HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասել են Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենան

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ:

«Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում»,- տեղեկացնում է Նախախորհրդարանը և հիշեցնում, որ երկու օր առաջ` հոկտեմբերի 15-ին, «չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը»:

Նախախորհրդարանի քարտուղարությունը նշում է, որ իրենք հիմնավոր կասկածներ ունեն Կարո Եղնուկյանի գույքին վնաս հասցնողների վերաբերյալ: Նրանք, ըստ հաղորդագրության, Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: «Ավելին` երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք»,- տեղեկացնում է Նախախորհրդարանը: Վերջինս «հիմնավոր կասկածներ ունի» նաև, թե այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության և ոստիկանության, անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ:

«Այդ մասին են վկայում  Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու և սերմանելու գործողությունները, ապա նաև` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաև դրանց նկատմամբ դատախազության և ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսևորվում է նաև Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ: Որպես ասվածի ավելի ընդհանրական ապացույցներ են իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը կառուցապատողի կողմից հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան վնասելու և ապօրինի շինարարություն կատարելու ակնհայտ փաստերն անտեսելու ու օրենքով սահմանված համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաև կառուցապատողի հանցավոր արարքներն ամեն կերպ արդարացնելուն ուղղված  նրանց գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter