
«Էյր Արմենիա»-ն օդ կբարձրանա հոկտեմբերի 27-ից
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որին այս տարվա հուլիսին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը տվել է դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա թռչելու ժամանակավոր թույլտվություն, իր առաջին չվերթը կիրականացնի հոկտեմբերի 27-ին: Ընկերությունից «Հետքին» տեղեկացրին, որ առաջինը կիրականացվի Երեւան-Մոսկվա չվերթը, իսկ նոյեմբերի սկզբներից փոխադրումներ կկատարվեն նաեւ մյուս 5 ուղղություններով:
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ն նախատեսում էր կանոնավոր չվերթները սկսել օգոստոսի 18-ից, սակայն լիզինգով ինքնաթիռ ձեռք բերելու հարցում խնդիրներ ծագեցին: Այժմ արդեն այդ հարցը լուծված է: Ընկերությունը նախ կշահագործի «Boeing 737» տիպի ինքնաթիռ, որն արդեն «Էյր Արմենիա»-ի տրամադրության տակ է, ապա կգործարկի նաեւ «Airbus A320» օդանավը:
«Էյր Արմենիա» ՓԲԸ-ն, որի տերերն են ՀՀԿ-ական պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը եւ «Հայկական ավիաուղիներ» նախկին պետական ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը, մտադիր է առաջիկայում մասնակցել այն մրցույթին, որի արդյունքում պարզ կդառնան, թե ովքեր են լինելու հայկական օդային ուղիների 3 ազգային ավիափոխադրողները:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կառավարությունը հաստատել է ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը, ըստ որի՝ նախկին 1-ի փոխարեն լինելու են 3 ազգային օպերատորներ Եվրոպա, ԱՊՀ, Մերձավոր Արեւելք ուղղություններում:
Մեկնաբանել