
Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտը իշխանական շրջանակի մեջ է»
Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
- 2013-ը ընտրական տարի է Հարավային Կովկասի երեք պետությունների համար: Սակայն, միայն Վրաստանում ենք տեսնում իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Ըստ ձեզ` սա կապված է Վրաստանի ներքաղաքական զարգացումների՞, թե՞ արտաքին ուժերի ազդեցության հետ:
- Տարածաշրջանային ընտրությունների այս շղթայում Վրաստանը նշանակալից է երկու պատճառով: Առաջինը Վրաստանում իշխանական «Միասնական ազգային շարժման» պարտությունն էր: Սա տարածաշրջանում առաջին բարեհաջող փորձն էր, երբ տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում ընդդիմությանը: Սա կարևոր ձեռքբերում էր Վրաստանի համար:
Երկրորդը, որը կարևոր դաս էր Հայաստանի և Ադրբեջանի համար, այն է, որ ցանկացած իշխանության համար վտանգավոր է անտեսել հասարակական փոփոխությունների և բարեփոխումների պահանջը: Եթե դիտարկում ենք Վրաստանում Սահակաշվիլիի իշխանությունը, Հայաստանում` հանրապետականների, Ադրբեջանում` ալիևական, ապա այս բոլոր իշխանություններն ունեն իշխանական գոռոզություն:
Բայց ես համոզված չեմ, որ Հայաստանի իշխանությունները սովորեցին այդ դասը: Օրինակ` սեպտեմեբրի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշումը և այն ձևը, որով այն կայացվեց, ցույց է տալիս իշխանությունների անհաշվետու լինելը:
Բայց տարածաշրջանային առումով կա մի հետաքրքիր միտում՝ Հայաստանն ավելի կայուն է, քան իր հարևանները: Դա չի նշանակում, որ այն ավելի զարգացած կամ ժողովրդավար է, պարզապես առավել կայուն է:
Վրաստանի օրինակը կարևոր դաս էր նաև ԵՄ-ի և Արևմուտքի համար: Դասն այն է, որ բավարար չէ ներդրում անել մեկ ժողովրդավար անհատի մեջ, ինչպես, օրինակ, Սահակաշվիլին էր նրանց համար: Անհատ ժողովրդավարի փոխարեն պետք են ժողովրդավարական ինստիտուտներ:
Այս տարածաշրջանում կա ավելի զարգացած քաղաքական մշակույթի և առաջնորդության պակաս:
- Ի՞նչ պայմաններ կամ գործոններ են պետք, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում քաղաքական զարգացումները բխեն քաղաքական ներքին գործընթացներից:
- Այստեղ կա երեք հիմնական գործոն: Նախ՝ կա մի սխալ, որ միշտ արվում է Հայաստանում. երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ժողովրդավարությունը չափվում է` համեմատելով Ադրբեջանի հետ: Այնինչ, ժողովրդավարությունը պետք է չափվի մեր սպասումների և չափանիշների համեմատ:
Երկրորդ` խնդիրն այլևս պայմանավորված չէ մեկ անհատով: Խնդիրը Լևոնը, Ռոբերտը կամ Սերժը չեն, խնդիրը համակարգն է: Իսկ սա նշանակում է, որ խնդրի լուծումը նույնպես անհատից չէ կախված: Այստեղ պահանջվում է համակարգային փոփոխություն:
Այստեղ կան երկու զարգացումներ: Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտը իշխանական շրջանակի մեջ է: Այլևս ընդդիմությունը չէ հանդես գալիս իշխանության դեմ. իրական խնդիրը ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների միջև է: Երկրորդ` ավելի մեծ կոնֆլիկտ կա պետության և օլիգարխների միջեւ: Հայաստանում օլիգարխներն արդեն այնքան են հզորացել, որ վտանգ են դարձել Հայաստանի համար` չվճարելով հարկերը, խարխլելով պետության հիմքերը և այլն: Նրանք դարձել են Ֆրանկենշտեյնի հրեշները, որոնք ավելի զորեղ են, քան իշխանությունները:
Բայց միջնաժամկետ առումով ես լավատեսորեն եմ տրամադրված: Պատճառն այն է, որ փակ քաղաքական և տնտեսական համակարգն այլևս չի կարող նման ձևով շարունակվել, և մենք արդեն մտել ենք փոփոխությունների շրջան: Նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին` երկրորդ փուլում է և հետնորդ չունի: Նա վերջին մոհիկանն է, ղարաբաղյան էլիտայի այն վերջին ներկայացուցիչը, ով իշխանության եկավ Ղարաբաղից և Ղարաբաղի պատճառով: Հաջորդ քաղաքական էլիտան նույն մարդիկ չեն, նույն սերնդից չեն, անգամ չեն եկել Ղարաբաղից: Բայց այն, որ նրանք երիտասարդ են և տարբեր, նրանց ավելի լավը չի դարձնում:
Քաղաքական էլիտայի այս փոփոխության շնորհիվ քաղաքական համակարգը ստիպված կբացվի: Որքան փոփոխության մեջ է գտնվում իշխանությունը, նույնքան փոփոխության մեջ է գտնվում նաև ընդդիմությունը: Կտեսնենք նոր քաղաքական ընդդիմության ի հայտ գալը, ոչ թե հին դեմքերը: Դա չի լինի ՀԱԿ-ը կամ «Ժառանգություն» կուսակցությունը: Դիտարկելով քաղաքացիական շարժումները` տեսնում ենք մարդկանց, ովքեր քաղաքական գործիչներ չեն, այլ երիտասարդներ ու քաղաքացիական ակտիվիստներ են: Այս գործընթացներում ներգրավված չեն անգամ ավանդական ընդդիմադիր կուսակցությունները: Սա մի միտում է, երբ մարդիկ փորձում են հաշվետու դարձնել իշխանություններին և մարտահրավեր են նետում նրանց: Միաժամանակ, մենք տեսնում ենք նոր ի հայտ եկող ընդդիմադիր առաջնորդներ, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը:
Ներկա քաղաքական համակարգը շատ ավելի թույլ է, քան թվում է: Իսկ քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները անգործունակ են, քաղաքական դաշտը բաց է նոր ընդդիմության ի հայտ գալու համար:
- Արդյոք հնարավո՞ր չէ ՌԴ օրինակի կրկնությունը, երբ սահմանադրական փոփոխությունների միջոցով տեղի ունեցավ նախագահի և վարչապետի փոխատեղում:
- Մի կողմից տեսնում ենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների նախագահներն էլ շատ մեծ ուժ ունեն: Բայց նայելով այսօրվա Հայաստանի խորհրդարանի վիճակին՝ խիստ կասկածում եմ, որ այն ի վիճակի կլինի կառավարել երկիրը: Այսօրվա խորհրդարանն արդյունավետ չէ: Այն անգամ չի կարողանում կատարել իր սեփական պարտավորությունները: Երկրորդ` բացակայում է անկախ դատական համակարգը: Եվ նախքան իշխանական համակարգը փոխելը, պետք է փոփոխություն կատարել իշխանության տարբեր ճյուղերը հավասարակշռելու և կայունացնելու մեջ: Օրինակ` տեսնում ենք Հայաստանի մարզպետների խնդիրը, երբ նախագահի կողմից նշանակվող մարզպետները տարածում են ֆեոդալական կարգեր իրենց շրջաններում:
- Հարավային Կովկասի երկրները միմյանց հետ լուրջ խնդիրներ ունեն և ամբողջական չեն, բայց ինչո՞ւ են գերտերություններն այս երկրները դիտարկում որպես մեկ ընդհանուր տարածաշրջան:
- Համաձայն չեմ, կարծում եմ` կա հակառակ խնդիրը: Չկա քաղաքականություն, որն այս տարածաշրջանը կդիտարկի որպես մեկ ընդհանուր միավոր: Բայց կա վտանգ, որ այս տարածաշրջանը դուրս կմնա ինտեգրման գործընթացներից: Վրաստանը շատ արագ շարժվում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, Ադրբեջանը` իր նավթով և հարստությամբ ավելի շատ նմանվում է Միջին Ասիայի ավտորիտար պետություններին: Հայաստանի համար վտանգն այն է, որ այն ստիպված կլինի բավարարվել նրանով, ինչ-որ մնա: Այստեղ առաջ է գալիս մեկուսացման վտանգը, եթե ոչ մի սահման չբացվի:
Երկրորդ` ԵՄ-ը տարածաշրջանի երեք պետությունների նկատմամբ էլ ցուցաբերում է անհատական վերաբերմունք: Վրաստանը կնախաստորագրի Ասոցացման պայմանագիրը, Հայաստանը, դժբախտաբար, հրաժարվեց ստորագրելուց, Ադրբեջանը երբեք էլ հետաքրքրված չի եղել այդ պայմանագրով: Իսկ Ռուսաստանը զենքի թիվ մեկ մատակարարն է Հայաստանի և Ադրբեջանի համար: Այն խաղ է խաղում` Ադրբեջանին լարելով Հայաստանի դեմ, Հայաստանին` Ադրբեջանի և պատժելով Վրաստանին:
Կարծում եմ` ինչպես Արևմուտքը, այնպես էլ Հյուսիսը և Արևելքը չեն դիտարկում Հարավային Կովկասը որպես մեկ ընդհանուր տարածաշրջան, այլ երկրների նկատմամբ ցուցաբերում են անհատական վերաբերմունք: Եթե դիտարկենք այս երեք երկրները, կտեսնենք, որ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային զարգացումներից, և ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ մենք չենք ընտրում մեր հարևաններին: Բայց մենք պետք է ուզած-չուզած մեր ապագան շարունակենք այս հարևանների հետ:
- Գերտերությունները կարող են «գնալ-գալ» տարածաշրջան, բայց, ի վերջո, այստեղ կողք-կողքի շարունակում են մնալ այդ երեք երկրները: Կա՞ մի լեզու կամ միջոց, որով նրանք կարող են խոսել միմյանց հետ և լուծել կոնֆլիկտները:
- Այս տարածաշրջանի ապագան մեծապես կախված է տեղական առաջնորդներից և ոչ թե միջազգային ուժերից: Միջազգային ուժերը կարողանում են մտնել այս տարածաշրջան միայն այն պատճառով, որ տեղական առաջնորդությունն այստեղ թույլ է: Եթե վերցնենք ԼՂ խնդիրը, ապա իրատեսական կլինի ժողովրդավարություն կառուցել երկու երկրներում (Հայաստան և Ադրբեջան), միայն դրանից հետո վերադառնալ կոնֆլիկտին: Բայց իրականում ԼՂ խնդիրը Ադրբեջանն է: Վերջինիս դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ` ռազմավարական: Այն մաքսիմալիստական է. Ադրբեջանն ուզում է ամեն ինչ և նույնիսկ ավելին: Այս առումով Հայաստանը չունի խաղաղության գործընկեր:
Բայց այստեղ խոսքը չի վերաբերում միայն աշխարհաքաղաքականությանն ու արտաքին ուժերին: Նույնչափ կարևոր են տեղական տնտեսությունն ու զարգացվածության մակարդակը: Եթե Հայաստանն ուզում է լինել ուժեղ և կայուն` դիմագրավելու արտաքին ուժերին, դրա իրական բանալին գտնվում է ավելի մեծ ժողովրդավարության ու զարգացած տնտեսության մեջ:
- Ամեն դեպքում, Հարավային Կովկասում քաղաքական գործընթացները լճացած չեն. Վրաստանում փոփոխություններն արագ են տեղի ունենում, Հայաստանում` ավելի դանդաղ: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում քաղաքական զարգացումների ի՞նչ միտումներ կան:
- Հայաստանում բարեփոխումներ կան: Դրանք ընթանում են դանդաղ և չեն ներառում բոլոր ճյուղերը: Բայց միտումները բացասական են: Ամեն տարի Հայաստանի բնակչությունը նվազում է, տնտեսական հեռանկարը դառնում է ավելի վատ: Վտանգն այն է, որ այդ բարեփոխումները տեղի ունեցան շատ ուշ և փոքր չափերով: Բայց երբ ես 8 տարի առաջ ԱՄՆ-ից եկա Հայաստան, ես ավելի վատատեսորեն էի մտածում: Ես Հայաստանը տեսնում էի որպես փոքր պետություն թե՛ բնակչությամբ, թե՛ տարածքով: Բայց ես փոխեցի իմ կարծիքը. չեմ կարծում, որ սրանք միայն բացասական հանգամանքներ են: Հայաստանը շատ փոքր է, հետևաբար շատ ջանք և ներուժ չի պահանջվում իրական փոփոխությունների համար: Եթե լինի քաղաքական կամք և հնարավորություն, Հայաստանը շատ արագ կարող է փոխվել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել