HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ամեն ինչի կհարմարվենք, էնքան ա դպրոցը չփակվի, փոխարինող սերունդ լինի»

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղն օրեցօր դատարկվում է: Դրան զուգահեռ նվազում է նաև դպրոցի աշակերտների թիվը: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանի խոսքերով` տեղի ուսուցիչներով փորձում են ամեն ինչ անել դպրոցը պահելու համար:

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 30 աշակերտ: Ուսուցիչները 12-ն են, սակայն դպրոցը մասնագետների պակաս ունի: Ռուսերենի և անգլերենի ուսուցիչները Բարեկամավան գալիս են Նոյեմբերյան քաղաքից: Մինչև ուսումնական տարվա սկիզբ դպրոցը չուներ անգլերենի ուսուցիչ: Այժմ, տնօրենի խոսքերով, խնդրել, պայմանավորվել են, որ անգլերենի մասնագետ կա Նոյեմբերյանից:  Դպրոցը նաև չունի ուսմասվար, ում պարտկանությունները կատարում է տնօրենը:

Մյուս առարկաների ուսուցիչները Բարեկամավանից են: Օրինակ՝ պատմության ուսուցիչը, ով նաև իրավունք է դասավանդում, թոշակառու է: Բայց նա շարունակում է դասավանդել, քանի որ նրան փոխարինող չկա:

Տնօրենը բացատրում է` քանի որ ուսուցիչները վարձատրվում են ըստ աշակերտների թվաքանակի, հետևաբար աշխատավարձը չնչին է լինում: Իսկ այդ գումարով դժվար է որևէ մեկին շահագրգռել՝ գալ սահմանամերձ գյուղում դասավանդելու: Եթե այլ դպրոցներում թափուր աշխատատեղի համար մրցույթներ են հայտարարվում, անգամ գումարի միջոցով են աշխատանքի հարցը լուծում, ապա այստեղ մասնագետ գտնելը լուրջ խնդիր է:

«Չպետք է սահմանամերձ գյուղի դպրոցները և մյուս դպրոցները նույն նժարի վրա դնել, - ասում է Ա. Ազատյանը: - Գոնե սահմանամերձ գյուղերի դպրոցների համար պետք է արտոնյալ պայմաններ ստեղծվեն»:

Դպրոցի տնօրենը պատմում է, թե ինչպես են կարողացել պահել դպրոցը պատերազմի տարիներին, երբ գյուղում մարդիկ էին զոհվում, կրակոցներն անդադար էին, պաշտպանությունը` ամենօրյա խնդիր: Բայց հիմա ավելի շատ ոչ թե այդ դեպքերից է նեղվում, այլ այսօրվա իրավիճակից: Նրա խոսքերով՝ այդ տարիներին և ամբողջ 1990-ականներին ամեն ինչ անում էին, որ դպրոցը կանգուն մնա: Այն ժամանակ դժվար էր, բայց հույս ունեին, որ վիճակը փոխվելու և բարելավվելու է: Այնինչ, այսօրվա պատկերը բոլորովին չի արդարացնում տարիների սպասումները:

Երիտասարդ ուսուցչուհի Գայանե Խաչիկյանը Բարեկամավանի դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում: Բարեկամավանում դասավանդելու համար նա գալիս է մոտակա Բաղանիս գյուղից: Ասում է, որ համալսարանն ավարտելուց հետո հնարավորություն ուներ մնալ նաև մայրաքաղաքում:

«Բայց ես նախընտրեցի գյուղում աշխատել իմ մասնագիտությամբ, քան քաղաքում՝  որպես վաճառողուհի», - ասում է նա:  

Սահմանամերձ գյուղի դպրոցն ունի նաև շենքի խնդիրներ: Խորհրդային տարիներին դպրոցը մեկ այլ շենքում էր, որն ավելի փոքր ու մութ էր: Այժմ դպրոցի տարածքը բավականին մեծ է` նախատեսված ավելի մեծ թվով աշակերտների համար: Տնօրենի խոսքերով` այն ժամանակ երազում էին, որ այս լուսավոր շենքում կշարունակեն դասերի բնականոն ընթացքը: Բայց այժմ աշակերտների նվազ թվի պատճառով օգտագործվում է դպրոցի միայն կեսը:

Շենքը տարիներ շարունակ չի վերանորոգվել: Սակայն առաջնայինը դպրոցի տանիքի ու սպորտդահլիճի հարցն է: Սպորտդահլիճն օգտագործվում է տարվա միայն տաք եղանակներին. պատուհանների ապակիները բացկայում են: Իսկ տանիքը վնասված է. անբարենպաստ եղանակներին անձրևաջրերը լցվում են դահլիճ:

«Էնքան ա դպրոցը չփակվի, փոխարինող սերունդ լինի, դա է հարցը, թե չէ ամեն ինչի կհարմարվենք, մանրուքները կշտկենք, - ասում է դպրոցի տնօրենը: - Էստեղ ավելի շատ գյուղի խնդիրն է, քան դպրոցի: Դպրոցն ամեն ինչի հետ հարմարվում, համակերպվում է, ճկունություն է ցուցաբերում: Բայց պետք է սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում, կենսամակարդակի բարձրացում լինի, որ մարդիկ մնան, չլքեն գյուղը»:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ Չիթչյան
Սահմանամերձ գյուղերի բնակիչները մեր գլխավոր սահմանապահներն են: Դիմում եմ մեր պետական այրերին, մեր մտավորականությանը. ցուցաբերեք պետական մոտեցում սահմանամերձ գյուղերը ամայացումից փրկելու համար: Հակառակ դեպքում սարսափելի է պատկերացնել դրա հետևանքները:
zaven
Հոդվածագիրը փաստում է Բարեկամավանում ստեղծված տխուր իրավիճակը, բայց ավա՜ղ առանց որևէ իրատեսական առաջարկի: Մինչդեռ հեղինակի այս թեմայով նախորդ հրապարակմանը անդրադառնալով՝ նշել էի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Բարեկամավանին պատկանող սարամասին առնչվող խնդրահարույց հարցին: Իհարկե կան այնպիսի խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ հոդվածի հեղինակը ցանկալի կլինի հանդես գա կոնկրետ առաջարկություններով: Այլապես հազիվ թե նման բովանդակությամբ հրապարակումները շոշափելի արդյունք տան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter