HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների մեծ մասը վերաբերում է արդար դատաքննության խախտումներին

2005թ-ից մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի վերաբերյալ կայացրել է 48 վճիռ` 45 վարույթներով, որից 43-ում ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում: Խախտում չի արձանագրվել միայն 2 վարույթներով: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Աղվերանում կազմակերպված «Լրագրողների եւ դատական համակարգի միջեւ հարաբերությունների իրավական կողմերը» եւ «Հանրային ծառայության բարեփոխումները, ռազմավարությունը եւ ձեռքբերումները» թեմաներով սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը, «Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ն՝ «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության հետ համատեղ:

Փոխնախարարի խոսքով` որոշ դեպքերում նույն վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով խախտումներ:

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրած վճիռներից արդար դատաքննության իրավունքի խախտում է արձանագրել 18 անգամ. 10-ը ազատության իրավունքին է վերաբերում, 8-ը` վերաքննության, 7-ական վերաբերում են հավաքների և սեփականության իրավունքներին, վատ վերաբերմունքի արգելքին, իսկ 9-ը` Կոնվենցիայի այլ հոդվածների խախտումներին: Սակայն, սա չի նշանակում, որ ՄԻԵԴ-ը Հայաստանից այդքան գործ է ստացել եւ բոլորն էլ բավարարել է: Ռուբեն Մելիքյանը նշեց, որ պարտված գործերով բավարարվել է փոխհատուցումների պահանջի մոտ 3.5 տոկոսը:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ի վարույթում Հայաստանից եղել է 950 գործ, որոնցից մոտ 600-ը ադրբեջանցիների կողմից ներկայացված գանգատներն են: Նշենք, որ նույն ժամանակահատվածում ՄԻԵԴ-ի վարույթում գտնվում է ընդդեմ Ադրբեջանի 1299 գործ, ընդդեմ Վրաստանի` 2883, իսկ Մոլդովայի դեմ` 3256 գործ: 

Նշված ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը ընդհանուր ստացել է 128.100 գանգատ: Վարույթում եղած ՀՀ-ի դեմ գործերը կազմում են ՄԻԵԴ բոլոր գործերի մոտ 0.75 տոկոսը:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ի վճիռները նախադեպային են լինելու նաեւ նույն խնդրին վերաբերող մյուս գործերի համար:

Առաջին դեպքում մի խումբ ադրբեջանցիներ պնդում են, թե մինչեւ ղարաբաղյան հակամարտությունն իրենք ապրել են Լաչինում: Այնտեղ ունեցել են շարժական եւ անշարժ գույք: Պատերազմի արդյունքում արտագաղթել են` թողնելով իրենց ունեցվածքը, որը մինչ օրս չեն կարողանում տնօրինել: Իսկ ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը, ով հարկադրաբար լքել է իր տունը, Ադրբեջանից պահանջում է ապահովել իր վերադարձը հայրենի տուն, ինչը մերժել են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter