
«Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ»
Հարցազրույց թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ
Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված
-Նախ թույլ տվեք իմ վերջին հարցազրույցներում բոլոր զրուցակիցներին տրվող հարցը կրկնել՝ ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա Հայաստանը:
-Ժողովուրդը մի բառ ունի, բոլորս էլ գիտենք։ Ես արդեն հոգնել եմ, որ հարցազրույցներում հոռետեսական մտքեր եմ արտահայտում, թեև դա տհաճությամբ եմ անում՝ իրատեսությունից ելնելով: Ես չեմ տեսնում առաջընթաց, տեսնում եմ, որ նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների համեմատ չենք զարգանում, այլ հետ ենք գնում, հուսալի որևէ բան չեմ տեսնում: Ուրախալի ինչ-որ երևույթներ կան, բայց դրանցով առաջընթաց չի լինի, որովհետև հասարակության զարգացման դրդապատճառները սառեցված են այն մարդկանց կողմից, ում համար բնականոն կեցությունը հավասարազոր է ինքնաոչնչացման։ Մակաբույծ այս շերտը մարդկանց դրդել և դրդում է ապրելու կեղծ խորհրդանիշներով, ինչպիսին, օրինակ, այս թարմ «տոնն» էր՝ Էրեբունի-Երևանը՝ փող լվանալու միջոցառումներից մեկը։ Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված։ Այդ խորհրդանիշները մեզ խաբում են՝ ետ պահելով իրական զարգացումից: Մենք խորհրդանիշ ենք դարձրել Մասիս սարը, որն ընդամենը սար է, և որը պետք չէ շփոթել Աստծո հետ: Մեզ այլասերում է պատմության ու մշակույթի հանդեպ մեր մոտեցումը, մեր իսկ գնահատանքը: Որտեղ պատահի՝ սիրով գովերգում ենք այդ խորհրդանիշները․ մենք սիրով գնում ենք դեպի տխուր անցյալ, դժկամությամբ վերադառնում ներկա․ ապագայի մասին կարող ենք մոռանալ։
-Ո՞ր կետից սկսվեց այդ կեղծավորությունը, ժամանակից հե՞տ ենք մնացել:
- Գուցե ինչ-որ կետից սկսվել է․ մենք այդ կեղծ խորհրդանիշներով ապրել ենք սովետի տարիներին, նույնը շարունակում ենք հիմա՝ նորաթուխ կեղծ կուռքերի ավելի ընդգծված պաշտամունքով: Պարզագույն օրինակ․ Արցախյան պատերազմի իրական հերոսները կա՛մ չկան, կա՛մ ապրում են շատ վատ պայմաններում, մինչդեռ կեղծ հերոսները պաշտոններ են զբաղեցնում՝ ծառայում են այն միապետին, որն իշխանության բոլոր լծակները վերցրել է իր ձեռքը: Մենք ունենք մի նողկալի ավտորիտար երկիր՝ կեղծ դեմոկրատական արժեքներով: Վերնախավը շատ լավ օգուտ է քաղում վաղուց այլասերված դեմոկրատիայից, որը վերածվել է ֆաշիզիմի տարատեսակի:
Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս
-Իսկ քաղաքացիական շարժումները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում:
-Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս, որը պայքարում է իր քաղաքացիական իրավունքների համար, թեպետ նա չի ծնվել անկախ երկրում, որովհետև Հայաստանն անկախ չի եղել նաև այս 22 տարիներին: Ժողովուրդը քաղաքական շարժում սկսելու ուժ չունի, և բացի դա՝ ընդդիմությունը գոյություն չունի, որ ժողովրդին առաջնորդի: Հայաստանում ընդդիմությունը մեռնում է օրորոցում։ Բայց ամեն ինչ կարող է սկսվել քաղաքացիական շարժումներից: Երիտասարդները երևի բնազդով են ուզում քաղաքացիական հասարակություն ձևավորել, որովհետև զգում են, որ միայն այդ դեպքում կարող են նորմալ ապրել: Մյուս կողմից՝ այս իշխանությունները ոչ մի զիջման չեն գնում՝ զավթիչի պես մոտենալով ժողովրդին։ Քաղաքացիական շարժումները կարող են ծնել նաև քաղաքական ուժ, հետևաբար՝ առողջ ընդդիմություն: Վերջիվերջո, մենք չենք ծնվել դժոխքում:
-Պարոն Մկրտչյան, մի ժամանակ ընդդիմությունն իշխանափոխության պահանջ էր դնում, հիմա, կարծես, այլևս օրակարգում չկա այդ հարցը, այլևս ակտուալ չէ: Այսօր որևէ մեկն իշխանություններից չի պահանջում հեռանալ: Ինչո՞ւ:
-Եթե ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն, դա կարող է խոսել երկու փաստի մասին. առաջին՝ ընդդիմությունն ազնվորեն ուզում է իշխանափոխություն, երկրորդ՝ ակնարկում է, որ պատրաստ է ինտեգրվել իշխանությունների հետ: Հայաստանում բազմիցս ապացուցվեց, որ երկրորդն է գործում, այսինքն՝ ընդդիմության պահանջները հանգում են նրան, որ սիրով ինտեգրվում են իշխանութունների մեջ՝ դառնալով հանցավոր ռեժիմի մի մասը: Ցավոք, Հայաստանում այդպես է եղել: Իրական ընդդիմությունը նվիրված է իր գործին, պայքարում է ավելի շատ հանուն ապագայի, հանուն առաջընթացի, հանուն ժողովրդի, քան իշխանատենչության:
-ՀԱԿ-ը ներառվո՞ւմ է Ձեր նշած իրական ընդդիմության մեջ:
-Իմ նշած չեղած ընդդիմության մեջ ներառվում են բոլոր այն տարրերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, այդ թվում նաև՝ ՀԱԿ-ը:
-Շատ հաճախ հասարակությանը մեղադրում են, որ երկրում ստեղծված վիճակը հանդուրժում է, որ չի ըմբոստանում: Նախագահական վերջին ընտրություններին, սակայն, հասարակության կես միլիոն հատվածն իր դժգոհությունն արտահայտեց Սերժ Սարգսյանից, հետո փորձեց համախմբվել, բայց դրան հաջորդեց հիասթափության ալիքը: Ըստ Ձեզ՝ հասարակությունը պատրաստ կլինի՞ կրկին ըմբոստանալու: Ինչո՞ւ հուսախաբ արեցին նրան:
-«Հասարակություն» բառն օգտագործելը մի քիչ վերացական է, և եկեք մնանք գետնի վրա՝ օգտագործելով «ժողովուրդ» կամ «մարդիկ» բառը: Բնական է, որ ժողովուրդը պետք է հիասթափվեր, որովհետև ընտրվողը փոշիացրեց նրա քվեն։ Այս մասին շատ է խոսվել։
Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ
-Եթե Ձեր նկարագրած վատ վիճակը շարունակվի երկրում, ըստ Ձեզ, ի՞նչ կկորցնենք:
-Մենք օրեցօր ամեն ինչ կորցնում ենք: Անկեղծորեն եմ ասում, ինչ լավ բան տեսնում եմ՝ կա՛մ կապված է քաղաքացիական շարժումների, կա՛մ անհատների հետ, ովքեր դեռ ունակ են ստեղծագործական աշխատանքի: Ծախվածների թիվը շատացել է: Մատների վրա կարելի է հաշվել, թե ինչքան մարդ կա, որ ստեղծագործելու ներուժ ունի: Սա աղետ է մի երկրի համար, որովհետև մշակույթ ներկայացնող մարդը պետք է նպաստի երկրի առաջընթացին: Մշակույթը պետք է լինի երկրի առաջ տանող ուժը, բայց մենք ամեն օր տեսնում ենք, թե մշակույթ ներկայացնող մարդիկ ինչպես են ծախվում իշխանություններին՝ մի քանի օր կուռուկուշտ ապրելու մարմաջով: Մարդուն առաջին հերթին կործանում է լավ ապրելու մարմաջը: Թող ոչ մեկը չխաբվի, թե ինչ-որ դրական տեղաշարժեր են լինում: Ի վերջո, պետք է մի քիչ սթափ մոտենալ և հասկանալ, որ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Երևանի կենտրոնը սիրունացնելով, պլպլացնելով չի նշանակում, թե Հայաստանը բարգավաճեց: Երևանի կենտրոնից դուրս համատարած աղբ է, համատարած աղքատություն, համատարած տգեղ շենքեր, որոնց ժամանակակից տարբերակները կառուցում են քաղաքի կենտրոնում: Այս ամենը սրտխառնոց է առաջացնում: Կարծես ամեն օր Երևանի կենտրոնի ծնունդն են նշում, որտեղ հաստաքամակ «էլիտան» փողոցներն է չափչփում՝ ինչ-որ նախիր առաջնորդելով։ Ո՞ւմ են խաբում: Եթե մի երկրում գրախանութներ են փակվում շատանալու փոխարեն, այդ երկիրը դատապարտված է կործանման: Իշխանություննե՛րն են թույլ տալիս, որ այդպես լինի, նշանակում է՝ այսօր իշխանությունները երկիրը տանում են կործանման: Իշխանությունները կարող են տգետ լինել, բայց ոչ այս աստիճան։ Իրենք ի խորոց սրտի ատում են գիրը և հատուկ առաքելություն ունեն երկիրը դարձնել իրենց հանգույն միջակների ու անգրագետների երկիր:
-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը հուսահատեցնում:
-Ինձ հուսահատեցնում է մարդկանց բթամտությունն ու ինքնագոհությունը: Նման բթամիտ ու ինքնագոհ կերպարներ նույնիսկ կինոներում չկան, նույնիսկ Մարկեսի, Ֆոլքների մոտ չեմ հանդիպել: Երևի Շեքսպիրն ունի նման կերպարներ:
Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է
-Ելք կա՞: Իշխանափոխության հավանականություն տեսնո՞ւմ եք:
-Այսպես թե այնպես, իշխանափոխություն լինելու է: Մարդիկ հավերժ չեն: Եթե նկատել եք, մարդիկ սովորաբար նաև ծերանում են, և վերջում բոլորը մեռնում են, ինչպես Շեքսպիրի ողբերգություններում: Սրանք էլ բոլորը մեռնելու են: Եթե մեր սերունդը, մեր որդիները չտեսնեն, մեր թոռները կտեսնեն: Այսպես չի կարող հավերժ շարունակվել: Սրանք այս երկիրը կործանելու այնպիսի արագություն են վերցրել, որ կարող է ոչ մի բան էլ չմնա մեր թոռներին: Փոքր ազգի յուրաքանչյուր հասուն ներկայացուցիչ պետք է ազգայնական (ոչ ազգայնամոլ) լինի: Մենք ազգայնականությունն այնքան սպանեցինք մեր մեջ, որ հիմա կրքոտ ցանկությամբ ուզում ենք վերադառնալ դեպի Ռուսաստանի ճիրանները: Եվ այսօրվա դրությամբ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ երկրի կործանման համար պատասխանատուներից մեկը կարող է ստրկական նամակ գրել ռուսաց թագավորին՝ մի ազգի ներկայացուցչի, որից ամբողջ աշխարհը խորշում է: Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է: Դա պետական դավաճանություն է: Նրանք, ովքեր ցանկություն ունեն մտնել Մաքսային միություն կամ վերադառնալ դեպի ստալինիզմ, պետական դավաճանություն են գործում: Համոզված եմ, որ դա չի էլ լինելու, քանի որ Ռուսաստանը ևս քայքայվում է, որքան էլ Պուտինը ցանկանա ստեղծել սովետական կայսրություն, իր շուրջը համախմբի ԿԳԲ-ականններին, ձախողվելու է այդ միությունը։
Կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն
-Ըստ Ձեզ՝ իշխանությունները չե՞ն տեսնում երկրում ստեղծված վիճակը:
-Շատ լավ են տեսնում: Նրանք չեն էլ թաքցնում, որ երկիրը փոշիացնելու, կործանելու կոնկրետ առաքելություն ունեն: Չգիտեմ, թե այդ ծրագիրը ԿԳԲ-ի որ սենյակներում է մշակվել, կամ թե դա Հեյդար Ալիևի ծրագիրն է, որ ոչ մի պատերազմ էլ պետք չէ վարել Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանին պետք են այսպիսի իշխանություններ, որոնք կքայքայեն այս երկիրը: Վերջիվերջո, ո՞վ է այսօր երկիրը կառավարում՝ այս նախագահն ու սրանից առաջ եղած նախագահը, ովքեր եղել են Կոմսոմոլի կարկառուն ներկայացուցիչներ, կարկառուն ագենտներ: Իսկ ո՞վ է այսօր ենթարկվում Ռուսաստանին՝ իրենք։ Իսկ ո՞վ է ՌԴ նախագահը՝ ԿԳԲ-ի կարկառուն ներկայացուցիչ: Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ:
-Իսկ ո՞վ է ժողովուրդը նրանց համար:
-Սովորական զանգված, որը, ըստ նրանց, պետք է լինի հլու-հնազանդ՝ հնարավորինս մուծելով հարկերը՝ պատռվելով, մի ձևով մուծելով: Իրենք մտածում են, որ հանրային տարածք վերցնեն և սեփականացնեն, որտեղ կանգնելու համար պետք է փող վճարես: Ինչո՞ւ են իրենք ձգտում իշխանության, ինչո՞ւ են ստեղծել ոստիկանական երկիր․ որովհետև մտածում են, որ թալանելու տեղ դեռ կա: Իրենք արդեն հասել են ժողովրդի գրպանների անկյունները, մտածում են՝ երկրի ընդերքից էլ ի՞նչ կարելի է վերցնել:
-Հետո՞:
-Հետո կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն․ երկրորդն ավելի հավանական է իրենց դեպքում:
Լուս.՝ Հասմիկ Դանիելյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել