HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր հոբելյան է՝ Լեռ Կամսարի 125-ամյակը

Այս առիթով նվեր ընթերցողներին

Ա Ն Տ Ի Պ Ն Ե Ր 

Ուրբաթ 24.- Սովետական ժողովուրդը տեսած չունի իր կառավարությանը: Կառավարությունը հեռախոսի երկար չվանը տվեր է ժողովուրդին ձեռքը և կայնեցուցեր է իրմէ շատ հեռու: «Մի գա ինձ մոտ, ըսելիքդ թելեֆոնով զարկէ», կըսէ:

Կառավարությունը իր հետ վերցուցած աշխարհի բոլոր վայելքն ու գեղեցիկ կանայք՝ Պառնաս է բարձրացեր:

Այնպէս որ, եթէ արտասահմանին մէջ հանկարծ օր մը հանդիպելու ըլլա իր ժողովուրդին, հավանաբար չճանչնա և օտարի տեղ ընդունի այն ժողովուրդին, որին ինքը 25 տարի կառավարեց...

Ստեղծված են այնպիսի հարմար կարգեր, որ եթէ օր մը կառավարությունը մեռնի, ըսենք, սենյակ ավլող սպասուհին կրնա հեռախոսի փողը վերցնել և դարեր ամբողջ կառավարել՝ քիչ մը բամբ ձայն հանելով: 

Չէ, տվեր է, խելքեն զատ Աստված ամեն հարմարություն տվեր է մեր տերերուն: Խելքէն ու խիղճէն զատ:

----- 

Պտուղներէն միայն վարունգը կճանչնամ, որուն խակն է հարգելի ու հասած կամ դեղնած վարունգը վարուգ չի սեպվեր:

Կուսակցությանց մէջն ալ բոլշևիկյանն է այդպէս: Այդ կուսակցության մէջ պիտի մնաս՝ քանի խակ ես. հասունցա՞ր, կյանքը հասկցա՞ր՝ անմիջապես դուրս պիտի փախչես, թէ չէ կբռնեն ու կսպաննեն քեզի: Խելքի մշտադալար կանաչություն...

 ------

Ստալինը շատ կհիշեցունե Հովսեփ Գեղեցիկը եգիպտական գահի վրա: Այնտեղ 7 տարի սովի տարիներ՝ այստեղ 27 տարի: Հոն իսրայելացիք կուգային կարավանով ու էշերին բարձած ցորենը Քանան կտանեին, հոս Վրաստանը կուգա Մոսկվա և 45 միլիոն ռուբլի շինարարական բյուտճէ բառնալով էշերուն, Վրաստան կտանի իր երկիրը շինելու այն ժամանակ, երբ Հայաստանն ընդամեն 3 միլիոն ռուբլի կստանա: Ուրիշ կողմէ ալ վրացիք Իսրայելի ժողովուրդին կնմանին:

Աստված ջարդել տվավ փղշտացոց, ամաղիկացոց, հեփեսացոց ու քանանացոց և անոնց երկիրը Իսրայելին տվավ: Հոս Ստալինը  Սիպիր քշեց աջարացոց, կարաչայցոց, ինգուշներուն, ասետիններուն ու անոնց երկիրը Վրաստանին տվավ:

Մենք հայերս ալ Մոսկվայում Ստալինին բարձակից հայ մը ունինք Միկոյան անունով, եթե ուզենար ան ալ կրնար բան մը բառնալ Հայաստանի էշերուն ու երկիր ճամբել: Սակայն, ավա՜ղ, անիկա Հայաստանեն գացող էշերուն փալանն ալ կառնէ վրաներեն օտարին կուտա, և մեր տկլոր էշերը միայն ետ կճամբէ: Հայն ե՞րբ իր երկիրը ուրիշին չի ծախեր որ...

                                                                                                                                         1945թ. 

Չորեքշաբթի 5.- Ստալինն սաստիկ նման է անշնորհք բրուտի։ Սա 27 տարի է 150 միլիոն ժողովուդ առաջն ածած կավի նման կհունցե ու չի կրնար անկե պիտանի առարկա մը պատրաստել։ Կշինե` կքակե, կշինե` կքակե։ Չես գիտեր կխաղա՞ միայն, թե՞ իրոք բան մը շինել կուզե։ Կխոսվի, որպես թե սոցիալիզմ «կկառուցե» , հասարակարգ մը շինել կուզե, ուր հավասարություն ու եղբայրություն ըլլա։ Ո՞ւր է հապա այդ  “հավասարությունը» ` չտեսանք։

Կըսվի թե սա նախապատրաստություն է միայն, հետո հավասարություն ու արդարություն պիտի ըլլա։ Չեմ հասկնար։ Հավասարության ու արդարության հասնելու համար անհավասարությամբ ու անարդարությա՞մբ սկսելու էր գործը։

Ցայսօր իր շինած բաները միայն անհավասար են, միա՛յն անարդար։ Չէ՜, անպատճառ մեզ անհայտ ուրիշ բան մը շինելու միտք ունի, չշտապենք ու թույլ տանք, որ 27 տարի մըն ալ մեզի հունցե իր երկաթյա մատներովը։ Նոր բան ստեղծելը դժվար է քիչ մը։ Չե՞ք տեսեր գլուխգործոց գրել ուզող բանաստեղծ մը ինչպես ժամերով գրչին ծայրը կկրծե ատամներովը առանց բառ մը իսկ դրոշմելու  առջևը դրված թուղթին:

----------

Ռուսաստանը Տաճկահայաստանն ուզեց Թյուրքիայեն, Թյուրքիան չտվավ, ու Ռուսաստանն չի զարնիր։ Ինչի կսպասե` չեմ հասկնար։ Մեզ մոտ, կյանքի մեջ, երբ մեկը մյուսեն բան մը  պահանջե ու չստանա` քաղաքավարի կերպով երկու հայհոյանք կուտա ու վրա պրծնելով ջարդ ու փշուր կընե։ Որդիդ առևանգող ավազակը, երբ իր պահանջած փրկանքը չստանա` ի՞նչ կընե։                 

                                                                                                                          Փետրվար, 1946թ.

 

Հինգշաբթի 6.- Ասկե 15 օր առաջ չեկիստները ձերբակալեցին ու բանտ տարան մեր հարևան Մարգարիտի մարդը։ Վերի հարկում ապրող  Աբրահամը զարմացած վար իջավ ու սգավոր Մարգարիտին ձերբակալության պատճառը հարցուց։

-Անմե՜ղ, միանգամայն անմե՜ղ,- կհավատացներ կինը։

- Չի կրնար պատահել։ Պատճառ մը կար անշուշտ,- կըսեր Աբրահամն ու կավելացներ,- ինչո՞ւ հապա ինձի չեն բռներ։

Երեկ Աբրահամին փողոցին մեջ բռներ կտանեին։ Տեսնելով պատահմամբ քովեն անցնող իր հարևանուհի Մարգարիտին, խնդրեց հայտնել տանը, որ իրեն չսպասեն։

- Ի՞նչ հանցանքով բռնվեցար,- հազիվ կրցավ հարցնել հարևանուհին։

- Քո մարդու հանցանքովը,- պատասխանեց մարդն ու առաջ անցավ։

- Չեմ հավատար,- ըսավ հարևանուհին, բայց չհամարձակվեցավ ավելացնել,թե

“հապա ինձի ի՞նչու չեն բռներ» , վախնալով, որ վաղն ալ իրեն բռնելու պիտի գան։

------------

 Հիսուսը ավետարանին մեջ կըսե.

-Բարեկամին ամեն ոք կրնա սիրել, խնդիրը թշնամուն սիրելն է։

 Իսկ չեկիստը կըսե.

 -Մեղավորին ամեն մարդ կրնա բռնել, խնդիրը անմեղին բռնելն է…

                                                                                                                           Փետրվար, 1946թ.

Շաբաթ 15.- Խորհրդային գրողներեն Զորյանը, Դեմիրճյանը և Իսահակյանը դոմինոյի քարերու կնմանին` ուղիղ մեջտեղեն կիսված։ Նախախորհրդային մասը լեցուն է, խորհրդայինը` դատարկ, բոշ։ Իրենց խորհրդային շրջանի գրածնին այն արժեքն ունի, ինչ գրագետ մը անգրագետի համար դիմում գրե վճարովի։ Խորհրդային կառավարությունն այս երեք հին գրողներու խառնեց իր նորերուն որպես թթխմոր, բայց խմորն բոլորովին չեկավ, ածկացավ ու առավել ջրկացավ քան առաջ էր։ Չըլլար, չէ, բարբարոսություն և մարդասպանություն ոչ մեկ քնարով չես երգի, ու կտեսնամ, երբ Իսահակյանը արձակ, լրագրական հոդված մը կգրե կառավարության համար` անպատճառ ֆարթուկ կհագնի, որ իր ներսի բանաստեղծական հոգին չաղարտի, հանկարծ բոլշևիզմ չցայտի վրան ու ապականի։

Դերենիկ Դեմիրճյանի  «Վարդանանքը»  հաճությամբ կընթերցվի` վասնզի իր համակրանքը մի բուռն ժողովրդի կողմն է, որք ոտքի ելած կկռվին պարսից բռնակալության դեմ հանուն կրոնի ու խղճի ազատության։ Հապա՞ թող փորձեր պարսկական բռնությունն արդարացնել իր գիրքին մեջ, տեսնենք մարդկության նողկանքին կարժանանա՞ր, թե ոչ։

 Բայց չէ՞ որ բոլշևիկյան կառավարությունը կհալածե ու կապականե ոչ միայն մեր խիղճն ու ազատությունը, այլև մեր խելքն ու բանականությունը և ժողովուրդը կուզե դարձնել Ստալինի խոսքերը կրկնող թութակ միայն։

… Եվ Դեմիրճյանը դեռ կուզե, որ ժողովուրդը չթքնե իր հօգուտ բոլշևիկներու գրած երկերու վրա…

Հնարավո՞ր բան է։

-------------------

Բանավոր սուտը մեկ ականջեն կմտնե`  մյուսեն կելլե։ Բայց գրավոր սուտը անջնջելի խարանի նման կմնա հեղինակին վրա։

Կդառնան մուրհակավոր ստախոսներ…

------------------

Կառավարությունը Ավետիք Իսահակյանին Խորհրդային գրողներու միության նախագահ կուզե կարգել։ Իսահակյանը չի ուզեր ընդունել. կպատճառաբանե, որ արդեն ծեր է ու շուտով կմեռնի։ Կառավարությունն այս պատճառաբանությունը չի համարեր բավարար ու կըսե.

-Մեր գրողներու միությանը արդեն մեռած  նախագահ է պետք… 

                                                                                                                              Փետրվար,1946թ. 

Ուրբաթ 21  .- Խորհրդային տոն։ Ժողովուրդը տարիներ շարունակ միևնույն շարժումներու մեջ մարզված, շքերթ կազմած կերթա փողոցով` մեռելի մը հուղարկող սգավորի նման կոմիքական ու ձանձրալի։

Հուղարկավորություն առանց դագաղի։ Առջևե կերթան  «առաջնորդներու» նկարները։ «Առաջնորդներ» ` փայլող աչքերով, ժպտադեմ, կարմիր ու ճարպի մեջ կորսված։ Ժողովուրդն որքան է ալ տխրադեմ, այնուհանդերձ չի կրնար թաղել այս կենսախինդ մեռելները, որոց սակայն սաստիկ կցանկար թաղել։

Գնա՛, ժողովուրդ քո  առաջնորդներու ետևեն, մարդիկ, որք քեզի համար հավասարություն ու եղբայրություն կկերտեն։ Քսանյոթը տարի անմռունչ քայլեցիր` քսանութերորդ տարին ալ քայլե` գուցե թե բռնես առջևեդ վազող շվաքը…

---------------------

Ի նկատի ունենալով, որ արաբներու, թաթարներու արշավանքի ժամանակները դպիրներն ու վանականները քաշված վանքերը` այդ բարբարոսներու արարքները գրի առնելով մեզ ավանդեցին, բոլշևիկյան բարբարոսները մեր երկիրը մտնելով նախևառաջ վերջ տվին վանականությանն ու մտավորական դասուն։ Փորձված ավազակներու նման կողոպուտե առաջ նախ հանգցրին լույսերը։

Ու ես այսօր որ կապրիմ տակավին, մոխիրներու տակ մոռացված կայծ մըն եմ միայն, գնդակահարված ու խոշտանգված դիակներուն տակ մնացած կենդանի դիակ մը։

                                                                                                                         Փետրվար,1946թ. 

Չորեքշաբթի 26.- Համառ լուրեր կպտտին, որ կառավարությունը որոշեր է կոմունիստներու գերեզմանոցները առանձնացունել և ուժեղ պահակային հսկողության հանձնել այն։ Ինչու` վասնզի փաստ է, որ ամեն կոմունիստ թաղվելով, խոշոր վաճառատան մը կարողություն կտանի հետը գերեզման։ Հարսանեկան զգեստներ ամենաթանկ կերպասե, խռոմ կոշիկներ ոտներուն և 32  ոսկե ատամներ բերաններուն։ Չհաշված թևի ժամացույցը ու մատի մատանին։

Առանց պահակի թողնված այսպիսի գերեզման մը հարկավ աննկատելի չպիտի մնա գիշերային ավազակներու կողմե։ Ավազակ մը, որ ամեն գիշեր երկու դատարկ կոոպերատիվ կը մտնե, չի կրնար այս ժառանգութենեն հրաժարիլ։

Այդ պատճառով նախքան վերջին դատաստանի օրը, անգամ մըն ալ թաղման հաջորդ օրը կբացվին, կթալլվին ու շատ թշվառ վիճակի կմատնվին այս թաղված կոմունիստները։ Իրենց անցողիկ օրերուն հագնվեցին` հավիտենականության մեջ տկլոր պիտի մնան…

Եթե իրագործվի կառավարության գերեզմանոցային այս ռեժիմը կնշանակե, ուրեմն կոմունիստերն ու մեր առաջնորդները, որք առաջ ժողովուրդեն մեկուսացած առանձին կապրեին, հիմա  նաև առանձին պիտի մեռնեն։ Ու ժողովուրդը իր ղեկավարներուն երեսը պիտի չտեսնե ոչ այս աշխարհին մեջ, ոչ անդիի աշխարհում։ Եվ ասիկա բոլշևիկերեն կկոչվի «սերտ կապ» 

-----------------------

Բոլշևիկներն, որպես անհավատներ հարկավ դժոխք պիտի երթան։  Հետաքրքրիր է եթե պահանջեն առանձին տանջվել ու ատամներ կրճտացնել, Աստված պիտի համաձայնի՞ նոր հնոցներ վառել տալ դժոխքում` թե ոչ։

Կարծեմ հոն ալ վառելիքի հարցը թեթև հարցերեն չէ։ Գիտեք որ երկնքում գետին չկա, որ քարածուխ ըլլա։ Անոնց վառելիքը կկազմե դրախտի ծառերուն չորսակներեն։

                                                                                                                            Փետրվար, 1946թ. 

Շաբաթ 29.- Խորհրդային «Պոբեդա»  գործարանը կամենալով համաշխարհային ռեկորդ սահմանել, աշխարհի ամենախոշոր կալոշներն է արտադրել։ Այդ կալոշները հակեր կազմած կպպտին Ռուսաստանի բոլոր քաղաքները, բայց համապատասխան ոտներ չեն գտներ սպառվելու համար։

Պարզ է, որ այդ ռեկորդային կալոշները հագնելու համար պիտի ճարվի կին մը, որ համաձայներ նախապես այդ կալոշներուն համար ռեկորդային ոտներով երեխա ծնել։ Եվ միայն կին չէր բավեր։ Այդ կինը բեղմնավորելու համար պետք էր մեծ մարդ մը։ Ռուսաստանին մեջ Ստալինեն զատ «մեծ»  մարդ չկա. օրենքով արգելված է։ Հետո` Ստալինին չի կարելի այսպիսի գործնական նպատակներու ծառայեցունել։ Անիկա, պետք է ըսել, քիչ մըն ալ ծեր է։ Ճիշտ է թեև նկարներու մեջ երբեք չի ծերանար, բայց գաղտնի, ինտիմ կյանքում, տարին անգամ մը մեկ տարով կծերան։ Այդ ես հաստատ աղբյուրե գիտեմ։

Բայց խոսքս Ստալինի մասին չէ, այլ սա՛ կալոշներո՜ւ, որ երկաթուղին բարձված երկրին մեջ կպտտե։ Հայաստան եկավ` ետ վերադարձավ։ Մենք եթե կամենանք անգամ այդ կալոշներե նավատորմիղներ կազմել, դարձյալ չենք կրնար, մեր Սևանը փոքր  լիճ է։ Վրաստանը  Սև ծով ունի, Բաքուն` Կասպից ծով։

Թող առնեն գործածեն։

--------------------------

Հանկարծ միտքս բան մը ինկավ։

Չեմ գիտեր Լենինը՞, թե Ստալինն է ըսեր, թե մենք 15 մղոնանոց քայլերով դեպի սոցիալիզմն կերթանք։ Եթե այդ ճիշտ է, ուրեմն թող մնան այդ կալոշները, շուտով պետք կուգան։ 15 մղոնանոց քայլ ձգելու համար մեկ մղոնանոց կալոշը բան մը չէ։

«Պոբեդա» , շարունակե ուրեմն շինել այդպիսի կալոշներ։ Շատ շինե, շուտ շինե, մենք շատ ենք ետ մնացեր։

                                                                                                                             Փետրվար, 1946թ. 

 

Երկուշաբթի 8.- Այսօր նորեն տոն։ Նորեն չեմ գիտեր ինչ տոն։

Առաջնորդի նկարներ առաջնին, ժողովուրդը ոչխարացած ետևեն կերթա, ինքն ալ չիմանալով, թե ուր։ Զարմանալի բան. նկարի մը տակ գրված է «Ի.Վ. Ստալին» ։ Ուրեմն կնշանակե մարդ մը կա մեր երկրին մեջ, որ առանց անվան, միայն նկարին նայելով չի ճանչնար Ստալինին։ Ասկե ալ կհետևի, թե այս երկրում կարելի է չճանչնալ Ստալինին, կամ իրավունք ունեն չճանչնալու։

Ստալինի նկարի տակ «Ի.Վ. Ստալի՛ն»  գրելը նման է այն բանին, որ մարդ ու կին 27 տարի ապրեն իրարու հետ, ունենան ինը երեխա իրարմե /4-ը աղջիկ,հինգ տղա/ ու հանկարծ կինը հարցունե մարդուն.

-Ներողություն, ձեր անունն ի՞նչ է…

Ժողովուրդը չճանչնա՞ այն մարդուն, որ ամբողջ 27 տարի օրը ցերեկով կբռնաբարե զինքը…  Այդ կարելի՞ բան է։

Հապա թող մեկը համարձակի հայտարարել, թե «Ստալինը չեմ ճանչնար» . գիտե՞ք ինչ կպատահի։ Ողջ չեկան ոտքի կելնե մեկ մարդու պես։Բոլոր խաչաձև փողոցները հսկողության տակ կառնվին ու առանց «պրոպուսկի»  արտաքնոցն անգամ չես կրնար երթալ։ Արդեն լեցված բանտերուն վրա հաստ  շերտ մըն  ալ կավելնա ու վարեն ծորակները կբացվին հյուսիսային բևեռ հոսեցնելու համար։

Ուրեմն, քաղաքա՛ցի, առանց անունը կարդալու ճանչցիր Ստալինին, վասնզի նախ և առաջ անիկա քո «ընկերն է» , քո  «հայրը» , քո “բարերարը» ։

Եթե այդքան մոռացկոտ ես` ակնոց դիր, որու ապակու վրա ներսի կողմեն կպած ըլլա զույգ պատկերները  Ստալինին,  քանի կենդանի ես, իսկ մեռնելուդ ալ դագաղիդ կափարիչին / նորեն ներսի կողմեն/ փակցված ըլլա Ստալինը։ Այսպիսով դուն կատարյալ ստալինիզացիայի կենթարկվես այս անցողիկ ու հավիտենական կյանքումդ։

-------------------

Բայց իրավ կըսեմ, որ այսօր նորեն տոն էր։ Չըլլա թե չհավատաք։ Ես կյանքիս մեջ սուտ խոսած չունիմ։

Եթե սուտ խոսելու ընդունակություն ունենայի` «Սովետական երկիրը աշխարհի ամենաերջանիկ երկիրն է»  կըսեի ու այսօր փոխանակ 300 գրամ սև հաց կրծելու, յուղի վաննա կընդունեի, մեղրի մեջ կլողանայի, կաթի սերով կցայվեի, օդեկոլոնով կսրսկվեի ու մեքենա նստած երկրիս ամենագեղեցիկ կնկա հետ պտույտի կելեի…

Ես անընդունակ մարդ չեմ, բայց երկու բան չկրցի սովրել` մեկ սուտ խոսել, մեկ ալ ռուսերեն լեզվին տիրապետել։

Հունվար,1946թ.

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Պողոսյան
Հարգելի՛ լրագրողական և քաղաքացիական հանրություն, մեծ Երգիծաբանի արժանի թոռնուհու շնորհիվ շատ-շատերդ գիտեք, որ Լեռ-Կամսարի արդեն լույս տեսած > և դրան նախորդած մյուս հրատարակությունները դեռ ամբողջը չեն: Ես ինքս բազում առիթներ եմ ունեցել լուսաբանելու տիկին Վանուհի Թովմասյանի կատարած մեծածավալ աշխատանքները և ծանոթանալ Լեռ Կամսարի անտիպ ժառանգությանը, որով դեռ հպարտանալու են հետագա սերունդները: Նա ապագայի Գրող է, ում ամեն մի տողը խիստ այժմէական է՝ կապված թե՛ այսօրվա մեր կյանքի, թե՛ մեր ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրների և թե՛ առհասարակ համայն մարդկության հետ:Դրա համար էլ կուզենայի , որ մենք ուշադրություն դարձնենք մի կարևոր խնդրի վրա. ժամանակին , երբ երկարամյա աքսորից վերադարձած Գրողը իր անշուք, անբարենպաստ տնակում/եթե դա կարելի էր տուն համարել/ կնքեց իր մահկանացուն, նա թաղվեց Թոխմախի գերեզմանատանը : Եվ հիմա նրա շիրիմը անբարենպաստ վիճակում է: Կարծում եմ, մեր վարձքը մեծ Երգիծաբանին պետք է լինի նաև այն, որ սկսենք պայքար՝ նրա մասունքները Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելու համար՝ հոգեհանգստի կարգով, մերօրյա մտավորականների և իրեն միշտ սիրող ժողովրդի մասնակցությամբ՝ինչպես վայել է Մեծերին.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter