HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Փասիանի որսորդը» ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 4-ին

Հոկտեմբերի 4-ին տեղի է ունենալու Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմի պրեմիերան: Կարճամետրաժ (24 րոպե) կատակերգական դրաման Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանվող «Կիսալուսնի ծովածոց»-ը լիամետրաժ խաղարկային ֆիլմի «Աշուն» հատվածն է:

Ռեժիսոր Մ. Զաքարյանի խոսքերով` իր ֆիլմը տարբերվում է Վ. Սարոյանի գործերի` նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին: 

Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը: 

Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Վերջինիս հիմնադիր ռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք նպատակ ունեն առկա թեկուզ սահմանափակ ռեսուրսներով, սակայն միջազգային չափանիշներին համապատասխան ֆիլմեր ստեղծել: Պետք է ստեղծել այնպիսի ֆիլմեր, որոնք կսիրվեն տեղի հանդիսատեսի կողմից, սակայն կկարողանան գրավել նաև միջազգային շուկան: 

Կինընկերությունն այժմ աշխատում է «Լուսավոր շրջան» (ռեժիսոր Հովհ. Գալստյան) և «Կիսալուսնի ծովածոց» (ռեժիսոր Մարինե Զաքարյան) ֆիլմերի վրա: «Լուսավոր շրջան» կինոնախագիծը դեռևս 2012 թ.-ին ներկայացվել է Կաննի փառատոնին, սակայն նախատեսվում է ֆիլմը ավարտին հասցնել 2015 թ.-ին: Նախագծի պրոդյուսեր Կարեն Ծատուրյանի խոսքերով` ստեղծվող ֆիլմերը պետք է կարողանան ապահովել նաև տեխնիկական միջազգային չափանիշները, որպեսզի մտնեն մեծ շուկա: Խնդիրն այն է, որ հայկական արտադրության մի շարք ֆիլմեր մասնակցում են տարբեր փառատոների, անգամ մրցանակներ շահում, բայց չեն կարողանում միջազգային կինոշուկա մտնել: 

Կինընկերությունը, որն աշխատում է միջազգային կինոկառույցների հետ, նպատակ ունի զարգացնել կապերը արտերկրի դիստրիբյուտորների հետ: Ասուլսի ժամանակ Skype միջոցով տեսակապ հաստատվեց նաև ֆրանսիացի պրոդյուսեր Լյուք Նթոնգայի հետ, ով «Լուսավոր շրջան» ֆիլմի համարտադրողն է, եղել է նաև Հովհ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի դիստրիբյուտորը: Լյուք Նթոնգան հետաքրքրվել է հայկական ֆիլմերով, մասնավորապես, թե ինչպես է Հովհ. Գալստյանը կարողանում անհատի պատմությունը ներկայացնել այնպես, որ գրավի լայն լսարան, թե ինչպես մարդու` անցյալում կայացրած որոշումը կարող է ազդել ներկա և ապագա կյանքի վրա: Նրա խոսքերով` այժմ միջազգային կինոշուկային ավելի շատ հետաքրքրում են յուրահատուկ բովանդակություն ունեցող ֆիլմերը:

«Լուսավոր շրջան» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլյանի խոսքերով` կարևոր է, որ ֆիլմն էկրան բարձրանալուց հետո ունենա իր լսարանը, որն իսկապես հետաքրքված կլինի ներկայացված պատմությունով: 

«Փասիանի որսորդը» ֆիլմը պրեմիերայի օրը կցուցադրվի երկու անգամ` ժամը 20:00 և 21:00: Մուտքն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter