«Չգիտեմ՝ որակապես հետ գլորվելու տեղ կա՞ այլեւս»
Հարցազրույց Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ
-Օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լուսանկարել էր գաղտնի քվեարկության իր թերթիկը: Նա հիմնավորեց դա՝ նշելով, որ կանխատեսելի էին զարգացումներն իր համար: Հոգեբանական տեսակետից ինչպե՞ս կվերլուծեք դա: Սա արդյո՞ք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման սկիզբ է:
-Քաղաքական այն մշակույթը որ ունենք, ավտորիտար համակարգի հենքի վրա գոյատեւող եւ ադապտացվող մշակույթն է: Սակայն պահ առ պահ ինչ-որ բան փոխվում է, ինչ-որ բան զարգացման մեջ է, եւ դա՝ նույն պրոգրեսիայով՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր մարդկանց կողմից: Իրականում զարգացումը ճիշտ նկարագրող բառը չէ, այլ երեւույթը նման է ճահճի մեջ ավելի ճահճացնելու երեւույթին: Այնքան կեղտոտ են իշխանության կողմից թելադրվող քաղաքական խաղի կանոնները, որ դրանց պատասխան քայլը եւս «ոչ գեղեցիկի» շարքից է:
Այդպիսին էլ այս դեպքն է: Որքան պիտի կասկածելի մթնոլորտ լինի, որքան «անհավատարմություն» խոսքի եւ գործի մեջ, որքան արժեքային աղավաղումներ ու դիրքային անսկզբունքայնություն, որ պատգամավորն իրեն ապահովագրող միջոց մտածի, իրականացնի եւ կանխատեսելի զարգացումների դեպքում հրապարակի: Մի մասը ուրախ էր, որ իրենց կռահումները ճիշտ դուրս եկան, որ այդ 3 ձայներից մեկը Նիկոլ Փաշինյանինն է, մի մասը փարատեց իր կասկածները, մի մասը անկասկած էր եւ ուրախ էր, որ ապացույց փաստ կա եւ այլն: Բայց իրականում ցավոտ փաստ է, տխուր բան: Կարծում եմ՝ մարդիկ հոգու խորքում հասկանում են, թե որքան արժեզրկված է մարդու խոսքը, որքան արժեզուրկ են քաղաքական այրերի խոսքն ու գործը, որ նման մեթոդի է մարդը դիմում: Դրա համար քաղաքական մշակույթը միշտ նորարարությունների պրպտումների մեջ է, սակայն` բացասական վեկտորով, քանզի «մաքրվելու» փոխարեն ձուկը գլխից դեռ հոտում է:
-Դուք նշեցիք քաղաքական խաղերի մասին… Ինչպե՞ս կվերնագրեք այդ խաղերը, ի՞նչ դերաբաշխում կտաք իշխանությանն ու ընդդիմությանը: Ինչո՞ւ թուլացավ ընդդիմությունը: Որտե՞ղ թերացավ:
-Ես Ձեր առաջին հարցում իզուր չէր, որ ասացի «ընդդիմադիր մարդիկ», փոխարենն ասելու ընդդիմություն կամ ընդդիմադիր կուսակցություններ կամ ակտիվիստներ: Այնպես է ստացվել, որ շատ ընդդիմադիր մարդիկ կան` գործիչներ, քաղաքացիներ, բայց ընդդիմություն չկա: Ընդդիմադիր մարդիկ էլ շատ տարբեր բաների են ընդդիմանում, եւ առայժմ ոչ մի լծակ, խնդիր չեմ տեսնում, որի շուրջ իրապես միանան: Յուրաքանչյուրն էլ պայքար է տանում, իր «կռիվն» է տանում, մյուս բոլորը կամ չեն վերաբերվում ոչ մի կերպ, կա՛մ խանդով են վերաբերվում, կա՛մ քննադատորեն: Նույնիսկ ՄՄ անդամակցության հարցում ընդդիմադիրների տարբեր շրջանակներ տարակարծիք են, իսկ գլխավոր դատախազի ընտրության մեջ` իշխանության հետ համակարծիք: Գաղափարի գերիշխանություն չկա, կան չափից դուրս պրիմիտիվացված շահեր եւ հարաբերություններ: Դեգրադացված աղետալի վիճակ է քաղաքական դաշտում: Երեւույթի վերաբերյալ քաղաքական գնահատականների փոխարեն՝ անձնական վիրավորանքներ եւ դրդապատճառներ: Չգիտեմ՝ որակապես հետ գլորվելու տեղ կա՞ այլեւս: Հիմա մի բացահայտ ճշմարտություն. ոչ ոք չի կասկածում այդ մարդկանց անընդունակությանն ու անկարողունակությանը պատգամավոր կարգավիճակում: Բայց մենք հանդուրժում ենք, չէ՞: Մարդը մեկ նախադասություն ի վիճակի չէ արտաբերել, բայց նա մեր օրենսդիրն է, եւ քաղաքական գնահատականի համար լրագրողը հարց կարող է տալ նրան եւ տալիս է: Մի մասը հռհռում են ասածի վրա, մյուս մասը ապշում, ինչ-որ զանգված էլ կա, որ «հասկանում է» ասածը: Սա մեր մշակույթն է, որին, ցավոք, ձգում ադապտացնում են եւ հանդուրժողականություն սփռում: Իշխանության-ընդդիմության սահմանները լղոզում են միգուցե միտումնավոր, եւ նույնիսկ՝ հենց ընդդիմադիրների «ձեռքով» (դատախազի քվեարկությունը օրինակ): Դա էլ քաղաքականություն է, խաղ՝ դաշտը կազմակերպված, բայց նույնիսկ փոքր ընդդիմությունից մաքրելով: Բնականաբար, քաղաքական մի քանի ընդդիմադիր գործիչներ մնում են մենակ, թուլացած: Այսպիսին է առայժմ իրավիճակը:
-Ըստ Ձեզ՝ ինչի՞ կարող է հանգեցնել այդ իրավիճակը:
-Ինչ-որ բանի երբեւիցե կհանգեցնի, բայց առայժմ չկա ոչ շահագրգիռ ուժերի միասնությունը, ոչ էլ համաժողովրդական բողոքը: Հատվածական բողոքները ոչնչի չեն հանգեցնի: Գիտեք, հետաքրքիր նկատառում կա, մի քանի տարի ուսումնասիրում եմ հոգեբանական առանձնահատկությունները թե՛ խորհրդարանական ընտրությունների, թե՛ նախագահական ընտրությունների: Յուրաքանչյուրի վերջում տված դիտարկումները հետաքրքիր դինամիկա ունեն: Հասարակությունը յուրաքանչյուր անգամ քաղաքականապես ավելի հասուն է եւ ավելի քիչ է ենթարկվում իշխանական PR մանիպուլիացիաների: Սակայն եւ պակաս պահանջատեր է: Որքան հասարակության մեջ ակտիվիստների հատվածը մեծանում է, այնքան մի զանգվածի պահանջատիրությունն էլ նվազում է, շատ անհավասար իրավիճակներ են: Մարդիկ պաշտպանական մեխանիզմով, իրավիճակին ձգվելով, ադապտացվելով ապրում են: Թե որքան է այդ առաձգականության չափը, որ կդիմանան, չի երեւում:
-Մասնավորապես, արդեն երկու տարի է՝ խոսում են հասարակության ապատիկ վիճակի մասին: Այսօր էլ, երբ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություն է արվում, հասարակության զգալի մասը, կարծես, օտարացված է զգում իրեն՝ իր դիրքորոշումը համարելով կարեւորության շրջանակներից դուրս: Ո՞ր կետից սկսվեց այս վիճակը: Դուք՝ որպես հոգեբան, ի՞նչ «ախտորոշում» կտաք հասարակության այսօրվա վիճակին:
-Տեսեք, հասարակության ապատիայի «կորեր» ունենք, ոչ թե երկու տարի, այլ մի քանի տարիներ: Պարբերաբար այն բարձրանում է, հետո` իջնում: Այս պահին չէի ասի, որ ապատիան իր բարձրակետում է, նույնիսկ հաշվի առնելով այս տարվա նախագահական ընտրությունները՝ ապատիան զանգվածային եւ հատկանշական հոգեվիճակ չդարձավ: Կար եւ կա, իհարկե, ավելի հատվածական եւ մասնավոր, եթե հիմա հաշվի չառնենք աշնանային դեպրեսիան: Ինչո՞ւ զանգվածային հոգեվիճակ չդարձավ, որովհետեւ ապատիան հիմնականում հիասթափությունից է առաջանում, իսկ հիասթափությունը մեր երկրում բավական «կենսափորձ» ունի՝ այն ոչ նոր երեւույթ է, ոչ էլ արդեն առաջանում է ընտրությունների հետ: Դա նշանակում է, որ ամեն քայլափոխի բնականոն կենսագործունեության համար հանդիպող խոչընդոտներն այնքան շատ են, որ հիասթափությունը երբեմն հանդես է գալիս իբրեւ գերակշռող հոգեվիճակ: Դրան էլ հաջորդում է ապատիան:
Երբ մարդը ապրում է իր լավ-վատ կեցությամբ, որը սովորական է դառնում իր համար, ավելի իներտ են ձգտումներն ու պահանջմունքները: Իսկ երբ փոփոխությունների ակնկալիքներ կան, սպասումների տեսությամբ նա ճամպրուկային վիճակում է հայտնվում` ունենալու, ապրելու այդ փոփոխությունները: Իսկ երբ սպասումները չեն իրականանում` առաջանում է հիասթափություն եւ ապատիա: Հայաստանում այս տարի նախագահական ընտրություններում ժողովուրդը բացի քվեարկելուց բավականին պասիվ էր, մտադիր չէր պայքարելու, մտադիր չէր հանրահավաքների համար մայրաքաղաք հասնելու, նա կոնկրետ ձայնը տվել է ընդդիմադիր գործչի, դրանով արտահայտելով իր վերաբերմունքը թե՛ իշխանությանը, վարչակարգին, թե՛ ընդդիմադիր գործչի անձին: Քաղաքացին էլ չուզեց պայքարել՝ ի սկզբանե պայքարը տանուլ տված համարելով: Այս տարիներին հայաստանցի մարդը, ապրելով քաղաքական իրականության մեջ, իրադրությունները բավական իրատեսական դաշտում է տեսնում ու գնահատում: Այլ հարց է՝ այս վերաբերմունքն ինչին է հանգեցնում, բայց այլ բան է, որ իրենց հեռու են պահում հիասթափություն ապրելուց, ապատիայից:
Այսօրվա վիճակը ես կբնութագրեի ոչ թե հիասթափություններից առաջացած ապատիա, այլ «սովորական» կյանքի ռիթմի մեջ դժգույն, բութ ապատիա, որ ուղղակի յուրաքանչյուրի բողոքի ձեւափոխությունն է:
Ինչ վերաբերվում է մարդկանց քաղաքականությունից օտարվածությանը, որի մասին բազմիցս խոսել ենք, ապա դա բավականին պարզ է, փակ շրջան է, որը կառավարման համակարգից է գալիս եւ մղում քաղաքացուն քաղաքական պասիվության:
-Հետընտրական փուլում հասարակության զգալի հատվածը զարգացումների էր սպասում՝ գոնե կես միլիոն մարդկանց հաշվով: Հետո, կարծես, սպասելիքները հօդս ցնդեցին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26 գնաց, աղոթեց ոստիկանապետի հետ, իսկ ամիսներ անց նա մեծ հաշվով հեռացավ հարթակից: Այս դեպքում հասարակությունը միայնակ մնաց: Հոգեբանական տեսակետից ինչպե՞ս կբնութագրեք Րաֆֆի Հովհաննիսյանի նման քայլը:
-Հարցի շարադրանքը դեպքերի խրոնոլոգիան շփոթում է: Կես միլիոն մարդիկ եկան, եւ սպասելիքները հօդս ցնդեցին, երբ գնաց աղոթելո՞ւ: Ցավոք, այդ կես միլիոնը ապրիլի 9-ին Օպերայի բակ չեկավ, որ հայտարարված միջոցառում էր, որ մեծաքանակության դեպքում, իրոք, խնդիրներ էր առաջացնելու իշխանության համար, իշխանության զգոնության ու լրջացնելու համար: Ես չտեսա, հենց դրա մասին էի խոսում՝ մարդկանց պասիվության, եւ անտարբերության, որոնց ակտիվությունը մեկ փուլով, այն է` ընտրությունների օրը քվեարկելով վերջացավ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա շատ ավելի պարզ է իրավիճակը, երբ հիմա դիտարկում ենք. ի սկզբանե՝ թե՛ նախընտրական եւ թե՛ հետընտրական շրջանում, նա խոսել էր երկարատեւ պայքարի մասին՝ նույն իրատեսական մտածողության սահմաններում, կարծես, ապահովագրվելով իմպուլսիվ դրդիչներից եւ «հիմա, հիմա» վանկարկումներից ու այն պատկերացումներից, որ վարչակարգը մեկ օրում տապալելու համար հասարակության մեջ բավականաչափ ռեսուրսներ եւ ոգեւորվածություն չկան: Մնացյալն արդեն զուտ մարտավարական եւ ռազմավարական հարցեր էին, թե ինքն ինչպես արեց, ինչպես վարվեց:
-Ո՞րն եք համարում ելքը ստեղծված իրավիճակից, երբ արտագաղթի տեմպերը շարունակում են աճել, երբ ընդդիմության ներսում վստահության ճգանաժամ կա, իսկ իշխանություններն էլ անտարբեր են երկրում տիրող վիճակի նկատմամբ:
-Երբ քաղաքացուն իր սեփական ճակատագիրը իր երկրում չի հուզում կամ հուզում է այնքանով, երբ անմիջականորեն դիպչում են իրեն, ոչինչ լավ չեմ տեսնում: Ձեզ շատ պրիմիտիվ օրինակ բերեմ. նախագահական հետընտրական հավաքներում մարդկանց ներկայության պակասություն կար, այն մարդկանց, որոնք հեշտ չեն ապրում, իսկ երբ կարկուտ եղավ մարզերում, անմիջապես շոշափելի դարձավ ապրուստից զրկվելը, դուրս եկան փողոց: Ցավոք, նույն մարդիկ, մի 2 քայլ այն կողմը չեն համարում, որ իրենցն է եւ շատ ավելի մոտ է իրենց դժբախտությանն ու ապրուստի կորստին, քան այն մեկ կարկուտը: Ռեալիզմ կա մարդկանց մեջ, որը վատ չէ, բայց սաստիկ իրատեսությունը խանգարում է մարդկանց գործելու` նախօրոք այն տապալված համարելով: Դա այս իրականության մեջ պայքարից հրաժարվելու պատճառաբանություն է եւ զարգացման խոչընդոտ: Մի քիչ էլ գուցե երազանք է պետք եւ գործել երազանքի ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել