
Զարուհի Փոստանջյանը կզրկվի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամի մանդատից
«Քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ»,-ԱԺ այսօրվա նիստն այսպես սկսեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ հնչեցրած հարցին` ուղղված հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը երեկվա նիստի ընթացքում Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր եվրոպական կազինոներից մեկում 70 մլն եվրո կորցնելու մասին:
Հովիկ Աբրահամյանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նշեց, որ պատգամավորի իր ազատ կարծիքն արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: «Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է եւ դրա կիրառումը շեղում է իր իրական նպատակից` ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց,-ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց,- հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է) ենթակետը, հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություններ կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել