
Կմնան միայն երթուղայինի հույսին մնացածները
Տրոլեյբուսում դիմացիս նստարանին մի մարդ էր նստած՝ մորուքավոր, պատկառելի տարիքի, մի խոսքով… Ինչ-որ բան էր քթի տակ խոսում, հետո, ինչպես ինքն ասաց, մյուզիքլում իրեն մի փոքր դեր են տվել, տեքստն էր անգիր անում: Չէի ճանաչում նրան, ինքն էլ, բնականաբար, ինձ էր առաջին անգամ տեսնում, բայց տրոլեյբուսը երթուղային չէ. մարդկանց զրույցի բռնեցնելու մոգական հատկություն ունի: Արդեն ծանոթ անծանոթը մի բան պատմեց այն թվերից, երբ ես ու իմ սերունդը կամ դեռ չէինք ծնվել կամ նոր էինք պատրաստվում ծնվել.
«88-ին հասարակությունը բյուրեղացած էր, անգամ գողություն չէր կատարվում. գողերն էլ էին Ազատության հրապարակում, նրանք էլ էին Ղարաբաղն ուզում: Մարդիկ օրերով այդպես կանգնում էին:
Ինչ-որ մարդիկ երբեմն ուտելիք էին բերում. վերջին շարքերից, իրար փոխանցելով, այն հասնում էր առաջին շարքերը՝ օրերով կանգնածներին: Վերջին շարքերում կանգնածներն էլ էին օրերով հրապարակում, բայց ուտելիքը, առանց մի փշուր պակասելու, հասնում էր առաջին շարքեր. հետևի շարքերում կանգնածներն ամաչում էին խոստովանել, որ իրենք էլ են ահավոր սոված»:
Հետեւի շարքերում կանգնածներից մեկն էր այդ մարդը, ու հիմա տրոլեյբուսում դիմացս նստած խոստովանեց դա:
Ժամը շատ ուշ չէր, բայց քաղաքային տրանսպորտի համար տաքսիներն արդեն օրորոցային էին երգում: Մեր տրոլեյբուսը փչացել էր. առաջ էինք բրդում՝ ես, 88-ից եկած այդ մարդն ու վարորդը: Տրոլեյբուսը դժվարությամբ, բայց տեղից պոկվեց՝ իր հետևում թողնելով երթուղայինի հույսին մնացած մարդկանց:
88-ի մարդը միգուցե այդպես էլ չհիշեր Ազատության հրապարակը, բյուրեղացած հասարակությանը, ազատատենչ գողերին, եթե տրոլեյբուսը երեքով չբրդեինք՝ երթուղայինի մեջ խցկված ու տուն գնալու հույսին մնացած մարդկանց հայացքների ուղեկցությամբ:
Ափսոս, որ 88-ի մարդիկ մի օր էլ չեն լինի, տրոլեյբուսները բրդելու կարիք էլ չի լինի. նրանք էլ քաղաքին հրաժեշտ տված տրամվայների ճակատագիրը կկիսեն: Հասարակության բյուրեղացման համար, թերևս, հարկ կլինի սպասել հաջորդ կայսրության փլուզմանը, այդպես վեհ հնչող «ժողովո՜ւրդ» ասվածից կմնան միայն երթուղայինի հույսին մնացածները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել