Իմ սիրո ամառը» ֆիլմը, որը նա նկարեց 2004 թվականին: Ֆիլմը 2005-ին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում բրիտանական կինոակադեմիայի կողմից արժանացավ Ալեքսանդր Կորդայի մրցանակին:
14 տարեկանում ռեժիսորը Լեհաստանից տեղափոխվում է Անգլիա: Այնտեղ նա որոշ ժամանակ աշխատում է BBC հեռուստաընկերությունում: Դա մի ժամանակ էր, երբ իր գլխում ծնվող բոլոր գաղափարների իրականացման համար BBC-ն գումար էր հատկացնում:
Իր առաջին ֆիլմը «Twockers»-ն էր, որը պիտի լիներ վավերագրական ֆիլմ, սակայն իրականում հորինված սյուժե ուներ: Այն սկանդալ առաջացրեց, չնայած հետո աշխատանքի այդ մեթոդը ուրիշները սկսեցին օգտագործել: «Երբ վերցնում եք իրականությունից մի հատված, եւ ֆիլմում հնարքներ եք փնտրում, թե ինչպես անցնել այդ իրականության միջով»,- այդ փորձի մասին ասում է Պավլիկովսկին: Այսօր արդեն ռեժիսորը զբաղվում է միայն գեղարվեստական կինո նկարելով:
Հիմա Պավլիկովսկին հիմնականում աշխատում է Անգլիայում: Անգլիական կինոյի մասին նա ասում է, որ այն հարուստ է այնպիսի կերպարներով, որոնք ինչ-որ սոցիալական խավեր են ներկայացնում, օրինակ` աշխատավորներին: Դա շատ շուտ դառնում է մեխանիկական մի բան: «Իմ կերպարները հակասական են, նրանք երկու բան են ուզում, որոնք անհամատեղելի են: Ես հաճախ ֆիլմեր եմ նկարում սիրո մասին մի աշխարհում, որտեղ իրերն այլ կերպ են դասավորված, որտեղ մարդիկ իրար չեն վստահում, որտեղ դժվար է գտնել այն, ինչ հոգիդ տենչում է»:
Ոմանք ասում են, որ իր գեղարվեստական ֆիլմերը նման են վավերագրության, իսկ իր վավերագրական ֆիլմերը նման են գեղարվեստական ֆիլմերի: Պավլիկովսկու ֆիլմերում միշտ ներկա է վավերագրության background-ը, որից սովորություն է ձեռք բերել արձագանքել այն ամենին, ինչ որ կա այդ պահին օդի մեջ: Նա իրեն ազատություն է տալիս շատ հաճախ հեշտությամբ նկարահանումների ընթացքում փոփոխություններ մտցնելու տեսարաններում:
«Ես որպես ռեժիսոր փորձում եմ շատ չմտածել: Ես անում եմ այնպիսի ֆիլմեր, որոնք ես ինքս որպես հանդիսատես կուզենայի տեսնել»,- ասում է նա:
Այսօր այնքան շատ են ֆիլմեր նկարում, որ շատ դժվար է գտնել որտեղ է լավ կինոն: Պավլիկովսկու կարծիքով ամենակարեւորն այն է, որ ֆիլմի հետեւում երեւա հեղինակը, ով ինչ-որ բան է ուզում ասել, այլ ոչ թե ձեւացնի, որ ինքն ուզում է կինո նկարել: «Ֆիլմերի մեծ մասը նկարում են, որպեսզի ուղղակի ֆիլմ նկարած լինեն»,- կարծում է նա:
Ռեժիսորին հետաքրքիր են այն դերասանները, ում մեջ ինչ-որ պարադոքս է տեսնում, դեմքի մեջ, բնավորության մեջ, որը միանգամից պարզ չի դառնում: «Կան դերասաններ, ում դեմքից զգացվում է, որ նա մի հետաքրքիր պատմություն ունի: Բայց դերասանների 90 տոկոսն այնպիսի դեմք ունի, որ միանգամից ամեն ինչ պարզ է դառնում»,- ասում է նա ապագա դերասաններին:
Ամեն կինո Պավլիկովսկու համար մի արկած է, ամեն կինո իր ճանապարհն ունի: Նա չի սիրում, եւ անգամ չի կարողանում նկարել ինդուստրիալ ֆիլմեր: Նա շատ երկար ժամանակ է օգտագործում` փնտրելով բնապատկերներ իր ֆիլմերի համար: Ամեն ֆիլմ նկարահանելուց մոտ 2 ամիս առաջ ճամփորդում է, լուսանկարում, նաեւ երկար փնտրում է դերասանների, եւ մի քանի անգամ վերամշակում է սցենարը, որպեսզի ամեն ինչ օրգանապես իրար հետ համընկնի:
Ռեժիսորի խոսքերով իր վրա մեծ ազդեցություն է թողել հատկապես չեխական «նոր ալիքը», Միլոշ Ֆորմանը, Սկորսեզեի եւ Տեռենս Մալիկի առաջին ֆիլմերը:
«Ես միշտ ինձ համարել եմ «աութսայդեր», իմ ճակատագիրը դա է: Անգլիան իմ երկիրը չէ: Ես շատ եմ նախանձում այն ռեժիսորներին, ովքեր հնարավորություն ունեն աշխատելու իրենց հողի վրա: Ես դաստիրակվել եմ մի կինոյի վրա, որը փոխաբերական իմաստով ասած, աճում է իր հողի վրա, երբ ֆիլմն ունենում է շատ կոնկրետ կոնտեքստ: Ես այդ կոնտեքստը երբեք չեմ ունեցել: Դա իմ թույլ կողմն է, եւ հավանաբար նաեւ իմ ուժեղ կողմը: Ինձ համար նորմալ մի վիճակ է լինել մարդ ոչ մի տեղից: Անգամ եթե էմոցիոնալ կերպով կապված եմ Լեհաստանի հետ, ես Լեհաստանի քաղաքացի եմ, բայց ոչ որպես արվեստագետ: Ֆուտբոլում ես երկրպագում եմ Լեհաստանի թիմին: Չնայած դա ինձ արդեն չի խանգարում, ես դրանում իմ ճակատագիրն եմ տեսնում»,- ասում է Պավլիկովսկին:
Մեկնաբանել