HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես ձեզ չեմ լքելու, տեսնվելու ենք ամեն օր». Ռուբեն Սահակյանը լիազորությունները փոխանցեց Արա Զոհրաբյանին

Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ փաստաբանների պալատի (ՓՊ) գործող նախագահ Ռուբեն Սահակյանի լիազորությունների դադարեցման եւ նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանի լիազորությունների ստանձնման պաշտոնական արարողությունը:

Ռուբեն Սահակյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, պալատի խորհրդի նախկին եւ ներկա անդամներին, պետական մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին, անհատներին՝ իր նախագահության տարիներին համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:

Այնուհետեւ Ռ. Սահակյանը, դիմելով փաստաբաններին, ասաց, որ լցվեն հավատով եւ իր հետ միասին աջակցեն պալատի նոր նախագահին: ՓՊ-ի առաջին նախագահն ասաց, որ առաջիկա ամիսներին փաստաբանները որակական տեղաշարժ կզգան, քանի որ նորընտիր նախագահն այդ ուղղությամբ աշխատանքները սկսել է ընտրվելու օրվանից: «Ես ձեզ չեմ լքելու, տեսնվելու ենք ամեն օր»,- ասաց Ռ. Սահակյանը եւ հայցեց փաստաբանների ներողամտությունը իր թույլ տված սխալների համար:

«Երբեմն եղել եմ կոպիտ, պոռթկացել եմ, բայց սրտումս ոչինչ չի մնացել, հավատացնում եմ»,- հավելեց պալատի առաջին նախագահը:

Այնուհետեւ ՓՊ նախագահության խորհրդանիշ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանին» պաշտոնապես բերվեց նիստերի դահլիճ: Ռուբեն Սահակյանն այն հանձնեց Արա Զոհրաբյանին` այդ պահից վայր դնելով իր լիազորությունները:

Պաշտոնը ստանձնելով` Արա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին եւ հյուրերին, իրեն ընտրողներին եւ չընտրողներին, որոնք ազատ արտահայտել են իրենց ազատ կամքը:

Լիազորությունները ստանձնելուց հետո Արա Զոհրաբյանն արձակեց իր առաջին հրամանը՝ Պալատի առաջին նախագահին պարգեւատրելով «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով փաստաբանության ոլորտում ունեցած մեծ դերակատարման համար:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի