
«Մեր որոշումների կիրառման մեխանիզմը կա». Աբրամ Բախչագուլյան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ամփոփելու ծառայության վերջին շրջանի գործունեությունն ու ներկայացնելու անելիքները: Ասուլիսի վերջում Ա. Բախչագուլյանը պատասխանեց նաև «Հետքի» հարցերին:
Ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության ծառայությունը ձկնաբուծարանների մոնիտորինգ է իրականացրել: Վերջերս Ռուսաստանում ծովամթերք արտահանած մի քանի հայկական ընկերությունների արտադրանքի վաճառքի վրա արգելանք դրվեց` աղիքային ցուպիկի հայտնաբերման հիմքով: Ինչպե՞ս էր արտահանված նույն խմբաքանակը ՍԱՊԾ-ն Հայաստանում փորձաքննել և անվտանգ համարել:
Խնդիրն այն է, որ աղիքային ցուպիկը ի հայտ է գալիս նաև փոխադրման ժամանակ, իսկ փոխադրման ժամանակ առաջացած խնդիրների համար ծառայությունը պատասխանատվություն չի կրում: Եթե մենք այստեղ ստուգում ենք, և այդ ապրանքը մի տասնհինգ օրից հասնում է այնտեղ, մենք չգիտենք, թե ոնց է հասել, չենք էլ կարող ասել՝ այնտեղ հասած ապրանքում ինչ խնդիր կա: Նույնը նաև ԱՄՆ արտահանած պանրում աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքում: Պանրի այդ խմբաքանակը Հայաստանում ստուգվել էր, ցուպիկ չի եղել, և Հայաստանից այդ ապրանքը արտահանվել է մոտ երեք ամիս հետո: Թե այդ ապրանքը ոնց են հասցրել ԱՄՆ, ես չգիտեմ:
Ռուսաստանում դրված արգելանքի դեպքից հետո հաղորդագրություն տարածեցիք, որ դիմել եք ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայություն` արգելանքը վերացնելու համար: Արձագանքե՞լ են ձեր դիմումին:
Արգելանք որոշ մասով հանվեց: Մենք դեռ աշխատանքային գործընթացի մեջ ենք: Երկու ընկերության մասով արգելանքը հանվեց, երկու այլ ընկերության մասով դեռ չի հանվել: Այդ դիմումը ոչ միայն ցուցակում գրանցված ձկնարտադրողներին էր վերաբերում, այլև նոր արտահանել ցանկացողներին:
ՍԱՊԾ-ն վերջերս արգելանք դրեց, օրինակ, «Արզնի» կաթնամթերքի մի քանի տեսակների վրա, բայց արգելանքից հետո դրանք վաճառքում էին: Ինչո՞ւ է ծառայությունը արգելանքի որոշում կայացնում, եթե դրա կիրառման համար մեխանիզմ չկա:
Տեսեք, մեր որոշումների կիրառման մեխանիզմը կա, մենք արգելում ենք ոչ թե տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, այլ արտադրության առանձին գործառույթը: Եթե մենք խնդիրը տեսել ենք, օրինակ, կաթնաշոռի մեջ, մենք որոշում ենք, որ տնտեսվարողը չի արտադրելու հենց կաթնաշոռ, խնդիրը այդ կերպ վերացնում ենք: Կամ եթե թթվասերի մեջ է խնդիրը, ասում ենք, որ իրավունք չունեն հենց դա վաճառել:
Խանութներում վաճառվում էր հենց այն արտադրատեսակը, որի վրա ՍԱՊԾ-ն արգելանք էր դրել:
Այդ օրերին խանութներում վաճառվում էր ոչ այն խմբաքանակը, որի վրա արգելանք էր դրվել: Այն խմբաքանակը, որից արվել էր փորձաքննություն, ամբողջովին գտնվում էր ընկերությունում և չէր փաթեթավորվել: Մենք տալիս ենք օրվա արգելանք, ոչ թե տվյալ արտադրության, այսինքն` արգելված խմբաքանակը վաճառքի դուրս չի եկել: Մենք չենք արգելում արտադրություն, դրա իրավասությունը չունենք: (Նախկինում ՍԱՊԾ-ն մեզ պատասխանել էր, որ նշյալ ընկերությունը տուգանվելու է արգելված կաթնամթերքի խմբաքանակը վաճառելու համար):
Երբ հայտնաբերում եք սննդամթերքի տվյալ խմբաքանակի վտանգավորության պատճառը, ինչպե՞ս է վերացվում դա: Օրինակ` եթե պատճառը սարքավորումներն են, համոզված լինե՞նք, որ վաճառվող ապրանքը նույն ձևով չի արտադրվել:
Երբ մենք արգելում ենք այս կամ այն արտադրության առանձին գործառույթ, և այդ գործառույթն այլևս չի իրականացվում, մենք նշում ենք, թե ինչ պիտի անի արտադրողը այդ գործառույթը վերականգնելու համար: Ինչպե՞ս պիտի ախտահանի, ի՞նչ ժամանակահատվածում անի: Եթե դա մանրէաբանական խնդիր է, ստուգում ենք ախտահանման որակը, դրանից հետո տնտեսվարող սուբյեկտը արտահանում էփորձնական արտադրանք` ոչ թե իրացման, այլ ստուգման համար: Փորձնական արտադրանքի նմուշի փորձաքննության դրական պատասխանի դեպքում իմ գրավոր հրամանով թույլատրվում է տնտեսվարողի տվյալ գործառույթի իրականացումը: Ծառայությունն ամեն օր չի կարող գնալ, ստուգել, դրա համար անվտանգության առաջին ապահովողը նախևառաջ արտադրողն է, ոչ թե ծառայությունը:
Ձեր ծառայությունը ոչ միշտ է հրապարակում այն ընկերությունների անվանումները, որոնցում իրականացնում է ստուգումներ` պատճառաբանելով, որ վնասում է ընկերություններին: Ինչո՞ւ: Եթե տնտեսվարողին չվնասելու խնդիր կա, կաթնամթերք արտադրող ընկերություններում վերջերս իրականացված ստուգումներից հետո տնտեսվարողների անունները ինչո՞ւ հրապարակեցիք:
Կաթնամթերք արտադրողների հետ իրականացրել էինք հանդիպումներ, բոլորի հետ, դա ստուգում չէր, ուսումնասիրություն էր, ստուգումները մենք անում ենք` ըստ սուբյեկտների, առանձին-առանձին, այսինքն` այս տարի կարող ենք երեք ընկերություն ստուգել: Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա այդ ժամանակ հենց հրապարակվեցին ուսումնասիրության արդյունքները, ես բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ բաց եմ աշխատում, բոլորին հրավիրել եմ խորհրդակցության, և մենք էլի ենք հանդիպելու կաթնամթերք արտադրող ընկերւթյունների հետ, որովհետև ունենք խնդիրներ. բոլորին զգուշացրել եմ, որ այս օրվանից մինչ այս օրը ուսումնասիրելու ենք, և եթե խախտում գտնեմ, հրապարակելու եմ:
Մեկնաբանել