
Սպանված Կարեն Եսայանի բջջային հեռախոսը գործը քննող քննիչը իրեղեն ապացույց չի ճանաչել
Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը դեռ ապացույցների հետազոտման փուլում է: Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր որպես իրեղեն ապացույց զննել սպանվածի մեքենան: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, 2012 թ.-ի ապրիլի 12-ին Կարեն Եսայանին սպանել էին սեփական մեքենայում՝ կրակելով աչքին:
Հոկտեմբերի 8-ի դատական նիստի ժամանակ արված միջնորդության քննարկումը դատավոր Մարտին Սարոյանը հետաձգեց՝ պատճառաբանելով, թե նիստից բացակայում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը եւ մեղադրողներից Արմեն Մարուխյանը, իսկ եթե պիտի իրեղեն ապացույցի զննում կատարվի, ապա կողմերը պարտադիր պետք է ներկա լինեն:
Դատավոր Մարտին Սարոյանը չընդմիջեց նիստը, ինչպես սովորաբար անում էր, երբ կողմերից որեւէ մեկը ուշանում էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, թեպետ արդեն իսկ տեղեկություն կար, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ու մեղադրող Արմեն Մարուխյանը մոտ 40 րոպեից կլինեն Գյումրիում:
Հոկտեմբերի 22-ի նիստին դատարանը բավարարեց փաստաբան Լուսինե Սահակյանի վերոնշյալ (մեքենան զննելու մասին) միջնորդությունը՝ որոշում կայացնելով իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան քարշակի կամ վարելու միջոցով դատարանի բակ տեղափոխել: Սակայն այս որոշման դեմ Լուսինե Սահակյանը առարկեց՝ նշելով, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան, որ դեպիք վայրից տարվել է Գյումրու ոստիկանության քննչական բաժանմունքի բակ եւ հանձնվել հատուկ պահպանության, չի կարելի տեղաշարժել, առավել եւս, որ որեւէ մեկը վարելով այն բերի: Լավագույն տարբերակը կլինի այն, որ դատավարության կողմերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենք գնան քննչականի բակ:
Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց: Այդ ընթացքում նշված վայր մեկնեցին պաշտպանական կողմը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: 10-15 րոպե բակում սպասելուց հետո պարզվեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան հնարավոր չէ զննել: Դատավոր Մարտին Սարոյանն այդ ընթացքում զանգահարեց փաստաբան Հունան Բաբայանին եւ խնդրեց վերադառնալ, քանի որ մեքենայի բանալին Երեւանում է՝ վարույթն իրականացրած քննիչի մոտ:
Դատարանի դահլիճում նիստը վերսկսելուց հետո, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դատարանն ուներ 14 օր ժամանակ այդ խնդիրը լուծելու, սակայն, չգիտես ինչու, չի արել եւ միայն նիստի օրն է պարզել, որ բանալին ոչ թե դատարանում է, այլ Երեւանում:
«Եվ հետո, ի՞նչ է նշանակում իրեղեն ապացույց հանդիսացող մեքենայի բանալին Երեւանում է քննիչի մոտ: Գործի վարույթն իրականացնող քննիչն անցել է կենսաթոշակի, ի՞նչ է, բանալին էլ հե՞տն է տարել,- հարցեց փաստաբան Հունան Բաբայանը,-բանալին պիտի լիներ դատարանում, ինչպես մյուս ապացույցները, ոչ թե քննիչի մոտ կամ Երեւանի քննչական վարչությունում»:
Փաստաբան Հունան Բաբայանը հայտարարեց, որ իրենց համար ոչ միայն անակնկալ էր իրեղեն ապացույց հանդիսացող բանալու բացակայությունն, այլեւ այդ նույն ապացույցի պահպանությունը: «Եթե նշվում է, որ մեքենան հանձնվել է հատուկ պահպանության, ապա պիտի փաստեմ, որ մենք այդ պահպանությունը չտեսանք,- հայտարարեց փաստաբանը,- լրատվամիջոցներն էլ արձանագրեցին, որ այն պատշաճ չէր պահպանվում: Տեղում մենք ֆիքսեցինք մեքենան, որը գտնվում էր անմխիթար վիճակում եւ կարող եմ ասել, որ ցանկացած մեկը, ցանկացած գործողություն կարող էր այդ մեքենայի հետ իրականացնել առանց խոչընդոտի»:
Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին զննության համար տրամադրել նաեւ սպանված Կարեն Եսայանի անձնական իրերը, որոնք քննիչը վերադարձրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանին: Խոսքը վերաբերում էր դեպքի օրը Եսայանի մոտ հայտնաբերված ոսկե մատանուն, ծխախոտի տուփին, ավտոմեքենայի եւ ավտոտնակի բանալիներին,10 դրամանոց մետաղադրամին եւ հեռախոսին: Փաստաբան Լուսինե Սահակյանին զարմացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Եսայանի բջջային հեռախոսը քննիչն իրեղեն ապացույց չէր ճանաչել:
«Հնարավոր է Կարեն Եսայանն այդ ծխախոտի տուփի վրա գրառում է կատարել, ով է իրեն հետապնդում, օրինակ եմ ասում, կամ հեռախոսով նկարահանումներ կատարած լինի, ձայնագրություն կատարած լինի: Եթե զննված չէ հեռախոսը, չգիտենք ովքեր են իրեն զանգահարել, երբ են զանգահարել, քանի անգամ է խոսացել, որ ժամին է խոսացել, հարգելի դատարան, էս ամբողջը պատկերը մենք կունենանք մաիյն այն ժամանակ, երբ որ կզննենք նրա անձնական իրերը: Ուստի հարգելի դատարան, մենք մեր միջնորդությունը պնդում ենք»,- հայտարարեց փաստաբանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ասաց, որ Վարդուհի Էլբակյանը Եսայանի իրերը հանձնել է նրա մորը՝ Անահիտ Իսկանդարյանին: Մելքոնյանը վստահ չէ, թե ծխախոտի տուփը պահպանվել է, սակայն խոստացավ բջջային հեռախոսը խնդրել տիկնոջից եւ հաջորդ նիստին ներկայացնել դատարան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:
Մեկնաբանել