HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Կենդանիների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ. Հայաստանում կենդանիների վերաբերյալ օրենսդրություն չկա

Կենդանիների պաշտպանության միջազգային օրվա՝ հոկտեմբերի 4-ի կապակցությամբ Երևանի կենդանասեր հանրությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ, այդ թվում` կիրակի օրը կենտրոնական փողոցներով կանցկացվի երթ:

Երթի կազմակերպիչներից Օվսաննա Հովսեփյանը «Հետքին» ասում է, որ վերջնակետում կլինի որդեգրման ակցիա, որին կմասնակցեն «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» նախագծի աստղերից մի քանիսը:

Հայաստանը կենդանիներին առնչվող  որևէ միջազգային կոնվենցիա չի ստորագրել, ինչպես նաև չունի կենդանիների նկատմամբ դաժանությունը կամ անխիղճ վերաբերմունքը որևէ, այդ թվում՝ քրեական, վարչական և այլ կարգի պատասխատվության ենթարկող օրենսդրություն:

Կենդանիների իրավունքների միջազգային հռչակագիրը ստորագրվել է 1978 թ. Փարիզում, որին առաջինը միացել է Գերմանիան, իսկ նախկին Միության հանրապետություններից՝ ոչ մեկը:

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության (Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ Նանե Արամյանը կենդանասեր ակտիվիստների տարբեր խմբերի հետ միասին աշխատում են կենդանիների պաշտպանության օրինագծի վրա՝ այդ գործում ընդգրկելով նաև մի շարք պատգամավորների:

«Կարծում ենք, որ օրինագիծը մինչև դեկտեմբեր պատրաստ կլինի, որից հետո հնարավոր կլինի այն մտցնել ԱԺ օրակարգ,- «Հետքին» ասում է Արամյանը,- սևագիր տարբերակը մենք կազմել ենք միջազգային օրենսդրական փորձի հիմա վրա՝ ադապտացնելով այն մեր իրականությանը»:

Արամյանն ասում է, որ օրինագծում ընդգրկված են կենդանիների հինգ հիմնարար՝ սննդի, ջրի, քնի, շարժման և բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող նորմեր, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կենդանիների և Ընտանի կենդանիների եվրոպական միջազգայյին փաստաթղթերում:

«Կա նաև Քրեական, Վարչական և այլ օրենսգրքերում լրացումներ կատարելու մի մեծ փաթեթ,- հավելում է Արամյանը,- իսկ շների մասն ամբողջությամբ առանձնացված է»:

Հայաստանում կենդանիներին վերաբերող դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  92-րդ հոդվածում, որը, Արամյանի կարծիքով, գրեթե անհնար է կիրառել: Այն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք:

Մինչ հայկական օրենսդրական դաշտում կենդանիների պաշտպանությանը վերաբերող  փաստաթուղթ կստեղծվի, դրա փաստացի կիրառությունն իրենց վրա վերցրել են կենդանասեր կամավորները՝ ինքնակազմակերպվելով և ֆեյսբուքյան խմբերի միջոցով  իրականացնելով տարաբնույթ աշխատանքներ՝ սկսած կենդանիների խնամքից, վերջացրած նրանց իրավունքների համար պայքարով:

Իսկ Երևանում թափառող շների հարցի լուծմամբ զբաղվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությունը,  որի հայտարարած մրցույթը շահող կազմակերպությունն էլ իրականացնում է շների ստերիլիզացիան և վնասազերծումը:

Վարչության պետ պարոն Հունանյանը երկու տարի առաջ, երբ այս թեմայով նյութ էի պատրաստում ու այցելեցի քաղաքապետարան, հարցազրույցի վերջում թևիցս բռնած գրեթե դուրս շպրտեց սենյակից:

Տարիներ շարունակ այդ մրցույթը շահել և թափառող շների ստերիլիզացիայով ու քնեցմամբ զբաղվում է «Unigraph X» ՍՊՆ-ն, որի ներկայացրած ծրագիրն իրագործելու համար մինչև նախորդ տարի հատկացվում էր 180 մլն դրամ, իսկ այս տարվանից արդեն՝ 220 մլն դրամ:

Կենդանասեր ակտիվիստները միշտ խնդիր են ունեցել այս կազմակերպության հետ, իսկ իրենց նկատմամբ քրեական գործ կա հարուցված, որը սառեցված վիճակում է: «Փրկենք կենդանիներին» ՀԿ ներկայացուցիչ Նունե Մեհրաբյանը իր ընկերների հետ Նուբարաշենի խճուղու  մոտակայքում հայտնաբերել էր շների գերեզմանոց, որի արդյունքում դատական հայց էր ներկայացվել: «Հետքը» խոստանում է մանրամասն ուսումնասիրել այս գործը և ներկայացնել ընթացքը:

Իսկ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ֆեյսբուքյան խմբի ակտիվիստ Լալա Պողոսյանը «Հետքին» ասում է, որ մինչև այժմ ոչ ոք «Unigraph X»-ի ծրագիրը չի տեսել և անհնար է դա ստանալը:

«Կենդանասեր հանրությունը իրավունք ունի տեսնելու իրենց ծրագիրը,- ասում է նա,- նրանք տեխնոլոգիան խախտում են: Մենք պահանջում ենք իրենց հետ նստել նույն սեղանի շուրջ և պարբերաբար որոշումներ կայացնել»:

Լալա Պողոսյանը իր ակտիվիստների հետ մտմտում է «Բակային ծրագիր» իրականացնելու  ուղղությամբ, որը ենթադրում է որոշակի քանակության շների խնամք, որոնք կստերիլիզացվեն և կվերադարձվեն այն բակեր, որտեղից նրանց վերցրել են:

Դրա համար պայմանավորվածություն է պետք ունենալ այդ «Unigraph X»-ի և քաղաքապետարանի հետ, որն առայժմ չկա:

«Մենք առաջարկում ենք «Յունիգրաֆին» ու քաղաքապետարանին, որ զբաղվեն մնացած շներով և գործ չունենան այն շների հետ, որոնք մենք կվերցնենք մեր խնամքի տակ,- ասում է նա,-  եթե մեր կենդանասեր ակտիվիստները տեսեն, որ  կարողանում ենք մեր շներին տեր կանգնել, ավելի շատ կամավորներ կմիանան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter