HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տնտեսագետ. «Հարցն այն է՝ ինչպես Հայաստանը կկարողանա «Made in Armenia»-ն տարածել Ռուսաստանում»

Այսօր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, թե Ռուսաստան»  քննարկման ժամանակ տնտեսագետ Աննա Մակարյանը նշեց, որ Հայաստանն աճ է գրանցել տեքստիլ արտադրության ոլորտում. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեքստիլի արտահանումը 3 անգամ ավելացել է: Սակայն ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում կարող են ստեղծվել դժվարություններ, քանի որ տեքստիլ ապրանքների հիմնական շուկան եվրոպական երկրներն են:

Քննարկմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նրա խոսքերով՝ տեքստիլ ապրանքների աարտահանումը եվրոպական երկրներ իրականցվում է պատվերով՝ այդ երկրների հումքով, և այստեղ ԱԱՀ-ն շատ չնչին է: Իսկ ՀՀ-ից տեքստիլ հիմնական արտադրանքն արտահանվում է ԱՊՀ երկրներ, որոնք Հայաստանի ավանդական շուկաներն են:

Ա. Մակարյանի խոսքերով՝ դժվար է կանխատեսումներ անել, երբ չկա կոնկրետ փաստաթուղթ: Սակայն Իսրայելի, Թայվանի փորձը ցույց են տալիս, որ այդ երկրները արդյունաբերությունը սկսել են զարգացնել տեքստիլի շնորհիվ և կարողացել են հաջողության հասնել: Տնտեսագետը նաև նշեց, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 64.2 %-ով, ինչը նշանակում է, որ Հայաստանը պակաս գրավիչ երկիր է դառնում ներդրողների համար:

Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանից հանքահումքից հետո ամենաշատը արտահանվել է էլեկտրաէներգիա, որի հիմնական սպառողները եղել են Վրաստանը և Իրանը, որոնք ՄՄ անդամ երկրներ չեն: Իսկ ՄՄ անդամ Ռուսաստան Հայաստանից հիմնականում արտահանվում է սնունդ, ծխախոտ, խմիչք, մասնավորապես՝ կոնյակ: Ա. Մակարյանի կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում կարող է առավելություն ունենալ միայն սննդի ոլորտը:

«Այստեղ միակ հարցն այն է, թե ինչպես Հայաստանը կկարողանա «Made in Armenia»-ն տարածել Ռուսաստանում,- ասում է Աննա Մակարյանը:- Կարող է զարգացնել, բայց դրա համար տարիներ են պետք»:  

Գ. Քոչարյանը նշեց, որ ՄՄ-ն և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը համադրելի չեն: Սակայն ՀՀ-ն շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ՝ կապված Ասոցացման պայմանագրի հետ: Նրա խոսքերով՝ այժմ ՄՄ-ին միանալու հետ կապված կան ռիսկեր, սակայն առկա խնդիրները պետք է շտկվեն բանակցային գործընթացում: Այն դիտարկմանը, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում արդյոք Հայաստանը չի կորցնում եվրոպական շուկան, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք Եվրոպական շուկան չենք կորցնում, որովհետև այնտեղ արտահանում ենք բացառապես հանքահումքային արտադրանք: Ոչ մի երկիր դրանից չի հրաժարվի»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter