
Արամ Մուղալյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. «Պատրաստ եմ թեկուզ արյան գնով հասնել արդարության»
Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, անազատության մեջ գտնվող Արամ Մուղալյանն արդեն 4 օր է՝ հացադուլ է հայտարարել, իսկ այսօր դիմել է նաեւ ծայրահեղ քայլի` հայտարարել է նաեւ ջրադուլ:
Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:
Արամի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը` Վահե Խալաթյանի նախագահությամբ եւ գործով մեղադրողներ` Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը անհարկի ձգձգում են նիստերը եւ չեն անդրադառնում տղաների պաշտպանների միջնորդությանը՝ նրանց ազատել գրավի դիմաց:
Դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա հոկտեմբերի 7-ի նիստում: Արամի մայրիկի ասելով` դատավորը պատրաստ էր հենց վաղը նիստ հրավիրել եւ անդրադառնալ միջնորդությանը, սակայն մեղադրողները դեմ են եղել եւ ասել են, թե իրենց հարմար չէ օրը:
Վարդուհի Շափաղաթյանը նշում է, որ այս ձգձգումը արհեստականորեն է արվում եւ երկու մեղադրողներից գոնե մեկը կարող էր լինել նիստին, իսկ թե ինչու են այդ գործելաոճը որդեգրել` անհասկանալի է:
Այսօր Արամի ծնողները որդուց նամակ են ստացել, որ հացադուլն ու ջրադուլը իր միակ ընտրությունն է եղել եւ «պատրաստ է թեկուզ արյան գնով հասնել արդարության»: Ի դեպ, Արամը նամակը գրել է անգլերենով, իսկ թե ինչու` դժվար չէ կռահելը. որպեսզի այն հասնի հասցեատիրոջը:
Նշենք, որ Արամի համար անձնական երաշխավորությամբ հանդես են եկել տարբեր բնագավառի հայտնի մարդիկ, այդ թվում` պատգամավորներ, սակայն դատարանն անդրդվելի է:
Վարդուհի Շափաղաթյանի խոսքերով` փաստաբանները եւս վստահ են, որ դատարանը մերժելու է գրավով ազատելու միջնորդությունը, որովհետեւ Հայաստանում դատարանները նման պրակտիկա են ընդունել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Արամ Մուղալյանն իր ընկերների հետ այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:
Վաղը Արամի փաստաբանը հանդես է գալու մամուլի ասուլիսով:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել