HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ոչ միայն չի կիրառվում համաներումը, այլև նոր մեղադրանք է առաջադրվել

«Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելուց հետո նրան բացի մեղադրանք առաջադրելուց քննչական որևէ այլ գործողություն չի կատարվել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Նրա խոսքով` այս ընթացքում քնչական մարմինը պարտավոր էր կատարել առերեսում բոլոր այն անձանց հետ, ովքեր ցուցմունք են տվել ազատամարտիկի դեմ: Սկզբում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ազատամարտիկին գրավի դիմաց ազատ արձակել: Իսկ հիմնավորումն այն է, թե Վ. Ավետիսյանին ազատ արձակելու դեպքում նա կարող է կրկին հանցագործություն կատարել: Թե ինչ հանցագործության մասին է խոսքը կամ ինչով է դա հիմնավորվում, փաստաբանի համար մնում է անհայտ: Բացի այդ` Վոլոդյա Ավետիսյանի վրա չի կիրառվել համաներումը:

«Վերաքննիչ դատարանը բերեց ցնցող պատճառաբանություն, որ համաներումը պետք է կիրառվի վարույթ իրականցնող մարմինը, այսինքն` քննիչը և դատարանը չի կարող այն հաշվի առնել»,- ասաց փաստաբանը: Դատարանի համար նշանակություն չունեցավ այն հանգամանքը, որ եթե անգամ հետագայում մեղադրական դատավաճիռ կայացվեր Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, ապա համաներման ակտի կիրառմամբ նա պետք է ազատ արձակվեր:

Ա. Զաքարյանի խոսքով` քնչական մարմինը (քննիչ` Գևորգ Խաչիկյան), տեսնելով, որ չի կարող նախկին հոդվածով կալանքի տակ պահել ազատամարտիկին, դիմել է «հերթական ապօրինությանը» և ուրբաթ օրը նոր մեղադրանք առաջադրել` ազատամարտիկին մեղադրելով խարդախություն կատարելու փորձի մեջ: Փաստաբանը բացատրում է, որ եթե անձը մեղադրվում է մի քանի գործով և պատիժը 5 տարուց ավելի է, ապա համաներման կիրառման ակտը պետք է իրականացվի դատարանի կողմից:

Ա. Զաքարյանը նշեց, որ իրենց այն հարցերին, թե ինչու մինչև հիմա համապատասխան քննչական գործողություններ չեն իրականացվել, քննչական մարմինը հայտարարել է,  որ դա իրենց գործն է. երբ կուզեն, ոնց կուզեն, կանեն: Փաստաբանը, սակայն, համոզված է, որ այս գործում քննիչն ընդամենը կատարող է, ով կատարում է իր վերադասների հրամանները: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացված գործողությունները նա որակում է որպես քաղաքական հետապնդում, իսկ քնչական մարմնի և դատարանի գործողությունները` կամայականություններ:

Փաստաբանը համոզված է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը շինծու է, սակայն նա չի բացառում, որ հետագայում պարզվի, որ նրա դեմ ցուցմունք տված անձինք բացակայում են երկրից:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի խոսքով` Վ. Ավետիսյանին ոչ թե օրինական ձևով ձերբակալել, այլ «առևանգել են»: Նա նշեց, որ Վ. Ավետիսյանը, ով կազմավորել է «Վարդենիսի» ջոկատը, մեծ ներդրում է ունեցել Քարվաճառի ազատագրման գործում. նա «չարձանագրված հերոս է»: Վ. Ավետիսյանը պարզապես ցանկանում է, որ իրենց երկիրն ազատագրած ազատամարտիկներն ապրեն արժանապատիվ կյանքով:

«Հիմա նրան ուղղակի պահում են», - ասաց նա:

Այս պայմաններում թե փաստաբանի, առավել ևս նախաձեռնող խմբի ձեռքի տակ չկան ազատամարտիկի գործի հետ կապված համապատասխան նյութեր:

«Սա տպավորություն չէ, այլ համոզմունք է, որ Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է իրավապահ մարմինների կողմից հրահանգավորված անօրինական կալանքի տակ», - հայտարարեց Գ. Սարուխանյանը:

Ազատամարտիկ, «Կոռնիձոր – 1» ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանի բնորշմամբ` «պետությունը նուրբ տեռորի ենթարկեց Վոլոդյային»: Այնինչ, նա նպատակ ուներ պետության ուշադրությունը հրավիրել ազատամարտիկների սոցիալական պայմանների վրա, մատնանաշում էր իշխանությունների բացթողումները: Սակայն արդյունքում նրան մեկուսացրեցին անկախության տոնին ընդառաջ: Ա. Խուդավերդյանի խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմեբերի 21-ին, երբ նախագահի փոխարեն ելույթ էր ունենում Նունե Եսայանը, ցույց տվեց երկրի անկումը:

«Մտածում են, որ եթե չես ծախվում, ուրեմն հիմար ես, չես ուտում, ուրեմն համը չգիտես, նվիրվում ես երկրիդ, ուրեմն հիվանդ ես, - ասաց Ա. Խուդավերդյանը: - Բայց Վոլոդյան ոչ հիմար է, ոչ հիվանդ, ոչ էլ կաշառակեր: Շատ մարդիկ չէին հասկանում մեր պայքարի իմաստը, բայց Աստված չանի մենք մեջքով կանգնենք, ամեն ինչ շուռ է գալու»:

Նրա կարծիքով` պետությունը պետք է ներողություն խնդրի Վ. Ավետիսյանից տեղի ունեցածի համար:

Ա. Զաքարյանի խոսքով` այսօր իշխանությունները պարզապես մեկուսացնում են այն անձանց, ովքեր սկզբունքային իրենց հայացքներում: Սակայն Վ. Ավետիսյանը, ով չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ընկճված չէ, գիտի ինչ է անում և պատրաստ է պայքարել մինչև վերջ:  

Գ. Սարուխանյանը հայտարարեց, որ իրենց նախաձեռնող խումբը Վ. Ավետիսյանի ընկերների հետ միասին պատրաստվում է վաղը ժամը 12:00-ին նամակ հանձնել ՀՀ գլխավոր դատախազին: Իսկ ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև որ Վ. Ավետիսյանն ազատ արձակվի:

Լուսանկարում` Արա Զաքարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter