Յուրի Մինասյան. «Քանդակագործական խոհանոցի մեջ վախ չունեմ. համով ճաշեր եմ եփում»
«Շատ ուրախ և հաջող տարիներ եմ ունեցել, ունեցել եմ նաև անկումային տարիներ, բայց այդ ամենը շրջանցել եմ, և սերն է հաղթել` իմ սերն արվեստի նկատմամբ», - ասում է քանդակագործ Յուրի Մինասյանը:
Այսօր Նկարիչների միությունում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը: Վերջինիս գործերը տեղադրված են Սիրիայում (Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան), Ֆրանսիայում (խաչքար-հուշարձան), Բուլղարիայում (խաչքար), Թուրքմենստանում (հուշարձանների շարք), Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարբեր մարզերում:
Յ. Մինասյանի խոսքերով` այս ցուցահանդեսի համար ընտրել են հատկապես այն նմուշները, որոնք իր սրտին շատ մոտ են:
«Մարդ կա` ամեն ինչ բերում, լցնում է, ես ասում եմ` քիչ լինի, բայց համով բան լինի, ոչ թե ամեն ինչի մեջ բադրջան գցենք», - ասում է քանդակագործը:
Ներկայացված գործերից նա առանձնացնում է հատկապես «Իսրայելի Օրի» և «Գուսան Ջիվանու մոտ» քանդակները: Այժմ էլ բազմաթիվ ծրագրեր ու կիսատ գործեր ունի, բայց դրանց մասին չի սիրում խոսել. չի ուզում ժամանակից ու գործից առաջ ընկնել:
«Ինչ նյութով ուզում եք` աշխատեմ: Քանդակագործական խոհանոցի մեջ վախ չունեմ. համով ճաշեր եմ եփում»,- ասում է նա:
Քանդակագործի ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով ճանաչում է Յուրի Մինասյանին 1993 թ.-ից: Նրա խոսքով` քանդակագործի գործերին ծանոթացել է հատկապես Ռուսաստանում եղած ժամանակահատվածում, մասնավորապես` Սանկտ-Պետերբուրգում: «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ երկուսն էլ թիֆլիսեցի են, անգամ որոշ ժամանակ միմյանց հարևանությամբ են ապրել: Այսօր էլ մեկ-մեկ այցելում է քանդակագործին իր արվեստանոցում: Ա. Տեր-Թադևոսյանի խոսքով` եթե այժմ շատերը միայն տարված են գումար վաստակելով, ապա Յ. Մինասյանի համար իր արվեստը ինքնարտահայտման միջոց է:

«Նա մեծ վարպետ է», - հավելում է Կոմանդոսը:
«Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը նույնպես երկար տարիներ է, ինչ ճանաչում է քանդակագործին:

«Իր ստեղծագործության մեջ ենք մեծացել, նրա գործը հարստացանում է մեր մշակութային ժառանգությունը, - ասում է Լ. Գալստյանը: - Թեմաները, որոնց նա անրադառնում է, մեր մասին են, այնտեղ մեզ տեսնում ենք. մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Նա վավերական ձեռագիր ունի»:

14-ամյա Սաբինա Խաչատրյանը ընկերների հետ նույնպես եկել է ցուցահանդեսին: Այժմ սովորում է Հ. Խոջոյանի անվան կրթահամալիրում և մեծ սեր ունի արվեստի նկատմամբ: Ներկայացված գործերից առանձնացնում է հատկապես «Արեգակնային համակարգ» (Մոսկվայի աստղադիտարան) գործը, քանի որ հետաքրքրված է հին աստվածների դիցաբանությամբ:

Խոսելով քանդակագործներին փոխարինող երիտասարդ սերնդի մասին` Յ. Մինասյանն ասում է, որ շնորհալի ու տաղանդավոր ուսանողներ ունի, պարզապես գիրք քիչ են կարդում:
«Երիտասարդներին ծեծում եմ, բայց այդ ծեծի մեջ սեր կա», - ծիծաղելով ասում է քանդակագործը:
Նկարիչ Էդվարդ Վարդանյանի խոսքով` Յ. Մինասյանի ստեղծած քանդակների քանակը քիչ չէ մեկ մարդու կարճ կյանքի համար: Սակայն այդ գործերից որևէ մեկը նա չի ցանկանում առանձնացնել:

«Առանձին-առանձին չպետք է գնահատել, պետք է գնահատել ամբողջության մեջ: Մանավանդ, որ անհատական ցուցահանդեսը հեղինակի դեմքն է, իսկ այս ամբողջի մեջ դեմքն իսկապես շատ փայլուն է», - ասում է Է. Վարդանյանը:
![]() |
![]() |
Իսկ այն հարցին, թե ինչն է հատկապես ներշնչում իրեն` Յ. Մինասյանն ասում է, թե ամեն ինչ. «Երիտասարդ աղջիկներից սկսած մինչև մի ամայի տեղ ընկած մամռակալած քարը»:


Առաջին լուսանկարում` «Իսրայել Օրի» և «Գուսան Ջիվանու մոտ» քանդակները
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել