
Գլխավոր դատախազի թեկնածու. «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է»
«Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա նաև ընդգծեց, որ իր կարծիքով՝ գլխավոր դատախազը չպետք է լինի որևէ կուսակցության անդամ: Կոստանյանն իր 20-րոպեանոց ելույթում մերթընդմերթ շեշտում էր իր սկզբունքները, զինդատախազի պաշտոնում իր փորձը: Նա նաև նշեց, որ ինքը պատիվ ունի 2004 թ.-ից զբաղեցնել կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում, որտեղ ներկայացնում է պետության շահերը:
«Եվ մինչ այս պահը Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությանը վերաբերող 42 վճիռներում արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս կամ կամ այն հոդվածի խախտում: Ընդ որում՝ այդ նշված վճռներից 36-ում խախտում է արձանագրվել 5-րդ և 6-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են արդար դատաքննությանը և անձի ազատության անձեռնմխելիության իրավունքին: Կարծում եմ՝ սա մտահոգիչ ցուցանիշ է: Այս գործերից յուրաքանչյուրում արձանագրված խախտումը կարող էր չլինել, եթե արդարադատություն իրականացնող համակարգն ամբողջությամբ գործեր առավելագույնը օրենքի պահանջներով»,- նշեց Գ. Կոստանյանը:
Զինդատախազը ներկայացրեց նաև զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրությունը, ըստ որի՝ 2010 թ. արձանագրվել է 43 մահվան դեպք, 2011 թ.՝ 35, 2012 թ.` 29, 2013 թ. 1-ին կիսամյակին՝ 14 դեպք:
«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում նվազել են: Կարևոր է փաստել նաև, որ 2012 թ. ընթացքում զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011 թ.-ի համամետ նվազել են շուրջ 21 %-ով, իսկ 2010 թ.-ի համեմատ՝ ավելի քան 30 % -ով, այսինքն՝ փաստ է, որ մենք ունենք հանցագործության կայուն նվազման միտում,»,-նշեց Գ. Կոստանյանը:
Զինդատախազը, դիմելով պատգամավորներին, ասաց, թե իրականում անհրաժեշտություն կա վերանայել արդարադատության համակարգը, և որ հանցագործությունների դեմ անհնար է պայքարել միայն 20-րդ դարի մեթոդներով: Ըստ նրա՝ այս պահին լուրջ խնդիր կա քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հետ կապված:
Մեկնաբանել