HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայրը տխրում է, որ որդին չափահաս է դառնալու (վիդեո)

8-ամյա Գոռը երազում է նոթբուք ունենալու մասին: Ասում է, որ նոթբուքով խաղեր է խաղալու եւ տառեր հավաքել է սովորելու: Տղան սիրում է նստակյաց կյանք վարել, քանի որ շատ չի կարողանում ոտքերի վրա կանգնած մնալ: 6 ամսականում հայտնաբերվել է, որ նա տառապում է սրտի արատով: Նա ապրում է Կապան քաղաքում: Գոռի մայրը` Նաիրա Մկրտչյանը, պատմեց, որ տղան ծնվել է Կապանի ծննդատանը եւ նրան դուրս գրելիս չեն ասել, որ առողջական խնդիրներ ունի:

Մայրը 6 ամսականում նկատել է, որ Գոռը ծանր է շնչում, իսկ սիրտը չափից արագ է բաբախում: Այդ պահից սկսած` տարին 1-2 անգամ ստուգման նպատակով երեխային տանում են Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Գոռը պետք է վիրահատվի, սակայն բժիշկներն ասել են, որ դեռ փոքր է, սակայն կոնկրետ տարիք չեն նշել:

Մայրը րոպե առ րոպե սպասում է, որ հնարավոր է` հիվանդանոցից զանգեն ու ասեն, թե Գոռի վիրահատության ժամանակն է: Նույնիսկ երեխայի ատամներն են տարել բուժել, որ այդ պատճառաբանությամբ սրտի վիրահատությունը չհետաձգվի:

Գոռի սրտի հիվանդությունը հոգեբանորեն ծանր է անդրադարձել ծնողների վրա: Նրա ծնվելուց 2 տարի անց ծնվել է Գեւորգը, մայրն անհանգստացել է, որ միգուցե այս երեխան էլ արատ ունի, եւ բժիշկները դարձյալ ուշադրություն չեն դարձրել: Նաիրան հատուկ խնդրել է, որ երեխային զննեն: Բարեբախտաբար, նա առողջ է եղել:

Ընտանիքը բաղկացած է 8 հոգուց` ծնողներն ու 6 երեխաները: Նրանցից ոչ ոք չի աշխատում, ինչը դժվարացնում է Գոռին Երեւան բերելը: Նաիրա Մկրտչյանն ասում է, որ ամեն տարի Երեւան գալու համար մարզպետարանից է 30 հազար դրամ օգնություն ստացել, իսկ անցյալ տարի էլ Կապանի քաղաքապետարանն է 30 հազ. դրամ հատկացրել:

Այս ամիս Գոռի հերթական ստուգման ժամանակն է, սակայն Երեւան գալու ճանապարհածախս չունեն: «Այս տարի քաղաքապետարան դեռ չեմ դիմել, ճանապարհածախսի համար պիտի դիմեմ, տեսնեմ կօգնե՞ն»,-ասում է Նաիրան:

Գոռը մեզ հետ զրույցում ասաց, թե դպրոցում լավ է սովորում` ստանում է 8 կամ 9 գնահատական: Պատմեց, որ դպրոցում դժվարանում է ընկերների հետ հանգիստ խաղալ, իր հասակակիցների նման վազել: 5-10 րոպեն մեկ խաղն ընդհատում է ու նստում հանգստանալու: Բժիշկներից չի վախենում, քանի որ «ուժեղ տղա է»:

Դպրոցում գիտեն երեխայի հիվանդության մասին եւ նրան ազատել են ֆիզկուլտուրա առարկայի պարապմունքներից: Երեխան սկզբում դեղեր է խմել, սակայն տեւական ժամանակ է` այլեւս դեղեր չի ընդունում, քանի որ դրանցից բարձրանում է նրա արյան ճնշումը եւ իրեն ավելի վատ է զգում:

Գոռին վիտամիններով հարուստ սնունդ է պետք` մսամթերք, մրգեր եւ այլն: Նաիրան ասում է, որ միշտ չէ, որ կարողանում են հիվանդ տղայի սրտի ուզածն ապահովել, քանի որ 8 հոգով ապրում են 46.000 դրամ նպաստով եւ Գոռի հիվանդության համար տրվող 14.000 դրամ թոշակով:

Նաիրայի խոսքերով, ամուսինը` Ռուդիկ Ներսիսյանը, նույնպես վատառողջ է եւ չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի քանի տարի առաջ նա հիվանդացել է մալարիա հիվանդությամբ եւ մինչ օրս իրեն թույլ է զգում: Ռուդիկը որոշել է գոնե գիշերային պահակ աշխատել, սակայն սոցծառայությունից նրան զգուշացրել են, որ եթե ստացած աշխատավարձը 30-35 հազար դրամից ավելի լինի, կզրկվի նպաստից: Թեեւ իրենց հետ չի ապրում, սակայն տան վրա է հաշվառված նաեւ Ռուդիկի եղբայրը, ինչն էլ ռիսկային է դարձնում նրանց աղքատության շեմը:

Նաիրան ծանոթներից մեկի լավաշի արտադրամասում 21 օր հացթուխ է աշխատել: Թխած յուրաքանչյուր լավաշի համար նրան վճարել են 2 դրամ, սակայն երբ տեղեկացել է, որ իրեն պետք է գրանցեն որպես օրինական աշխատող, հրաժարվել է աշխատանքից:

«Ստացածս գումարը շատ քիչ էր, ամուսնուս պահակության համար էլ շատ քիչ պիտի վճարեին, դրա համար պիտի զրկվեինք նպաստից, ինչը մեզ ձեռք չէր տալիս, իսկ նպաստից զրկվելը կնշանակի, որ պիտի սոված օրեր անցկացնենք: Գոնե ես ու ամուսինս միասին մի 50-60 հազար դրամ աշխատավարձ ստանայինք, էլի ոչինչ, դրանով յոլա կգնայինք, բայց ախր շատ քիչ են վարձատրում` նպաստից էլ քիչ»,- նշում է Նաիրա Մկրտչյանը:

Նա գումար վաստակելու այլ տարբերակ է գտել, որն ընտանիքին նպաստից չի զրկում: Ծանոթների, բարեկամների միջոցով Կապան քաղաքում տարածել է, որ գումարի դիմաց տան գործեր կանի, ասենք` վարագույր կկախի, վերմակ ու ներքնակ կլվանա, կկարի եւ մաքրություն կանի:

Նաիրան պատմում է, որ ամառվա 3 ամիսների ընթացքում է մեկ-մեկ նման աշխատանք ունենում: Մեկ ներքնակի երեսը լվանալու, բուրդը չփխելու եւ կարելու համար ստանում է 2000 դրամ, իսկ վերմակի համար` 3000 դրամ:

Պատուհան լվանալու, վարագույր կախելու եւ տան այլ գործեր անելու համար Նաիրային վճարում են 5000 դրամ: «Մարդ կա` մինչեւ 7000 դրամ տալիս է, հետն էլ սնունդ է տալիս: Բայց նման բան շատ չի լինում»,- ասում է բազմազավակ մայրը:

Նաիրայի խոսքերով, իրենք Կապանի խանութներում մոտ 170.000 դրամի պարտք ունեն եւ նպաստի գումարի մի մասը պարտք են տալիս, մյուս մասով էլ ապրում են ու ամսվա կեսից նորից պարտքեր կուտակում: Աշխատանքը կայուն չէ, ուստի չեն կարողանում պարտքերից աչք բացել:

Տնամերձ հողամասից բացի` այլ հողակտոր չունեն: Տան դիմացի հողն էլ շատ փոքր է, ստացված բերքը հազիվ ընտանիքին է բավարարում եւ ձմռան պահածոների խնդիրն է լուծում, վաճառելու ապրանք չեն ունենում:

Գոռի ծնվելուց հետո ընտանիքի մեծ ու փոքր անդամները մտածում են միայն երեխայի առողջության մասին: Երբ մտանք ներս, անմիջապես խոնավության հոտը փչեց: Նաիրան ասաց, որ տան տանիքը վնասված է, եւ անձրեւաջրերը ներս են թափվում: Մահճակալներից բացի` տանը այլ կահույք չկար: Մահճակալներն էլ քիչ են, ստիպված երկու-երկու են քնում: «Հիմա գույքի կամ այլ բանի մասին չենք էլ մտածում, միայն Գոռս է աչքներիս առաջ»,- ասում է մայրը:

Ընտանիքի մեծ աղջիկը` Մելինեն, 19 տարեկան է: Նա անցյալ տարի ցանկացել է ընդունվել ոստիկանական ակադեմիա: Մայրն ասում է, որ քննական բոլոր առարկաները պարապել է եւ գիտելիքի պակաս չի ունեցել, սակայն հասակը 4սմ կարճ է եղել, եւ աղջկա երազանքը չի իրականացել:

Շուտով չափահաս կդառնա նաեւ նրանց ավագ որդին` Գեղամը, եւ ծնողները հույս չունեն, որ տղան որեւէ աշխատանք կգտնի ու կկարողանա թեթեւացնել ընտանիքի հոգսը: Ընդհակառակը` մայրը տխրում է, որ որդին չափահաս է դառնալու. այդ պատճառաբանությամբ կրճատվելու է նպաստի գումարը:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
To Cholo The comment was meant for my facebook page, I didn't realize that it showed up on this site as well. The reason I posted it on facebook is because I thought that maybe a doctor in the US would come forward and offer to help this young boy. As far as helping the family I have contacted the author of this article (before your post) to get this family's contact info...charity is not something I broadcast to everyone but since you brought it up maybe you can join me in helping this family.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter