Լուսկա Խալափյան. «Ուզում եմ հայ ռեժիսորների մեծ ալիք սկսվի»
«Եթե կանոններ դնեի, ես դրանք կխախտեի», - իր մասին ասում է ռեժիսոր Լուսկա Խալափյանը:
Երիտասարդ ռեժիսոր Լուսկա Խալափյանն ապրում է Փարիզում, Հայաստան գալիս է հիմնականում միայն ամռան ամիսներին: Այս ամռանն էլ հենց Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում, երբ Դիլիջանում էր, ծնվել է հերթական ֆիլմի գաղափարը, որի վրա այժմ աշխատում է: Լուսկան իր նոր ֆիլմը պատկերացնում է հենց Դիլիջանում: Նա խոստովանում է, որ 14 տարեկանից ապրելով արտերկրում, միշտ ցանկացել է ֆիլմ նկարահանել Հայաստանում` ներկայացնելով տեղի իրականությունը:
Առհասարակ, Լուսկայի համար կինոյում կարևոր է պատմություն պատմելը, այն պատմությունը, որն իրեն հուզել է: Մասնավորապես, սիրում է ներկայացնել այն տարբեր պատահարները, որոնք կարող են փոխել մարդկանց կյանքերը, որի արդյունքում մարդիկ իրար հանդիպում կամ չեն հանդիում: Նման մի պատմություն է Լուսկան ներկայացրել իր «Յոթերորդը» (II Settimo) կարճամետրաժ կատակերգական Ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսների պատմությունները ոչ թե միասին, այլ միմյանց զուգահեռ են զարգանում:
2011 թ.-ին նկրահանված ֆիլմը շարունակում է մասնակցել փառատոնների: Վերջերս տեղի ունեցած «Նո Ֆի» կինոփառատոնին այն արժանացել է Պատվո դիպլոմի: Երիտասարդ ռեժիսորի խոսքով` կինոյում շատ է գնահատում հումորը, բայց և մեծ պատասխանատվություն է ու կրկնակի դժվար պատմությունը ներկայացնել հատկապես այդ ժանրում:
Իսկ դերասանների ընտրության հարցում մինչև հիմա խնդիր չի ունեցել: Ընտրությունը կատարվում է շատ հեշտ. պարզապես ռեժիսորը պոտենցիալ դերասաններին նայում է տեսախցիկի միջոցով: Այս դեպքում տեսախցիկը նմանվում է ռենտգեն սարքի, որովհետև հաճախ մարդն առաջին հայացքից կարող է համապատասխանել դերին, սակայն տեսախցիկն այլ բան «ասի»:
Երիտասարդ ռեժիսորն այժմ աշխատում է երկու տեսակ ֆիլմերի վրա` գեղարվեստական և էքսպերիմենտալ-վավերագրական: Գեղարվեստականը թույլ է տալիս հորինել կերպարներ, «խառնվել ու միջամտել» նրանց կյանքին: Իսկ էքսպերիմենտալ-վավերագրականը նման է տեսանյութերով օրագրերի: Լուսկան կարճ տեսանյութեր է նկարահանում այն քաղաքներում, որտեղ եղել է` ստեղծելով փոքր պատմություններ: Ի տարբերություն գեղարվեստական ֆիլմերի` այս դեպքում նա և օպերատորն է, և մոնտաժողը, և ռեժիսորը:
Երիտասարդ ռեժիսորը կարծում է, որ ֆիլմ նկարահանելիս ճիշտ է սկսել կարճամետրաժներից, դրանցով փորձ ձեռք բերել, որից հետո պատրաստ կլինի նաև լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը: Լիամետրաժ ֆիլմն ավելի բարդ է. պետք է այնպիսի պատմություն գրել, որ մարդիկ երկու ժամ կլանված նայեն:
Լուսկան ցանկանում է լինել իր ապագա լիամետրաժ ֆիլմի թե ռեժիսորը, թե սցենարիստը: Բայց և մեծ է այս դեպքում պատասխանատվությունը: Կարճամետրաժ ֆիլմին զուգահեռ մտածում է լիամետրաժ ֆիլմի ուղղությամբ. գաղափարներ շատ կան, բայց պետք է ընտրել այն պատմությունը, որի միջոցով հետաքրքիր ֆիլմ կստեղծի:
Լուսկան խոստովանում է, որ հաճելի զգացողություն է, երբ բոլորը հավանում ու դրական են արտահայտվում իր ֆիլմի մասին: Բայց իր համար ավելի հետաքրքիր կլիներ, եթե ոչ բոլորը հավանեին իր ստեղծած ֆիլմը, և դա բանավեճի, քննարկման առիթ դառնար:
Երիտասարդ ռեժիսորին ներշնչում են հատկապես հին ֆիլմերը: Նորերից շատ քչերը կարող են այդպես ազդել նրա վրա: Լուսկայի կարծիքով` եթե առաջ ռեժիսրոները ֆիլմերի միջոցով կարողանում էին հեղափոխություն անել, այժմ արդեն նկարահանվել են այնքան տարբեր ֆիլմեր, որ դժվար է ստեղծել այնպիսի բան, որ հեղափոխություն առաջացնի:
«Որքան էլ պատմությունները տարբեր լինեն, մարդիկ նույնն են, նույն զգացմունքներով: Եթե կինո ես նայում, պետք է տեսնես դրա համամարդկային կողմը», - ասում է Լուսկան:
Չնայած այսօրվա ստեղծվող ֆիլմերը բազմազան են, բայց, ռեժիսորի կարծիքով, այժմ ֆիլմը դիտարկվում է որպես բիզնեսի տեսակ: Խոշոր գումարները ներդրվում են այն ֆիլմերում, որոնք մեծ շահույթ են բերում: Իսկ թե ֆիլմում պատմությունը որտեղ է սկսվում և ավարտվում, կամ ինչ ասելիք ունի այն, հաճախ դժվար է հասկանալ: Այնինչ, հեղինակային անկախ ֆիլմերը, որոնք նկարահանվում են փոքր բյուջեներով և մեծ դժվարությամբ, խնդիր են ունենում «հասնել» լսարանին:
Այնուամենայնիվ, փարիզաբնակ ռեժիսորին ուրախացնում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ են ֆիլմեր նկարահանվում, տեղի են ունենում ավելի շատ դասընթացներ ու քննարկումներ կինոյի վերաբերյալ: Նա հույս ունի, որ շուտով կանցնի սերիալ նկարահանելու փուլը, և ավելի շատ երիտասարդներ կսկեն կինո նկարահանել:
«Մեծերն էլ թող համ նկարահանեն, համ էլ խորհուրդ տան երիտասարդներին, - ասում է ռեժիսորը: - Ով կարա, թող կինո նկարահանի. ուզում եմ հայ ռեժիսորների մի հատ մեծ ալիք սկսվի»:
Լուսկա Խալափյանը նաև նկարչուհի է: Ընդ որում` նկարչությամբ սկսել է զբաղվել ավելի վաղ տարիքից: 15 տարեկանում, երբ արդեն սովորում էր ԱՄՆ-ում, Երևանում բացվում է նրա առաջին ցուցահանդեսը: Իսկ վերջին ցուցահանդեսը կազմակերպել էր այս ամռանը` Փարիզում: Լուսկայի խոսքով` երբեք նախօրոք չի ծրագրում` ինչ նկարել. ստացվում է այն, ինչ ստացվում է: Նկարչությունն արտահայտում է նրա ներքին հուզական աշխարհը: Եվ եթե նկարչությունը «ծնվում է» իր ենթագիտակցական աշխարհում, ապա կինոն ներկայացնում է գիտակցականը:
«Նկարելն ինձ համար պարտադիր է, որովհետև ոչ մեկի համար չեմ նկարում: Ինձ մոտ դա ցանկություն է, և ոչ մեկ ինձ չի կարող ասել` մի նկարի, - ասում է Լուսկան: - Կյանքում չեմ դադարի նկարել»:
Նա խոստովանում է, որ դժվարանում է իրեն պատկերացնել այլ ոլորտում, որովհետև դպրոցական տարիքից սկսած տարված է եղել միայն թատրոնի ու նկարչության դասերով:
«Ուրիշ բան լավ չէի անի: Ես հաստատ վատ բժիշկ կլինեի կամ էդքան չէի սովորի: Հաստատ կրեատիվ բանի մեջ պետք ա լինեի, - ասում է Լուսկան: - Նենց չի, որ ես հատուկ ընտրել եմ, ես արդեն էի էդպես»:
Լուսանկարը՝ Լ. Խալափյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել