
Օրենքի խախտումներն ԱԳՆ-ում սովորական երևույթ են
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում ասվում է.
«Դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչև 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»:
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածն ասում է՝ դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է: Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ում կան նաև 70-ն անց աշխատակիցներ:
Վիգեն Չիթեչյան – ծնվել է 26. 06. 1941 թ., դեսպան է նշանակվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք` 1995 թ. Ֆրանսիայում, 1997 թ. նշանակվել է Բելգիայում և Բենիլյուքսի երկրներում, 2009-ին` կրկին Ֆրանսիայում: 18 տարի բացակայում է երկրից. ավելի երկար, քան նույնիսկ Նալբանդյանը` 1992-2008 (16 տարի):
Արշակ Փոլադյան- ՀՀ դեսպան ԱՄԷ-ում 2000-2006 թթ. 2007թ-ից` ՀՀ դեսպան Սիրիայում. երկրից բացակայում է 12 տարի:
Արմեն Մարտիրոսյան- ՄԱԿ-ում ՀՀ դեսպան 2002-2009 թթ., 2009-ից` ՀՀ դեսպան Գերմանիայում, երկրից բացակայում է 11 տարի:
Արմեն Խաչատրյան- ՀՀ դեսպան Ուկրաինայում 2003-2010 թթ., 2010-ից` Բելառուսում. երկրից բացակայում է 10 տարի:
Կարեն Նազարյան- ՀՀ դեսպան Իրանում 2005-2009 թթ., 2009-ից` ՀՀ դեսպան ՄԱԿ-ում. երկրից բացակայում է 9 տարի:
Աշոտ Քոչարյան- ՀՀ դեսպան Հնդկաստանում 2005-2009 թթ., 2009-ից` ՀՀ դեսպան Լիբանանում, երկրից բացակայում է 9 տարի:
Թաթուլ Մարգարյան - ՀՀ դեսպան ԱՄՆ-ում 2005 թ.-ից. երկրից բացակայում է 8 տարի:
Օլեգ Եսայան- ՀՀ դեսպան Բելառուսում 2006-2010 թթ., 2010-ից` ՀՀ դեսպան Ռուսաստանում. երկրից բացակայում է 7 տարի:
Աշոտ Գալոյան –ՀՀ դեսպան Լեհաստանում 2006 թ.-ից, երկրից բացակայում է 7 տարի:
Վահագ Մելիքյան - ՀՀ դեսպան ԱՄԷ-ում 2006-2011 թթ., 2011 թ.-ից` ՀՀ դեսպան Արգենտինայում, երկրից բացակայում է 7 տարի:
Վլադիմիր Բադալյան - ՀՀ դեսպան Թուրքմենսատանում 2008 թ.-ից, երկրից բացակայում է 5 տարի:
2009 թ.-ին նշանակված դեսպանները, համաձայն օրենքի, կամ պետք է հետ կանչվեն, կամ նշանակվեն այլ երկրում:
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ժամկետը երկու տարի է, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով»:
Այս կատեգորիայի դիվանագետների, ինչպես նաև` գլխավոր հյուպատոսների նշանակումների մասին կայքերում ոչինչ չկա, սակայն տասնյակ դիվանագետների համար խախտվել է նաև օրենքի այս հոդվածը: Բազմաթիվ դիվանագետներ օրենքով նախատեսված 3 տարվա փոխարեն անընդմեջ պաշտոնավարում են 4-6 տարի, մինչդեռ դիվանագետներ կան, որ 10 տարուց ավելի է` չեն գործուղվում դեսպանություններ:
Դոնի Ռոստովում 10 տարուց ավելի ՀՀ հյուպատոսն է Արարատ Գոմցյանը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսն արդեն 5 տարուց ավելի է պաշտոնավարում, Լոս Անջելեսի ոչ դիվանագետ հյուպատոսը 5 տարի է այնտեղ, ըստ մամուլի տեղեկությունների` հիմա էլ տեղափոխվում է Մեքսիկա:
Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարը, նրա տեղակալները, բացի Շավարշ Քոչարյանից, ինչպես նաև տասնյակ դիվանագետներ 1992 թ. ՀՀ դեսպանությունների կազմավորումից հետո անընդմեջ կամ երկու-երեք գործուղումներով դրսում են եղել 10-18 տարի:
Էլ չխոսենք տասնյակ չվերադարձածների մասին. ՀՀ բյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվել, մինչդեռ շատ դիվանագետներ անցել են ծառայության այլ տերերի մոտ:
Ահա, այսպիսի կադրային քաղաքականություն:
Նյութը պատրաստելիս տեղեկատվությունը վերցրվել է հետևյալ կայքերից՝
Մեկնաբանել