«Էլ ի՞նչ երազանք պիտի լինի, երբ մամաս չկա» (տեսանյութ)
Կարինեն ապրում է Աշտարակում, իսկ Աշտարակն իր համար ամբողջանում է իր փոքրիկ սենյակում, որտեղ արդեն 10 տարի է՝ ամեն երեկո փակվում է: Նրա եղբոր կինը՝ տիկին Նեկտարը, ասում է, որ սկզբից չգիտեին, թե Կարինեն ինչ է անում սենյակում, հետո իմացել են, որ առաջին կարգի հաշմանդամ կինը սկսել է նկարել: Առաջին նկարը Կարինեն արել է «կալկայի» վրա (թուղթ, որը դնում են թավայի մեջ՝ խմորեղեն պատրաստելիս): «Մայրը ինչ-որ բան է փաթաթում կալկայի մեջ, որ տանի Երևան, իսկ մնացած կալկան էլ ճմռում է, գցում աղբամանի մեջ: Մոր գնալուց հետո Կարինեն վերցնում է այդ ճմռված կալկան, ուղղում և սկսում նկարել»,- ասում է տիկին Նեկտարը` զարմանալով, թե ինչպես է աղջիկը այդ բարակ «կալկայի» վրա նկարել:
Կարինեն կենտրոնական նյարդային համակարգի խանգարում ունի, չի կարողանում խոսել և նաև թույլ լսողություն ունի: Այսպես է ասում նրա եղբոր կինը՝ զարմանալով, թե ինչպես է հեռուստացույցի ձայնը բարձրացնում և ուշադիր դիտում կամ ինքնաթիռի ձայնը լսում, մինչդեռ խոսակցության ժամանակ դժվարանում է լսել զրուցակիցներին: Տիկին Նեկտարի պատմելով՝ Կարինեի մոտ նյարդի խանգարումը ի հայտ է եկել նրա ծնվելուց հետո: «Կարինեին ծննդատանը չէին էլ պահում: Մայրը զույգ աղջիկ էր ունեցել: Կարինեն 1,2 կգ էր, իսկ էն մյուս աղջիկը՝ 1,8 կգ: Կարինեին գցում են, իսկ էն մյուսին՝ պահում: Էն ժամանակ մահը հիվանդանոցի վրա «չեպե» էր, բայց առավոտյան Կարինեի քույրը մահանում է, հետո լսում են, որ կեղտոտ շորերի միջից նորածնի ձայն է գալիս, վերցնում են, բարուրում ու տալիս մորը: Կարինեի ճակատին գրված էր ապրել»,- ասում է տիկին Նեկտարը:
Մեր զրույցի պահին Կարինեն գնաց և բերեց իր մատիտներն ու թղթերը, այնուհետ սկսեց նկարել: Նա նկարում է կոնֆետների տուփերի (բոնբոներկայի) վրա, անձեռոցիկի տուփերի վրա, ընդ որում՝ արդեն 10 տարի է՝ նկարում է նույն մատիտներով, թեև, ինչպես ասում են, շատ մատիտներ է նվեր ստացել՝ նույնիսկ Ֆրանսիայից: Կարինեն իր նկարներից որևէ մեկին չի նվիրում: Ինչպես ասում է նրա եղբոր կինը, նկարները համարում է այն արժեքները, որոնք իր սեփականությունն են: «Մի անգամ մեր հարևանուհին եկել էր մեր տուն: Տեսնելով Կարինեի նկարները՝ նրանից մի նկար խնդրեց: Կարինեն չտվեց՝ ասելով, որ երբ հարևանուհին շալվար է ծախում իրեն, դրա գինը վերցնում է, իսկ իր նկարը գին չունի, թանկագին է, և չի վաճառվում»,- Կարինեին նայելով՝ պատմում է տիկին Նեկտարը՝ նշելով, որ Կարինեն ուրախացել է, որ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվելու է իր նկարների ցուցահանդեսը: «Շատ էր սպասում այդ ցուցահանդեսին: Էնքան է ուրախացել»,- նկատեց տիկին Նեկտարը:
Կարինեն ուշադիր հետևում էր մեր խոսակցությանը՝ հասկանալով, որ մենք այդ պահին խոսում էինք նրա մասին: Նկարելուց մերթընդմերթ բարձրացնում էր գլուխը, ժպտում ու, մեծ ճիգեր գործադրելով, բացում ֆլոմաստերների կափարիչը: Կարինեի նկարներում աշխարհը վառ գույներով է, ինչպես նրա ժպիտը ու լիաթոք ծիծաղը:
«Ի՞նչ երազանքներ ունի Կարինեն»,- դիմում եմ տիկին Նեկտարին, որպեսզի Կարինեին փոխանցի հարցս: Կարինեն նայում է այգու կապույտ ծաղիկներին, հետո դժվարությամբ արտաբերում մի քանի բառեր, որոնք այս անգամ ես հասկացա: «Էլ ի՞նչ երազանք պիտի լինի, երբ մամաս չկա»,- ասում է նա ու ժպտում: Այս անգամ նրա ժպիտն ավելի շատ տխրեցնում է ու ստիպում լռել...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել