
ԵՄ-ից Հայաստանի ներկրումները նվազել են, իսկ ՄՄ-ից՝ աճել
Հայաստանի՝ Եվրամիության եւ Մաքսային միության հետ ապրանքաշրջանառության մասին «Հետքն» արդեն գրել է: Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք 2010-2011 թթ. ցուցանիշները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դեպի ԵՄ արտահանումները շուրջ 40 տոկոսով գերազանցել էին դեպի ՄՄ արտահանումներին: Բայց Ռուսաստանից կատարված գազի ու հացահատիկի ներկրման հաշվին ՄՄ-ից ներմուծումները 75 տոկսով ավելի էին ԵՄ-ից կատարվածներին: Այդքանով հանդերձ՝ եվրոպական ներկրումները (նաեւ արտահանումները) դոլարային արժեքով ավելի թանկ են եղել ՄՄ-ից ներմուծումներից:
Պատկերը չի փոխվել նաեւ 2012 թ.: Հայաստանը դեպի Եվրամիության երկրներ շարունակել է արտահանել հանքային հումք: Խոսքը «հանքաքար, խարամ եւ մոխիր» ապրանքախմբի մասին է, որն առաջատար է եղել նաեւ նախորդ տարիներին: Մեր երկիրը անցյալ տարի ԵՄ է ուղարկել այս խմբի 111.738 տ ապրանք, ինչը կազմում է ամբողջ տարվա արտահանումների 79 տոկոսը: Իսկ նշված հումքի գլխավոր ներկրողները եղել են Բուլղարիան, Շվեյցարիան, Իսպանիան, Բելգիան, որոնք ՀՀ-ի ակտիվ գործընկերներ են եղել նաեւ նախորդող տարիներին: Երկրորդ տեղում «պղինձ եւ իրեր դրանից» խումբն է (9.897 տ): Պղնձի հիմնական ներկրողները Բելգիան ու Գերմանիան են: «Սեւ մետղաներ» ապրանքախմբում (6.864 տ) էլ հայաստանյան արդյունաբերողները գործակցել են գլխավորապես գերմանացիների եւ հոլանդացիների հետ:
Իրավիճակը գրեթե նույնն է նաեւ ԵՄ-ից ներկրումների ոլորտում: ԵՄ-ն մեզ համար շարունակում է մնալ իբրեւ հանքային վառելիքի գլխավոր աղբյուր: «Հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախմբի մեջ (144.134 տ) պետք է նախեւառաջ առանձնացնել բենզինը, կերոսինը, դիզելը, որի գլխավոր արտահանողներն են կրկին Ռումինիան եւ Բուլղարիան: Ավտոարդյունաբերության համաշխարհային առաջատարներից Գերմանիան էլ «վերգետնյա տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմը), դրանց մասեր եւ սարքավորումներ» խմբի (35.934 տ) թիվ մեկ արտահանողն է: Անցյալ տարի Հայաստանը ԵՄ-ից ներկրել է նաեւ «սննդարդյունաբերության մնացորդներ, պատրաստի անասնակեր» խմբի 14.742 տ արտադրանք, իսկ գլխավոր մատակարարները եղել են Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:
2012 թ. |
Արտահանում (տոննա-դոլար) |
Ներկրում (տոննա-դոլար) |
||
ԵՄ |
139.793 |
511.604.600 |
333.149 |
1.124.378.000 |
ՄՄ, այդ թվում՝ |
128.385 |
289.783.400 |
2.191.814 |
1.099.901.700 |
Ռուսաստան |
125.687 |
279.109.000 |
2.148.435 |
1.057.416.400 |
Ղազախստան |
1.134 |
3.964.100 |
33.335 |
8.896.500 |
Բելառուս |
1.564 |
6.710.300 |
10.044 |
33.588.800 |
2012-ին դեպի Մաքսային միություն կատարած արտահանումների առյուծի բաժինը, ինչպես միշտ, բաժին է հասել Ռուսաստանին: Անցյալ տարի ՀՀ-ն ՌԴ է ուղարկել «ոգելից եւ ոչ ոգելից ըմպելիքներ եւ քացախ» խմբի 61.485 տ ապրանք, ինչը կազմում է դեպի Ռուսաստան արտահանումների 48 տոկոսը: Շեշտենք, որ խմիչքի արտահանումն աճել է 2010-2011 թթ. համեմատ, սակայն փոխարենը նվազել է դրա տեսակարար կշիռը ընդհանուր արտահանումների մեջ, ինչը հետեւանք է ՀՀ-ից դեպի ռազմավարական դաշնակիցը կատարած արտահանումների մեծ աճի: Մասնավորապես, եթե 2010-2011 թթ. ՌԴ ենք ուղարկել 154.216 տոննա ապրանք, ապա միայն անցյալ տարի արտահանումները անցել են 125.000-ից: Ռուսաստանը մեծ շուկա է նաեւ հայկական մրգերի համար. ունեցել ենք «ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղեւներ եւ կլեպներ» խմբի 24.004 տ արտահանում: Եթե նախորդող տարիներին Հայաստանը հյուսիս էր ուղարկում մեծ թվով իրեր քարից, գիպսից, ցեմենտից եւ նման նյութերից, ապա 2012-ին բնույթը մի քիչ փոխվել է: «Աղ, ծծումբ, հող եւ քար, սվաղման նյութեր, կրաքար եւ ցեմենտ» խմբի 10.797 տ ապրանք է փոխադրվել Ռուսաստան, ինչը երրորդ ցուցանիշն է ՄՄ-ի մասշտաբով:
Այժմ տեսնենք, թե ինչ ենք ներկրել Մաքսային միության մեր ապագա գործընկերներից: Անշուշտ, առաջին տեղում եղել եւ մնում է ռուսական գազը: Կապույտ վառելիքն ընդգրկված է «հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» խմբում (1.521.919 տ): Սա կազմում է ՌԴ-ից ներմուծումների 70 տոկոսը: Հիշեցնենք, որ 2010-ին այս խմբի տեսակարար կշիռը կազմում էր 69 տոկոս, իսկ 2011-ին՝ 77: Հայաստանը շարունակում է մնալ նաեւ ռուսական հացահատիկի ներկրող (475.480 տ): Ընդ որում՝ 2010-ի եւ 2011-ի համեմատ աճել են թե գազի, թե հացահատիկի ներմուծումները: Մաքսային միությունից կատարված երրորդ ամենամեծ ներկրումը եղել է Ղազախստանից, որը նույնպես հացահատիկի շտեմարան է, չնայած համեմատելի չէ Ռուսաստանի հետ: Անցյալ տարի մեր երկիր է մտել 33.121 տ ղազախական հացահատիկ:
Եթե համեմատենք 2012-ի պատկերված աղյուսակը 2010-ի եւ 2011-ի նմանատիպ աղյուսակների հետ, ապա կտեսնենք, որ ՀՀ-ի արտահանումները ԵՄ եւ ՄՄ աճել են, ինչը վերաբերում է նաեւ ՄՄ-ից ներկրումներին: Փոխարենը նվազել են ԵՄ-ից ներմուծումները (2011-ի համեմատ՝ 19 տոկոսով):
Թե պատկերն ինչպիսին կլինի առաջիկա մեկ-երկու տարիներին, մեծապես կախված կլինի Մաքսային միությանը մեր երկրի ինտեգրումից:
Մեկնաբանել