HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մուղալյանը եւ ընկերները իրենց առաջադրված մեղադրանքը համարեցին աբսուրդ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր շարունակվեց Արամ Մուղալյանի եւ նրա ընկերների դատավարությունը:

Գրավոր ապացույցների հրապարակման եւ հետազոտման փուլում ամբաստանյալներ Ռոբերտ Փիլոյանի եւ Գագիկ Առաքելյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը միջնորդեց գործին կցված փորձագիտական եզրակացություններից մեկը հանել ապացույցների շարքից: Ըստ նրա` նախաքննության ընթացքում տուժող Սիաբանդ Խուդոյանն ասել է, որ «խոտի դեզը կերցրել եմ անասուններին, բայց նույն դաշտի խոտը իմ անասնագոմում շարված է, պետք եղած դեպքում կարող եմ նմուշ տրամադրել Ձեզ»:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Պաշտպանն առանձնացրեց մի քանի հանգամանք, որը կարեւոր է գործի համար: Առաջին հանգամանքն այն է, որ տուժողը անասուններին կերակրել է այդ խոտով եւ խոտ չի մնացել, երկրորդը` փորձաքննության համար տրամադրվել է հարակից խոտի դեզից նմուշ, երրորդը` 29.03.2013թ. տուժողը նշել է, որ երկու երիտասարդի է տեսել տարածքում, որոնք դեպքի վայրից փախել-նստել են ավտոմեքենան, իսկ մեղադրյալները նախաքննության ժամանակ տվել են ցուցմունք, որ այդ օրը իրենք երեքով են եղել եւ չեն իմացել, թե որտեղ են գտնվել:

«Ստացվում է, որ դեպքի վայրում եղել են այլ անձինք, որոնք երկուսով են եղել եւ ոչ թե երեքով»,-ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Դատավոր Խալաթյանը ցանկանում էր փաստաբանին հիշեցնել տուժող Սիաբանդ Խուդոյանի՝ դատարանում տված ցուցմունքը, ինչին փաստաբան Մ. Դավթյանը հակադարձեց, որ տուժողը տվել է հակասական ցուցմունքներ: Նա մեկ դրվագով ցույց տվեց, որ նույն փաստի վերաբերյալ իրար հակասող ցուցմունքներ կան, մասնավորապես` տուժող Ս. Խուդոյանն ասել է, որ ինքն է նկատել ավտոմեքենայի պետհամարանիշը եւ տրամադրել նախաքննական մարմնին, իսկ վկա Մրազ Մստոյանն էլ պնդել է, թե ինքն է տեսել ավտոմեքենայի պետհամարանիշը:

Որոշվեց հրապարակել տուժող Սիաբանդ Խուդոյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ նա խնդրել է դատական նիստերն անցկացնել առանց իր մասնակցության:

«Պաշտպանները միջնորդում են, թող իրենք էլ հրապարակեն, մեղադրողը խի՞ պիտի հրապարակի»,-ասաց մեղադրող Արսեն Աղաբեկյանը` ի պատասխան դատավորի պնդման, որ հրապարակի տուժողի ցուցմունքը: Վահե Խալաթյանը պնդեց, որ դա մեղադրող կողմի ապացույցն է, եւ նա պետք է հրապարակի: Սակայն պարզվեց, որ տուժողի նախաքննական ցուցմունքը մեղադրողի մոտ չկա: Դատավորը տրամադրեց իր մոտ եղածը, սակայն պարզվեց, որ սխալ ցուցմունք է տրամադրել Ա. Աղաբեկյանին, ինչից հետո հենց դատավոր Խալաթյանն էլ հրապարակեց Սիաբանդ Խուդոյանի նախաքննական ցուցմունքը:

Ցուցմունքը գրել էր անձամբ Սիաբանդ Խուդոյանը, եւ օգտագործած բառերը, դատավորի ասած` «մեկ բառում երեք ուղղագրական սխալները», ծիծաղ առաջացրին ներկաների մոտ: Դատավորը դժվարությամբ ընթերցեց տուժողի ցուցմունքը եւ վերջում հոգոց հանելով ասաց. «Լավ կլիներ, որ քննիչը գրեր»:

Փաստաբան Մկրտիչ Դավթյանը նշեց, որ քրեական գործը կազմվել է Քրեական դատավարության օրենսգրքի կանոնների կոպիտ խախտումներով, ինչի արդյունքում իր պաշտպանյալների նկատմամբ «ոչ միայն առաջադրվել է անհիմն մեղադրանք, այլեւ հետագայում վերաորակավորվել ու լրացվել է այդ մեղադրանքը»:

Արամ Մուղալյանի պաշտպան Անդրանիկ Հակոբյանն էլ միջնորդեց անթույլատրելի ճանաչել Արամ Մուղալյանի ավտոմեքենայի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունը, որն օգտագործվել է որպես ապացույց: Նա իր պնդումը հիմնավորեց Քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, այն է` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից եւ քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ:

Պաշտպանը նշեց, որ զննությունը քննչական գործողություն է, եւ այն կարող էր իրականացվել միայն քրեական գործ հարուցվելուց հետո, այնինչ իրականացվել է նյութերի նախապատրաստման ընթացքում նման իրավասություն չունեցող անձի` հետաքննիչի կողմից: Փաստաբանը մի շարք խախտումներ եւս նշեց:

Մկրտիչ Դավթյանն էլ նշեց, որ ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանն իր պաշտպանյալ Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ բռնություն է կիրառել Արմավիրի ՁՊՎ-ում: Վերջինս հարվածել է Ռոբերտի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Իրականացվել է փորձաքննություն, եւ փորձագետը հաստատել է, որ Ռոբերտ Փիլոյանը մարմնի տարբեր մասերին հասցված հարվածների հետեւանքով վնասվածքներ է ստացել: Ռոբերտը նույնպես հաստատեց, որ իրեն ծեծել են:

Պաշտպանի ասելով` հատուկ քննչական ծառայությունում նշված փաստով նյութեր նախապատրաստվել են, եւ մերժվել է Ռոբերտ Փիլոյանի հաղորդումը: Սակայն, որոշումը չի բողոքարկվել Ռոբերտի մայրիկի` Մարինա Հակոբյանի պահանջով, քանի որ վերջինս մտավախություն է ունեցել, որ անազատության մեջ գտնվող որդու հետ ավելի վատ կվարվեն:

Ավարտելով գրավոր ապացույցների հետազոտումը՝ դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:

Գրավով ազատության մեջ հայտնված ամբաստանյալ Արթուր Քլյանի պաշտպանը նշեց, որ հաշվի առնելով Արթուրի առողջական վիճակը, վերջինս օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց:

«Օրինակ նախորդ դատական նիստին Ձեր վատ զգալը ինձ համար ոչ թե տարօրինակ էր, այլ անսպասելի էր: Պատճառը չի երեւում, թե մարդը ինչու է վատ, այլ բան է, որ օդը չի հերիքում»,-զարմանք հայտնեց դատավոր Վ. Խալաթյանը եւ հետաքրքրվեց` արդյո՞ք ամբաստանյալը մտավախություն ունի, եւ ի՞նչն է դրա պատճառը: Արթուր Քլյանը հաստատեց, որ մտավախություն ունի:

Ցուցմունքներ տվեցին ամբաստանյալներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանն ու Գագիկ Առաքելյանը: Ամբաստանյալներից եւ ոչ մեկը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով «աբսուրդ»:

Արամ Մուղալյանը նշեց, որ ինքը սիրում է ավտոմեքենայով ճամփորդել, զբոսնել եւ այդ նպատակով շատ վայրեր է հաճախում: Ասաց նաեւ, որ սիրում է ավտոմեքենան վարել շատ արագ եւ դրանից հաճույք է ստանում: Ըստ նրա, բացի Սյունիքի մարզից՝ Հայաստանի բոլոր մարզերում եղել է: Նա պատմեց, որ դեպքի օրը ընկերների հետ եղել է Արմավիրի մարզում, սակայն նշեց, որ չի ճանաչում Սիաբանդ Խուդոյանին եւ իրեն մեղսագրվող արարքի հետ բացարձակ կապ չունի:

Արամը հրաժարվեց պատասխանել դատավորի եւ մեղադրողի հարցերին՝ պատճառաբանելով, որ վերջիններս այս գործով անաչառ չեն, ինչի ապացույցը իրեն անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունների անհիմն մերժումն է:

«Ես հարցեր չեմ տա, որ տհաճություն չպատճառեմ»,- հեգնանքով ասաց դատավոր Վահե Խալաթյանը:

Գագիկ Առաքելյանը նշեց, որ ինքը Ռոբերտ Փիլոյանի ընտանիքի անվտանգության աշխատողն է: Ըստ նրա` դեպքի օրը ինքը պարզապես Ռոբերտին է ուղեկցել եւ չի էլ իմացել, թե ուր են գնում: Նույնիսկ ավտոմեքենայից չի իջել, քանի որ ավտոմեքենայում է եղել նաեւ Ռոբերտը: Մի քանի վայրկյանով` բնական կարիքները հոգալու նպատակով ավտոմեքենայից իջել է միայն Արամ Մուղալյանը:

«Մեքենայի մեջ եմ եղել, միայն օդ եմ շնչել, այլ գործողություն չեմ իրականացրել,-ասաց Գագիկը եւ հավելեց,- եթե իմանայի այդպես է լինելու, օդ էլ չէի շնչի: Կես տարի նստած եմ, բայց չգիտեմ ինչի համար»:

Գագիկ Առաքելյանը համեմատության համար ասաց, թե վախենալով է նաեւ երթուղային տաքսի նստելու, քանի որ եթե վարորդն իջնի, ինքն էլ պետք է իջնի, որպեսզի վարորդը հանցագործություն չանի ու արդյունքում իրեն մեղադրեն: «Չափազանցնում եք,-պատասխանեց դատավորը եւ հավելեց,- դրա համար իմացեք, թե ում հետ եք մարշուտկա նստում»:

Ռոբերտ Փիլոյանը եւս հրաժարվեց մողադրող դատախազի հերցերին պատասխանելուց: Իսկ առհասարակ նա դժվարանում էր խոսել առողջական խնդիրների պատճառով, փոխարենը պատասխանեց դատավորի հարցերին: Վահե Խալաթյանը ամբաստանյալից հետաքրքրվեց, թե «ինչու են շատերը գալիս Արմավիրի մարզ ու մեղադրվում»: Հարցին պատասխան չհնչեց:

Աշխատանքային օրն ավարտվեց: Դատական նիստը կշարունակվի երկուշաբթի:





Մեկնաբանություններ (1)

SerVol
Սա է Հայասանի իրականությունը, տղաները ինչ-որ իշխանավորի թաթը տրորել են, դրա համար էլ ամեն ինչ անում են նրանց տուժելու համար: Դե, մեր իշխանավորների մտավոր մակարդակը հայտնի է, պատմություն չեն կարդում, Չաուշեսկուից լավ տղա թող չլինեն, ժողովրդի համբերության բաժակը լցված է, մնում է թափվել: Իսկ այս ..., դատավոր հորջորջվող խալաթյանը, կարող էր կյանքում մեկ անգամ տղամարդ լինել, արդարացնել երիտասարդներին, կիսել ՊԱՐԳև ՕՀԱՆՅԱՆԻ ժակատագիրը, և մեր նման մահկանացուներիս մեջ մնալ որպես տղամարդ տղա, այլ ոչ թե գ..........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter