HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը

Ազգային ժողովում երեք օր է՝ քննարկվում են կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ մոտ երեք տասնյակ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծեր:

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց՝ պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը կառավարությունը համարում է կարեւորագույն նախապայման՝ երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Փաթեթի ընդունմամբ նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ ծառայողների համար սահմանել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միեւնույն ժամանակ համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջեւ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները:

Ճշգրտման ընթացքում կպահպանվեն գործող աշխատավարձերը. եթե պաշտոնյայի՝ նոր համակարգով հաշվարկված դրույքաչափը ցածր լինի գործող դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկների համաձայն՝ այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը լիարժեք կսկսի գործել, այսինքն՝ առկա բոլոր տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց:

Գործող օրենքով՝ հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը 436.460 դրամ է, ոստիկանության պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը՝ 402.810 դրամ, ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ 373.540 դրամ, ԱԺ նախագահի տեղակալի, փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափերը կազմում են 357.810 դրամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի դրույքաչափերը՝ 331.595 դրամ, մարզպետինը՝ 258.190 դրամ, նախարարի առաջին տեղակալինը՝ 247.700 դրամ, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերը՝ 294.700 դրամ եւ այլն:

Եթե փաթեթն ընդունվի, ապա ՀՀ նախագահը 2014թ. հուլիսի 1-ից կստանա 1.322.800 դրամ աշխատավարձ, ԱԺ նախագահն ու վարչապետը՝ 1.190.520 դրամ, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, վերահսկիչ պալատի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը՝ 992.100 դրամ, ԱԺ նախագահի տեղակալը՝ 925.960 դրամ, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, կառավարության աշխատակազմի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, մասնագիտացված դատարանի նախագահը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝ 793.680 դրամ, իսկ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, նախարարի առաջին տեղակալը եւ այլոք՝ 661.400 դրամ:

Պատգամավորները բուռն քննարկեցին օրենքի նախագծերը, քանի որ աշխատավարձի բարձրացումը վերաբերում է նաեւ իրենց: Նրանցից շատերի համար անհասկանալի էր, թե կառավարությունն ինչ հաշվարկով է վարձատրության նույն հարթության վրա դիտարկել իրենց եւ, օրինակ, նախարարների առաջին տեղակալներին, մարզպետներին եւ այլն՝ ավելի վեր դասելով նախարարներին:

Հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ հաշվարկն ու բաժանումը կատարվել են մասնագիտական ուսումնասիրությունների եւ տարբեր պաշտոնյանների, այդ թվում՝ պատգամավորների շրջանում անցկացված հարցումների արդյունքում:

Թե ո՞ր պատգամավորների շրջանում էին անցկացվել հարցումները, այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ ԱԺ դահլիճում չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով հարցմանը մասնակցած լիներ: Պատգամավորները զեկուցողից պահանջեցին հնչեցնել այն պատգամավորների անունները, ովքեր գնահատել են իրենց աշխատանքի արդյունքը: Նախարարը խոստացավ հրապարակել հարցվածների անունները, սակայն այդպես էլ չհրապարակեց:

Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի համար պարզ չէր, թե ովքեր են եղել այն գնահատող մարդիկ, որոնք որոշել են, օրինակ՝ գլխավոր խորհրդականի աշխատանքի արդյունավետությունը, նրա ստեղծագործական կարողությունները, որոշումներ կայացնելու ունակությունը եւ այլ չափորոշիչները: Նշենք, որ նախագահի գլխավոր խորհրդականը պատգամավորից ավելի շատ է վարձատրվելու՝ 727.540 դրամ: Կամ՝ ինչպե՞ս են նույն հարթության վրա դիտարկվել ԱԺ պատգամավորին ու գլխավոր դատախազի տեղակալին:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ որոշ պաշտոնյաների շրջանում անցկացված հարցումները նման պատասխանատու փաստաթղթի մշակման հիմքում դնելն արդյունավետ չէ: Ըստ պատգամավորի՝ այս փաստաթղթի հիմքում պետք է դրված լինեին Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները:

«Պարոն նախարար, կարո՞ղ եք ասել՝ ո՞վ է ավելի պատասխանատու դերակատարում ստանձնում` առաջարկություն բերո՞ղը, թե՞ որոշում կայացնողը: Եվ այդ կոնտեքստում ուզում եմ հասկանալ` ԱԺ պատգամավո՞ր, թե՞ նախարար... ուզում եմ հասկանալ, ի՞նչ սկզբունքներ են դրվել սրա տակ»,- ասաց Խոսրով Հարությունյանը եւ հավելեց, որ այս օրենքում դատական ոլորտը չպետք է արհեստականորեն կապել մնացած այլ պաշտոնյաների հետ, այլ պետք է առանձնացնել, քանի որ հանրային կյանքի զարգացման ներկա փուլում այդ ոլորտին ներկայացված է բացարձակապես այլ պատասխանատվություն:

Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ընդամենը մեկ երկիր են գտել` Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ պատգամավորի եւ նախարարի աշխատավարձերը հավասար են, իսկ մնացած բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում նախարարի աշխատավարձն ավելի բարձր է: Օրինակ՝ Գերմանիայում այդ տարբերությունը կազմում է 55%, Ավստրալիայում` 58%, Ֆրանսիայում` 84%,  Վրաստանում` 52% եւ այլն:

Ինչ վերաբերում է դատավորներին այս ցուցակից առանձնացնելուն, ապա նախարարն ասաց, որ մոտեցումն այն է, որ ամբողջ հանրային հատվածը մեկ միասնական ոլորտով կարգավորվի: Այդ է պատճառը, որ նույն օրենքով հարաբերակցություն են սահմանել ոչ միայն քաղաքացիական պաշտոնների, այլեւ զինվորականների համար:

Խոսրով Հարությունյանն էլ արձագանքեց, թե այս օրինագծով քաղաքական պատասխանատվության հիերարխիկ համակարգը խախտված է, եւ լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների գործակիցն առանձին է սահմանված եւ ավելի բարձր է, քան պատգամավորինը: «Եթե այդ գործակցով նկատի եք ունեցել հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի զբաղվածությունը, ապա հաշվի առե՞լ եք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի զբաղվածության հարցը»,- հետաքրքրվեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ մեծամասնականով ընտրված պատգամավորը պետք է անընդհատ գնա իր ընտրատարածք, հանդիպումներ ունենա ընտրողների հետ եւ իր պարտավորությունները պատշաճ կատարի: Օրինակ՝ նա իր աշխատավարձի մեծ մասը ծախսում է ընտրողների հետ հանդիպման նպատակով մարզ գնալ-գալու վրա:

Էդմոն Մարուքյանն ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ պատգամավորների վրա ավելի քիչ գումար է ծախսվում, քան գործադիր իշխանության տարբեր մարմինների պաշտոնատար անձանց վրա:

«Օրինակ` նախարարության աշխատակազմի ղեկավարը, տեղակալները, վարչության պետերը եւ այլոք ունեն ծառայողական ավտոմեքենաներ, վարորդներ, օգնականներ, քարտուղարուհիներ, իսկ պատգամավորն ընտրվում է, գալիս է Ազգային ժողով, եւ նույնիսկ նրա օգնականի աշխատավարձը չի բարձրացվում: Մենք չենք կարողանում այդ գումարով լավ մասնագետ օգնական վերցնել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի օգնականը ստանում է 100.000 դրամ աշխատավարձ, իսկ առաջարկվող նախագծով օգնականի աշխատավարձի հարցը չի կարգավորվում:

Նախարարն ասաց, որ ինքն անձամբ նման հետազոտություն չի անցկացրել, սակայն վստահեցրեց, որ պատգամավորի նշած պաշտոնյաները, որպես կանոն, ավտոմեքենաներ եւ քարտուղարուհիներ չունեն, իսկ  պատգամավորների օգնականներին վերաբերող դրույթը կներառեն օրենքում, եթե երեսփոխանները հանդես գան նման առաջարկությամբ:

ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը, թվարկելով օրենքի նախագծով սահմանված վարձատրության հիմնական սկզբունքները, նշեց, որ փաթեթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ են օրինակները, երբ սկզբունքներից որեւէ մեկը պահպանված չէ: Օրինակ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի համար նախատեսված գործակիցն ավելի ցածր է, քան հայեցողական պաշտոն զբաղեցնող որոշ օգնականներինն ու խորհրդականներինը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ հետաքրքրում էր, թե ինչու է պատգամավորի ու նախարարի աշխատավարձերի տարբերություն առաջացել՝ ի վնաս պատգամավորի, եւ որքա՞ն է կազմում տարբերությունը:

Վաչե Գաբրիելյանն ասաց, որ տարբերության հիմքը անվանական նվազագույն աշխատավարձն է, որը 2014թ. նախատեսվում է բարձրացնել 66.000 դրամ, իսկ նախարարի եւ պատգամավորի աշխատավարձի տարբերությունը լինելու է 132 հազար դրամ: «Ճիշտն ասած՝ ես մի քիչ կասկածում եմ»,- արձագանքեց Հ. Աբրահամյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նշեց, որ 1974թ.-ից հետո ծնվածների համար շուտով ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, եւ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ աշխատողը փաստացի ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը:

Նախարարը չբացառեց պատգամավորի մտահոգությունը, սակայն նշեց, որ կուտակային կենսաթոշակը քաղաքացու սեփականությունն է, ոչ թե պետության, ուստի, եթե կանխիկ գումար քիչ ստանա, ապա հետագայում ավելի շատ գումար կունենա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված էր՝ արդյոք Հայաստանի գործերն այնքան լավ են, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պատգամավորները, վաստակել են բարձր աշխատավարձ ստանալու իրավունքը: Նրան դուր չէր եկել, որ մեծամասնական պատգամավորները փորձում էին իրենց վեր դասել համամասնական ընտրվածներից: «Իսկ եթե մեծամասնական պատգամավորը օրերով դահլիճում չի լինում եւ հայտնի էլ չէ, թե որտեղ է, կամ գալիս կնոպկա է սեղմում ու գնում է, բա այդ դեպքն ինչո՞ւ չեք ասում»,- հավելեց պատգամավորը:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծին: «Նրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնում գտնվելու ընթացքում Հայաստանում աղքատությունը 27,6 %-ից աճել հասել է 37%-ի: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները փողից խեղճ են եղել եւ քիչ են ստացել, դրա համար նրանց պաշտոնավարման հետեւանքները աղետալի են Հայաստանի համար»,- ավելացրեց Ն. Փաշինյանը:

Իսկ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ներկայացված փաթեթը ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանն ուղղված օրինագիծ է, այլեւ՝քաղաքական փաստաթուղթ, ըստ որի դասակարգվում է, թե ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա երկրում պատասխանատվության, որոշումներ կայացնելու եւ այլ հարցերում:

Նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ եթե նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցումների ընթացքում պատգամավորները հիմնավոր առաջարկություններ անեն, գործակիցները կվերանայվեն: 

Օրենքի նախագծի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ քառօրյայի ընթացքում՝ նոյեմբերի 11-14-ը:

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Եթե նվազագույն աշխատավարձը լինելու է 66000 դրամ, ապա նախագահի,վարչապետի,ազգային ժողովի նախագահի աշխատավարձը 660000 դրամից ոչ մի լումա ավել չպիտի լինի:
Գրիշա
Հարգելի Գեւորգ, 66.000 դրամը անվանական աշխատավարձն է լինելու, իսկ նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից կլինի 50.000 դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter