HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Երեւանի մէկ օրը

«Մուգ»,   բայց  գունաւոր «Վէրնիսաժ»

Մելիք Արսինեանը իր հարսին պատրաստած սպասքները, հայկական ոճի գլխարկները եւ ծանօթ ընկերներուն նկարած կտաւները ծախելով կը շահի իր ապրուստը: «Վէրինսաժ»ը Երեւանի սրտին եղած այն փոքր տարածքն է, ուր կարելի է հանդիպիլ գիրքերու, նուէրներու, արծաթեղէնի, հայկական   յուշանուէրներու  հաւաքածոյի: Այստեղ է, որ կը հանդիպիմ արձակագիր Լեւոն Ջաւախեանին. ան տօնավաճառի այս երեւոյթը  բացատրելով կ'ըսէ, թէ «Վէրնիսաժ»ը հիմնականը ձեւաւորուած է յատկապէս Հայաստանի անցման տարիներուն,  երբ մարդիկ ստիպուած էին իրենց ունեցած իրերը բերել ու յարմար գիներով վաճառել օրուան հացը ճարելու համար:

Գլխարկ եւ նկարներ վաճառող Մէլիքը ժպիտով է, որ կը դիմաւորէ բոլորին ու կը վանէ այն մտքերը թէ երեւանցիք խոժոռ են ու ժպտալ չեն գիտեր: Մէլիք դժգոհ չէ առեւտուրէն ու գովասանքով կը խօսի հարսին մասին ու կ'աւելցնէ. «Շատ շնորհակալ ենք Սփիւռքից եկող ժողովուրդին: Շատ հաճելի մարդիկ են նրանք. գալիս են գնումներ են անում ու մենք շատ ուրախ ենք»,-կ'ըսէ Մէլիք, ձեռքս սեղմելով կը բարձրաձայնէ  ու կ'աւելցնէ. «Կեցցէ՛ մեր ազգը»:

Մինչեւ Մէլիքին հասնիլս՝ մի քանի գիրք վաճառողներու մօտէն կ'անցնիմ  ու բոլորն ալ կը մերժեն հարցումներուս պատասխանել կամ նկարուիլ:

Վէրնիսաժի սկիզբին կայ գիրք վաճառողներու բաժին մը, ուր Էտիկը (շուրջ 65 տարեկան երեւանցի գրքավաճառ) Կոստան Զարեանի «Նաւը լերան վրայ» հատորը կը վաճառէ հազար դրամով: Այստեղ կարելի է գտնել յատկապէս խորհրդային տարիներուն տպագրուած Հայպետհրատի  հրատարակութիւնները,  որոնք բաւական մատչելի  գիներով ծախու դրուած են: Այսպէս, յարմար գիներով ծախու դրուած են Տէրեանի, Չարենցի,  Շիրազի, Սահեանի ու մանաւանդ՝  Պարոյր Սեւակի հատորները: Էտիկ կը բացատրէ նաեւ, որ այս գիրքերը ամէնէն շատ փնտռուած գիրքերն են:

Յաջորդ  կանգառս եօթանասուն տարեկան  ծերունի  մայրիկի մը զբաղեցուցած  բաժինն է,   ուր մայրիկը  կը վաճառէ գլխարկներ,  բանակային հագուստներ, կօշիկներ եւ այլ իրեր:  Մայրիկը կը մերժէ խօսիլ ու քիչ մը ջղային թոնով կը յառէ՝ «Չնկարես» ու խօսելու առաջարկիս ժխտական պատասխան մը տալով կ'ըսէ. «Ոչ մի բան չեմ ուզում ասել ես էստեղից  ոչ մի բան չգիտեմ,  ի՞նչ ասեմ»  ու խօսքը Հայաստանի մասին շարունակելով կ'ըսէ ՝ «Գնացէք ղեկավարին հարցրէք,  ես  ասելու բան չունեմ»

Կայ այսպիսի խաւ Հայաստանի մէջ: Ամսական  երեսուն-քառասուն հազար դրամի  յոյսին( այսօր թոշակները  այդքան են Հայաստանի մէջ) մնացած այս մայրերն  ու հայրերը մեր բոլորի հոգածութեան արժանի պէտք է դառնան: Ու տեղ մը տանելի չէ,  երբ քսաներկու տարիներու անկախութեան ճանապարհէն ետք  Հայաստանցին տակաւին  ամէնօրեայ «սեւ» հացի խնդիր ունի: Այս մարդկանց առջեւ ոչ մէկ հայրենասիրական խօսք  իմաստ կրնայ թողնել:Սա այն դէպքն է,  որ գլուխդ կը հակես ու լուռ կը հեռանաս....  

 Զարմանալի չէ նաեւ հանդիպիլ այնպիսի մարդկանց, որ տարբեր մասնագիտութիւններու տէր են ու կեանքի պայմաններուն բերումով հասած են  «Վէրնիսաժ» եւ գիրք կամ  տարբեր իրեր վաճառելով կը շահին իրենց ապրուստը: Անոնցմէ է Բաբգէնը, որ մերժեց լուսանկարուիլ: Բաբկէն ունի տարբեր որակի հին ու նոր գրքեր եւ յատկապէս արուեստի ալպոմներ. «Էն կարծիքը, որ չեն կարդում սխալ ա.  էդ  ընդհանուր տպաւորութիւնը,  որ մարդիկ գիրք  չեն կարդում,  դա բոլորովին սխալ ա»,-ու կը պատմէ,  թէ աշխարհի տարբեր կողմերէն մարդիկ կը փութան  «Վէրիսաժ»՝ յարմար ու մասնագիտական  գիներով գիրքեր գնելու: Աւարտի Բաբգէն կը փորձէ համոզել զիս,  որ ինք հարցազրոյցներ տալ չի սիրեր թեպետեւ  շատ կը յարգէ Սփիւռքը ու կը կարեւորէ սփիւռքահայութեան դերը:

Ամէն քայլափոխի կը լսուին ապրանքներու տարբեր գիներու առաջարկութիւներ՝ երեք հազար, երկու հազար, հինգ հազար,  եւ մարդիկ գնումներ կը կատարեն: Անոնցմէ մէկն  է յաջորդ խօսակիցս,  որ կ'ըսէ՝   «Վէրնիսաժի գները շատ ցածր գներ են ու  մեր ժողովուրդը վատ է ապրում,  դրա  համար  հնարաւորութիւն չունի թանկ բաներ գնելու: Էստեղի գները համապատասխանում են  մեր աշխատավարձին»:,-  կ'ըսէ ան  եւ,  անցնելով Սփիւռքին, յոյս կը յայտնէ,  որ մեր  Հայաստան-Սփիւռք կապերը աւելի ուժեղ  կը դառնան եւ կ'ըսէ .  «Մենք ենք տուժում: Ե՛ւ Սփիւռքի ժողովուրդն է տուժում ե՛ւ մենք: Շատ եմ ափսոսում, որ Սփիռքում կան գրագէտ մարդիկ եւ մարդիկ,  որ յաջողութիւնների  են հասել,  բայց չկայ մի կազմակերպութիւն կամ  Լիտէր  որ մեզ բոլորիս միացնի»: Խօսակիցս չուզէր իր անունը տալ ու ժպտալով կ'ըսէ.  «Դա ի՞նչ կարեւոր բան է, որ գրէք, սովորական հայ,սովորական երեւանցի»:

Երեւանի այս հատուածին մէջ կարելի է հանդիպիլ  նաեւ  օտար զբօսաշրջիկներու:  Անոնցմէ է Պէլճիքացի Փիէռը,  որ իր հայազգի ընկերուհիին հետ եկած է Երեւան ու կը պատմէ, թէ  այս երկրորդ անգամն է, որ կ'այցելէ  այստեղ գնելու համար  հնատիպ գիրքեր,  նկատել տալով,  որ  «այս վայրին մէջ եղած գիրքերը շատ հազուագիւտ են,  ես այսօր  օրինակ  յաջողեցայ գորգագիտութեան նուիրուած  գիրք մը գնել,  որ Մանիա Ղազարեանի   հեղինակութեան կը պատկանի »:

Յաջորդ  խօսակիցս Կոլիա Անդրէասեանն է,որ մանրակերտ  նուագարաններ կը վաճառէ եւ կ'ըսէ ՝ «Այս բոլորը իմ ձեռքի  աշխատանքն են»: Ուշադիր կը նայիմ   Կոլիայի ձեռային հետաքրքրական աշխատանքներուն,  մինչ ան կը շարունակէ  պատմել,  ըսելով , թէ «Դժգոհ չեմ  բայց էստեղ վաճառքը սեզոնային է,  երբ զբօսաշրջիկներ են գալիս, մեզ   մօտ առեւտուրն աշխուժանում է»:

«Վէրնիսաժ»-ի միակ գրողը 

Լեւոն Ջաւախեանի հետ խօսիլը հեշտ չէ: Ան սկիզբը հարց կու տայ՝  ինչի՞ մասին ես գրում ու կը բողոքէ՝ «Տղայ ջան էսպէս նիւթ ո՞նց կարաս գրես...»:  Ես կը փորձեմ բացատրել,  որ  իրմէ երկու խօսք կ'ուզեմ «Վէրնիսաժ»ի մասին,  մինչ  կողքի ընկերները կը  միջամտեն ու անոնցմէ  ամէն մէկը իր  ըսելիքը կ'ունենայ:  Նորութիւն չէ,  որ Երեւանի մէջ ամէն  ոք իր խօսքն ու ըսելիքն ունի.  իսկ ես կացութեան տիրապետելու համար  Լեւոն Ջաւախեանի հետ քիչ մը հեռանալով կը փորձեմ իրմէ  կարճ  խօսք մը առնել:

Լեւոնն է խօսողը, որ կ'ըսէ ՝ «Կեանքը պիտի ապրել մանրամասն, կեանքը չպիտի խմել  մի բաժակ ջրի պէս  միանգամից: Ես, օրինակ, վաթսուն տարեկան եմ դարձել ու    գիտեմ,  որ ջուրը  պէտք ա ումպ-ումպ խմել: Ես ոչ թէ  ջուրն եմ ումպ-ումպ խմում,   այլ    կեանքն  եմ  մանրամասն վայելում: Մարդիկ կեանքի մէջ երջանկութիւն են փնտռում  ու հազար ու մի բան են ասում էդ մասին: Նրանք    երջանկութեան մէջ  երջանկութիւն են փնտռում: Եթէ դու  նպատակ ու խնդիր ես դնում քո առաջ ու փորձում ես ինչ-որ տեղ հասնե,լ դա արդէն երջանկութիւն է: Կեանքն ամբողջութեամբ  խնդիրների լուծում է: Եթէ գրում ես,  խնդիր ես դնում առջևդ: Եթէ ապրում ես ու առջևդ առաստաղ ես տեսնում    եւ ուզում ես հասնես,  դա հրաշալիք է: Մինչեւ մահանալը մարդ պիտի ապրի.ու  գրողը-   եթէ լաւ գրող է- ապրում է մինչեւ  անմահութիւն,   յետոյ միայն մահանում է: Եթէ կարողանում ես անհմահանալ ու յետոյ  մեռնել,  դա ոչ թէ երջանկութիւն է, այլ՝ դրախտ»:

Արծաթեայ խաչեր, շղթաներ,  մատանիներ  եւ օղեր    վաճառող Ջաւախեան անոնցմէ եղաւ,  որ անցումի տարիներուն տունը չնստաւ ու ծոյլօրէն չյոխորտաց,  թէ ինք գրող է,  ու ազգը պարտաւոր է պահել զինք,  այլ մաքառեցաւ ու  պահպանեց իր արժանապատուութիւնը:

... Անձրեւի առաջին կաթիլները սկսան թաց ընել Երեւանի յատկապէս Հիւսիսային երկարաւուն պողոտան,   որմէ անցայ յետիոտն: Նստայ իմ նախասիրած աթոռին  եւ սկսայ    առաջին բառերս շարել: Ստեղնաշարս ջղային չէր, տողերուն ու բառերուն տակ  բողոք չկար, քաղաքական ո՛չ մէկ պատգամ, ո՛չ մէկ   աւելորդ ալեկոծում: Միայն սիրոյ  որոնում՝ քաղաքի մը   մէջ,  որ կոչուած է մերը ըլլալու:Անոր բնակիչներուն, անոր սեւ ու  արեւէն  հագեցած դէմքերուն, անոր դժուար ապրուստի  տուայտանքներուն  մէջ ապրող բնակիչներուն բերնէն  պիտի քաղես սիրոյ  առաջին ու վերջին բառը:

Ճիշդ է, որ այստեղ կան  մարդիկ որ օրուան հացին կարօտ են: Ճիշդ է, որ այստեղ կան մարդիկ, որոնց աղքատութիւնը եւ ցաւը մեր բոլորինն է: Բայց ան մերն է:

Այս քաղաքը առաջին հայացքով  կոպիտ,  կովկասեան, մերժողոկան շեշտ մը ունի: Բայց խորքն այլ է:

Կարեւոր է մտնել  անոր խորքը: Հոն սիրոյ  մեծ պաշարներ կան: Կարեւոր է  դուռը  թակել ու ներս մտնել:

Յոգնած օրէ մը ետք,  քրտինքի, հաց ունենալու, կարօտի բոլոր զգացումներով ծանրացած, երբ տանդ դռան բանալին կը դարձնես՝ ներս մտնելու համար:

Երեւանը ներսդ է: Ներսը հարազատներդ կան: Ներսը քու աշխարհդ է:

Իր ամէն ինչով,  իր պատմութեամբ, պայքարով,  գաղթականի անցեալով, որոնումներով ու ամէնէն կարեւորը բառով:

Անոր բառին մէջ ինքնութեան մը բոլոր արժէքները կան: Կան կեանքի բոլոր մնայուն բաները՝  մինչեւ անմահութիւն ապրելու ու  յետոյ մեռնելու:

Այսպիսին  է Երեւանը:

Անոր մայթերը թաց, մայթերուն վրայ տարբեր ու գունագեղ բառեր: Ու յատկապէս  ձմրան  հետ հանդիպելու ու թէյ խմելու պատրաստ մեծ  երազողներ:

....Այսպէս անցուցի   Երեւանի մէկ օրս:

Մեկնաբանություններ (2)

ՀՀ քաղաքացի
Հարգելի Հետք, այս նյութի վերնագիրն ինձ հիշեցրեց մի բան, որ ցանկանում եմ անպայման ձեզ ցույց տալ, որ դուք նյութ պատրաստեք դրա մասին: Խնդրում եմ ներքոնշյալ հղումներով ծանոթանալ այս ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆԸ և հուսով եմ, որ այն անպատասխան չի մնա: http://orelireshka.ru/spring-season/7-sezon-nazad-v-sssr/erevan.html http://news.day.az/society/444522.html Կարծում եմ՝ կհամաձայնվեք, որ հաղորդումից պարզ է՝ ում ձեռագիրն է սա.. Կարծում եմ նաև, որ ցանկացած հրապարակում, ինչպես Ադրբեջանի պարագայում, պետք է ուղղված լինի հիմնականում ներքին հանրությանը, իսկ համարժեք պատասխանը պետք է՝ լինի պետական մակարդակով: Շնորհակալություն: .
ՀՀ քաղաքացի
Հարգելի Հետք, կցանկանայի իմ նախորդ մեկնաբանությանը որևէ արձագանք լսել: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter