
Դատարանը բավարարեց Բերձորի արվեստի դպրոցի տնօրենի բողոքն ընդդեմ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի
«Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի բավարարվել է: ԼՂՀ վերաքննիչ դատարանը բեկանել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
ԼՂՀ առաջին ատյանի դատարանում Գոռ Մանուկյանը վիճարկել էր վարչակազմի ղեկավարի խիստ նկատողությունը: Դատարանը մերժել էր հայցը ապացույցի բացակայության պատճառով, որից հետո Գոռ Մանուկյանը բողոքարկել էր այն: Իսկ դատական այս վեճի պատճառը այս տարվա ապրիլի 3-6-ը Գոռ Մանուկյանի` Քարվաճառ գործուղման մեկնելն է եղել, որը վարչակազմի ղեկավարը համարել է «ոչ հարգելի բացակայություն» և նրան ենթարկել կարգապահական տույժի` հայտարարելով խիստ նկատողություն` «կարգապահական խախտում թույլ տալու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
Գոռ Մանուկյանը դատարանում վիճարկում էր վարչակազմի ղեկավարի այս հրամանը: Տնօրենը պնդում է, որ իր` տնօրենի լիազորությունները և պարտականությունները կատարելու համար վարչակազմի ղեկավարից թույլտվություն ստանալու կարիք չկա, և չկա այդ պարտավորությունը սահմանող որևէ օրենսդրական ակտ:
Հիշեցնենք, որ բացի այս վեճից, «Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» տնօրեն Գոռ Մանուկյանին այլ արարքներ են վերագրվում: ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործով քննությունը դեռ ընթանում է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել