HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Կենդանիներն ու երեխաները գրավում են փողոցները». ֆիլմ թատերական բեմի վրա

«Թատերասեր յուրաքանչյուր ոք պետք է տեսնի այս բեմականացումը», - ասյպես է գրել The Observer-ը բրիտանական 1927 թատերախմբի «Կենդանիներն ու երեխաները գրավում են փողոցները» ներկայացման մասին:

Հենց այս ներկայացմամբ է բացվել այս տարվա 11-րդ «ՀայՖեստը»: Ավելի քան 50 երկրներում հանդես եկած ներկայացումը հոկտեմբերի 1-ին (բացման օրը) և 2-ին բրիտանացի դերասանները Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանձնեցին նաև հայ հանդիսատեսի դատին:

Առաջին իսկ կադրից բեմից լսվեցին դահլիճի հիացական արձագանքները: Ներկայացումը սկսվում է անիմացիոն պատկերներով: Մուլտիմեդիա ներկայացումը համադրվել է անիմացիոն պատկերներով ու դերասանների կենդանի խաղով: Անիմացիոն փոփոխվող պատկերները, դերասանների խոսքը, երգը, նվագը, ուղկցվող երաժշտությունը հանդիսատեսին տանում են ներկայացման աշխարհ: Դերասաններն այնքան էին «ձուլված» անիմացիային, որ դժվար էր հասկանալ` որտեղ է ավարտվում անիմացիան և սկսվում դերասանի խաղը: Անգլերեն խոսքը չէր խանգարում, որ հանդիսատեսը հասկանար ներկայացումը, և հանդիսատեսներից մի կին ներկայացումից հետո նույնիսկ հուզվել և ասում էր, որ ուզում է անգլերեն սովորել:

Մեկ ժամվա ընթացքում բեմի վրա երեք դերասանուհիների հաջողվում է ցույց տալ մի ամբողջ ֆիլմ` ամենատարբեր կերպարներով: Իսկ ներկայացման առանցքում փոքրիկ Ագնեսի պատմությունն է, ով ուզում է փոխել իր միջավայրը. հարուստ քաղաքից այն կողմ գոյություն ունեն խղճուկ թաղամասեր, որտեղ ապրում են աղքատ մարդիկ: Եվ այստեղ գալիս է խավերի բախումը, երբ իշխանությունները փորձում են ճնշել Ագնեսին ու նրան օգնող ընկերոջը:

«Սա հիասքանչ այլընտրանքային բեմականացում է: Իրականում, հրաշալի բեմադրություն է», - ներկայացման մասին գրել է The Financial Times-ը:

Ներկայացման դերասանուհիներից Լյուիս Բարֆութի (Lewis Barfoot) խոսքերով` եթե դասական ներկայացման մեջ դերասանն ազատ է անելու իմպրովիզներ, ժամանակ ձգել, ինչ-որ բան փոխել, ապա նման ներկայացման մեջ այդ հնարավորությունը չկա: Եթե դասական ներկայացման ժամանակ դերասանները կարող են միմյանց հետ հաղորդակցվել, ապա այս դեպքում նրանք շատ առաձնացված են ու իրար հետ շփվելու հնարավորություն չունեն:

Սյու Էփլիբայի (Sue Appleby) խոսքերով` անիմացիայի դեպքում իրենք իրավունք չունեն անգամ մեկ վայրկյանի շեղում անել, որովհետև իրենց յուրաքանչյուր շարժումը պետք է համընկնի շարժման մեջ գտնվող անիմացիայի հետ: Եվ սա ավելի մեծ ջանք ու ճկունություն է պահանջում, որպեսզի անիմացիան և դերասանի շարժումները ճիշտ համադրվեն:

Էլեանոր Բուչան  (Eleanor Buchan) խոստավանում է, որ այս ներկայացման իր կերպարը մեծ լարվածություն է առաջացնում: Իր համար առավել բարդ է, քանի որ բեմի վրա նաև նվագում է: Այդ պատճառով էլ ներկայացումից հետո ժամանակ է պահանջվում կարգավորելու շնչառությունը, հանգստացնել մարմինն ու մկանները: Միաժամանակ, այդ պատկերների և երաժշտության համադրությունն իր համար մի կախարդական աշխարհ է ստեղծում:

Դերասանուհիներն այս ներկայացումն առաջին անգամ խաղացել են 2010 թ.-ին Սիդնեյի օպերային դահլիճում: 1927 թատերախմբից պահանջվել է 18 ամիս` բեմադրելու այս ներկայացումը:

Թատերախումբը հիմնադրվել է 2005 թ.-ին: Թատերախմբի անվանումը կապված է 1927 թ.-ի հետ, երբ համր ֆիլմից անցում է կատարվում դեպի ձայնը: Այդ թվականներին են էկրան բարձրանում «Ջազ երգիչը» և «Մետրոպոլիս» ֆիլմերը, որտեղ ձայն է հնչում:

«1927. Նրանց աստղը գերիշխող է. նրանք անփոխարինելի են», - թատերախմբի մասին գրում է The Times-ը:

2008թ.-ին թատերախումբը ստացել է Empaty Spasce Peter Brook մրցանակը լավագույն դերասանական կազմ անվանակարգում, ինչպես նաև Նյու Յորքի Drama Desk մրցանակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter