
Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքը. առաջին հարցը վերաբերում էր Զ. Փոստանջյանին
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Գրանցվել է 113 պատգամավոր: Ընտրվելուց հետո առաջին անգամ ԱԺ էր եկել թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը, ում պատգամավորները դիմավորեցին ծափահարություններով: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո նշված ընտրատարածքում անցկացվեցին արտահերթ ընտրություններ:
Նիստի սկսվելուց րոպեներ անց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Զարուհի Փոստանջյանի եւ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների միջեւ Մեղրի-Երեւան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրությունը:
Ն. Փաշինյանն ասաց, որ այդ հարցով դիմել էր նաեւ նախորդ քառօրյայի ժամանակ: Ըստ նրա` օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչները, առանց ՀՀ իրավապահ մարմինների ուղեկցության, ծառայություն են իրականացրել մայրուղու վրա: Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր տեղեկանալ, թե որ օրենքի, իրավական ակտի համաձայն են օտարերկրա հատուկ ծառայության ներկայացուցիչներն իրականացրել նման ծառայություն եւ խոչընդոտել մի խումբ քաղաքացիների եւ ԱԺ պատգամավորի ազատ տեղաշարժը:
«Բոլորը օրենքի առաջ հավասար են: Ես հրավիրել եմ խմբակցությունների ղեկավարներին, իրենց ներկայությամբ ընթերցել եմ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարից ստացված պատասխանը: Ներկա է գտնվել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը»,-պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ պայմանավորվել էին, որպեսզի այդ տեղեկատվությունն իրեն տրամադրվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի տրամադրվել: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խնդրով հետաքրքրված բոլոր պատգամավորները կարող են վերցնել գրության պատճենը, իսկ Զարուհի Փոստանջյանին չի տրամադրվել, քանի որ վերջինս զբաղված է եղել թիվ 38 ընտրատարածքի ընտրություններով, իսկ հետո մեկնել է Ստրասբուրգ:
Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հարց տալու իր իրավունքը, կրկին նույն հարցով դիմեց Հովիկ Աբրահամյանին: Վերջինս ասաց, որ ինքն ուսումնասիրել է նամակը եւ, իր կարծիքով, խախտում չի արձանագրել: Նա, դիմելով պատգամավորին, ասաց, որ եթե պատասխանը չի գոհացնում նրան, դա այլ հարց է: «Դուք ե՞րբ եք բավարարվում որ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հորդորեց կարդալ գրությունը:
Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ այս ԱԺ-ն անմասն է մնում կարեւոր իրադարձությունների քննարկմանը եւ առաջարկեց այդքան ծախսեր չիրականացնել եւ լուծարել խորհրդարանը: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ չի հավատում Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, քանի որ «կյանքը ցույց տվեց, որ դուք կարող եք զբաղվել նաեւ զրպարտությամբ: Բա էլ ո՞նց հավատամ: Ես հավատում եմ պաշտոնական գրությանը»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել