HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնցեպտուալ ճարտարապետություն էզոթերիկայի սիրահարների համար. Հրապարակի մրցույթի շուրջ

Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան, UCL, Bartlett School of Architecture

Հայաստանում անցկացվում են աշխարհի ամենահետաքրքիր ճարտարապետական մրցույթներն ու ցուցահանդեսները: Այո, այո, և սա՝ առանց որևիցե հեգնանքի, ամենայն լրջությամբ: Դատեք ինքներդ, աշխարհում անցկացվող լրջագույն միջազգային մրցույթներին և էքսպոներին կարող ես հանդիպել հոյակապ, հուզիչ, բարձր պրոֆեսիոնալ աշխատանքներ, որոնք, սակայն, դժվար թե ինչ-որ մեկի քունը խախտեն: Մեր դեպքում ցուցադրության մասնակիցների կեսից ավելին սենսացիա է առաջ բերում և այնպիսի ուժեղ տպավորություն թողնում, որ պատրաստ ես նստել ու գրել դրանց մասին: Ես էլ տպավորություններիս ճնշման տակ մատներիս տակ եմ առնում ստեղնաշարը, որպեսզի մի երկու միտք գրեմ Հանրապետության հրապարակի վերակառուցման վերաբերյալ այսօր բացված հայեցակարգային մրցույթին ներկայացված աշխատանքների մասին:  

Մրցույթի շուրջ կրքերը սկսեցին եռալ մրցույթի հենց հայտարարման պահից: Քննադատության էին արժանանում ոչ միայն մրցույթի բովանդակությունն ու կառուցվածքը, այլև դրա հայտարարման բուն փաստը: Դրա մասին ժամանակին գրել եմ մեկ այլ հոդվածում: Բայց արի ու տես, որ այս մրցույթը շատ կարևոր դեր ունեցավ եթե ոչ բուն քաղաքաշինական խնդիրներին լուծումներ տալու առումով, ապա որոշ հանրային լատենտ և ոչ այնքան լատենտ դիսկուրսներն ի հայտ բերելու առումով: Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները՝ բացի, թերևս, մեկից, ի հայտ են բերում հստակ արտահայտված 3 դիսկուրս, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ազգային էզոթերիզմ», «մենք էլ «փախած» բաներ անել գիտենք» և «նեոդասական ռաբիսություն»:

Ազգային էզոթերիզմի հետևորդները Հանրապետության հրապարակը դիտարկում են որպես ազգային գաղափարախոսության, ինքնության արտահայտման կենտրոնական հարթակ: Գուցե դա այդպես է, գուցե Հրապարակը թե՛ քաղաքաշինական, թե՛ խորհրդանշական առումով երկրի, հասարակության, ազգային ինքնության հավաքական պատկերն է: Բայց հետաքրքրաշարժն այստեղ այն է, որ այդ ինքնության գաղափարը նույնացվում է քրիստոնեության հետ, այն էլ՝ սենտիմենտալ կրոնական խորհրդաբանության մակարդակով միայն, և ոչ որպես արժեհամակարգ: Եվ դա զարմանալի չէ. քրիստոնեությունը, ինչպես և մնացած այլ շրջանառվող գաղափարները վատ մարսված, վատ գիտակցված և բոլորովին չմշակութայնացված, մտածողության և արժեհամակարգի չվերածված սին ֆորմաներ են: Իսկ Լենինի արձանի տեղում ռուսական ավանդույթներով նախագծված եկեղեցի դնելու մասին էլ չեմ խոսում, չնայած սկզբունքորեն դա հետաքրքիր առաջարկ է: Կարելի է մտածել Հրապարակի հանրային և խորհրդանշական դերի նմանատիպ փոփոխության մասին, ինչու՞ ոչ: Ամեն ինչ էլ կարելի է առաջարկել, քննել, մտածել: Բայց այդ առաջարկը գոնե ճարտարապետական և քաղաքաշինական առումներով պետք է գրագետ և կոռեկտ արված լինի:

«Փախած»-ի պաշտամունքը ինքնին մի մեծ միտում է հատկապես երիտասարդ սերնդի ճարտարապետների մոտ: Նոր սերնդի նոր ճարտարապետները սնվում են Արևմուտքի ճարտարապետության պատկերներով, բայց այդ սնունդը նույնպես հիմնականում վատ է մարսվում, քանի որ մնում է միայն վիզուալ ընկալման մակարդակում: Ըստ էության, վերլուծվելու փոխարեն այդ պատկերները տրոհվում են առանձին ճարտարապետական էլեմենտների և մեթոդների, որոնք էլ, ի վերջո, հայտնվում են Հրապարակի հարթակին կամ Պատկերասրահի շենքի տեղում: Իրականում շատ հետաքրքիր հարց է Հրապարակի համալիրի մեջ բացարձակապես մեկ այլ ճարտարապետական լեզվով նախագծված շենքի կամ էլեմենտների տեղադրումը/ավելացումը: Կարելի է երկար քննարկել, թե արդյոք Հրապարակի համալիրը և հուշարձան շենքերը պե՞տք է զմռսված պահպանվեն մեզ հասած կերպարով, թե՞ ժամանակները կարող են իրենց մեղեդային գիծն ավելացնել այդ դասական սիմֆոնիայի մեջ: Աշխարհում կան բազմաթիվ հոյակապ օրինակներ, ինչպիսին նույն Լուվրի բակում Պեյի ապակե բուրգի միջամտությունն է կամ մեր՝ երիտասարդ ճարտարապետներիս կուռքը հանդիսացող Հերցոգ դե Մյուրոնի հայտնի վերափոխման նախագծերը (conversion): Սրանք բոլորն էլ թեև ժամանակին քննադատված, բայց ազդեցիկ, տպավորիչ և հանդուգն աշխատանքներ են, որոնք իրենց հաջողությամբ ոգեշնչում են նաև մեզ՝ երիտասարդներին: Բայց դարձյալ խնդիրը ոչ թե սկզբունքի, այլ կատարման մեջ է: Արդիականացումը, ապակին և այլ նորարարությունները ինքնանպատակ չպետք է լինեն, այլ պետք է բխեն կոնտեքստից, ինչը ներկայացված նախագծերում գրեթե անտեսվել է: Արդյունքում լավ գաղափարը վատ իրականացման պատճառով ընկալվում է որպես վատ գաղափար:

Իսկ ինչ վերաբերում է ազգային-նեոդասական ռաբիսությանը, ապա խոսելն էլ է արդեն ռաբիսություն: Չնայած՝ նույն բանն այստեղ պետք է անպայման ասել. դասական ճարտարապետությունը սկզբունքորեն նույնպես կարող է ակտուալ լինել, ի վերջո, դասականությունը հավերժ, դասական լեզվամտածողություն է, որը կոռեկտ կիրառման դեպքում կարող է արժեքավոր ճարտարապետական խոսք լինել նույնիսկ 21-րդ դարում: Ամբողջ հարցը կրկին այդ կոռեկտության մեջ է՝ դասական օրենքները, համաչափությունները, մեթոդները, էլեմենտները գրագետ կիրառելու կամ գրագետ արդիականացնելու մեջ: Բայց սա էլ արդեն նախագծողի ներքին կուլտուրայի և պատրաստվածության հարց է:

Ինչ վերաբերում է նախագծերում առաջ քաշված քաղաքաշինական կոնցեպտին, ապա բոլորն էլ հիմնականում ճիշտ խնդիր էին վերհանում և տալիս սկզբունքորեն ճիշտ լուծում՝ Հրապարակի օվալաձև հարթակի կիրառման և կազմակերպման հարցը, դրա տակ ստորգետնյա հանրային տարածքի կամ գուցե ավտոկանգառի ստեղծման տարբերակը, տրանսպորտային շարժման կազմակերպման հարցը և այլն:

Ամփոփելով՝ ասեմ, որ հերթական անգամ հայկական միջավայրում ճարտարապետական նախագծերի ցուցահանդեսը պարզ ցույց է տալիս բնագավառի հիմնական երկու խնդիր՝ մասնագիտական ոչ լրիվ գրագիտություն, ոչ պրոֆեսիոնալիզմ (նկատի չունեմ սիրողական նախագծերը, որոնք շոուի մեխն էին, դրանց բան պետք չէ ասել) և անձնական, ճարտարապետական էգո, հավակնոտություն, որը խանգարում է կոնտեքստուալ և կիրթ, զուսպ նախագիծ անել: Այստեղ չեմ կարող հերթական անգամ չհիշել ճարտարապետ Արամ Ալաջաջյանի «Ճարտարապետությունը խնդիրներ լուծելու արվեստ է» խոսքը, որը լուսահոգի Ստեփան Քյուրքչյանի «Ճարտարապետությունը օյինբազություն չէ» մտքի հետ ամբողջովին ամփոփում է ասելիքս այս հրաշք ցուցահանդեսի մասին:  

Մեկնաբանություններ (8)

Ընդդեմ_Խավարամոլության
Կեղծ լավատեսությունը որը ստեղծում է իրական վատատեսություն հասարակ ընթերցողի մոտ իհարկե հոդվածի հիմքն է կազմում, բայց արժի անդրադառնալ մի քանի այլ կոպիտ վրիպակների: Ընդհանրապես փսեվդո-գիտնական կամ 'կեղծ տեսաբանի' կեցվածք ընդունողին հեշտ է մատնանշել մի քանի ակնհայտ հատկանիշներով: 1. Անհուսալիորեն մակերեսային, ոչինչ չպարզաբանող դասակարգումներ; որոնք իրենց հերթին բերում են 2. սուտ ընդհանրացումներ.. և աչքի ընկնող 3. Կլիշե 'քննադատական' կառուցվածքներ.. այս դեպքում վաղուց ձանձրալի ու արխայիկ դարձած 'էգոի' մեչբերումը.. ավելի մակերեսային վերլուծություն քան սա, անհնար է պատկերացնել: Փոխանակ խոսենք ըստ էության ու մատնանշենք այն փաստը որ ոչ մի իրեն հարգող ճարտարապետ չեր մասնակցի նման խղճուկ ու անտեղին կազմակերպված մրցույթին մենք մոլորվում ենք մակերեսային բացատրությունների մեջ և վարկաբեկում բոլորին միաժամանակ ? Տեսաբանը չափից ավելի մեծ կոչում է հեղինակի համար, որպեսզի ճարտարապետության տեսաբանի դիրքը չարժեքազրկենք ավելի լավ է մենք մեզ ուրիշ կերպ անվանենք, օրինակ Ճարտարապետ-լրագրող, ոչ պակաս հարգարժան դիրք? Մի խոսքով, եթե մրցույթը իր ամբողջությամբ 'մասնագիտական ռաբիս' ի արդյունք է այս տեքստը նույն 'մասնագիտական ռաբիս' ի հիմնաքարերից մեկն է: Մեկ այլ ակնարկ որը այս հոդվածը ենթադրում է հեղինակի մասին դա իշխանամոլությունն է; գիտական կոռումպացվածություն; ես կխրախուսեմ եմ որ հեղինակը պահպանի իր ակադեմիական արժանապատվությունը և հեռանա նման դիտակետերից:
Եվա Սարգսյան
Հարգելի ՛անոնիմ՛, Շնորհակալություն ձեր նաիվ վրեժխնդրության համար՝ ձեզ ուղղված իմ նախկին քննադատությունների դիմաց: Մի նկատառում, հաջորդ անգամ երբ ինձ գրելու լինեք, խնդրում եմ, իմ գրելաոճը մի կրկնօրինակեք՝ դա ձեզ մոտ լավ չի ստացվում, և ձեր արտահայտած կցկտուր մտքի մեջ եղեք մի-քիչ տրամաբանող ու ինքներդ ձեզ մի հակասեք: Ու բարի եղեք այնքան քաջություն ունենալ, որպեսզի ձեր անունը չթաքցնեք:
Ընդդեմ_խավարամոլության
իմ անունը Ձեզ ոչինչ չի ասի քանի որ երբևե մենք չենք առնչվել Եվա, ես առաջին անգամ Ձեզ նկատում եմ այս հոդվածի միջոցով։ Դուք շփոթում եք գոյություն չունեցող անձնական միտումները պրոֆեսիոնալի հետ։ Ու ինչպես տեսնում եմ բացառում եք նաև այն որ մակերեսային մտքերը կարող են գիտական հակակրանք առաջացնել անկախ Ձեզ օտար մարդկանց մոտ։ Մի բանում դուք չեք կարող չհամաձայնվել ինձ հետ, չի կարելի վերցնել փոքրիկ լոկալ մի օրինակ այս դեպքում չկայացած տկար առաջադրանքով մի մրցույթ ու դիտարկել այն որպես փաստարկ, ընդհանրական հետևություններ կատարելիս, ճարտարապետության մասին և առավել ևս ամբողջ հասարակության, իսկ իմ ամբողջ վիճարկումը հենց դրա մեջ է։ Մտածելու ընդունակ մարդկանց մեծամասնությունը բացարձակ անուշադրության է մատնել այս մրցույթին սկզբից մինջև վերջ։ Ձեր սխալը կայանում է նրանում որ չափից ավելի լուրջ եք մոտոնում մի չնչին վրիպակի և հիմնովի չեք քննադատում մրցույթի իրական միտումները, ու ընդհանրապես սկսելու գաղափարը։ Հասկանալի է որ երիտասարդ մասնագետը ցանկություն կունենա անուն կառուցել աղմուկի վրա, բայց դա չի արդարացնում փսեվդո գիտական կեցվածքը։ իսկ տեսաբան դասակարգումը առնչվում է մարդկանց ովքեր առնվազն ունեն դոկտորական կոչում և համբավ լուրջ մասնագիտական հրատարակչություններում։ Այս ամենը մի կողմ, իհարկե ձեր հոդվածը ճարտարապետ–լրագրողի հաջողված գործ է; բայց ոչ տեսաբանի, կամ գոնե քննադատի։
Եվա Սարգսյան
Ձեր չներկայանալը գալիս է ապացուցելու այն, որ իմ կասկածները ձեր ինքնության վերաբերյալ ճիշտ էին: Եթե շարունակեք թաքնվել՝ դա միայն ձեր վախկոտության և այլ հատկանիշների մասին է խոսելու: Բայց դա արդեն ձեր անձնական պրոբլեմն է: Ձեր մտքերն այնքան խրթին են շարադրված, որ դժվարանում եմ նույնիսկ հասկանալ, թե իրականում ինչն է ձեզ մոտ այդքան բողոք առաջացնում: Ակնհայտն է, որ դուք վրդովված եք մրցույթի հայտարարման բուն փաստից (ձեր անձնական բնույթի խնդիրների մասին ենթադրություններ անելը հետաքրքիր չէ ինձ համար): Դրա մասին մեկ այլ հոդված եմ գրել, կարդացեք այն և մրցույթի առաջադրանքի հետ կապված խնդիրները մի խառնեք մրցույթին ներկայացված աշխատանքների վերլուծության խնդրի հետ: Հոդվածիս վերաբերյալ ձեր հեղինակավոր որակավորումը, ինչ խոսք, բոլորիս համար անչափ կարևոր էր: Միայն թույլ տվեք նկատել, որ սա ակադեմիական հոդված չէ, ըստ ֆորմատի սա նոթ է՝ մասնագիտական վերլուծության գործիքավորմամբ: Վստահ եմ, որ սա ձեզ համար ընկալելի է և հասկանալի է: Իմ ընդհանրական հետևությունները հիմնված են ոչ թե այս մեկ ցուցահանդեսի, այլ տարիների ոսումնասիրությունների հիման վրա: Նյութի ֆորմատը չի ենթադրում այնտեղ արծարծված յուրաքանչյուր մտքի մանրամասնեցում: Մնացած հետևությունների մեկնաբանությունները հոդվածում բերվում են, ուշադիր կարդացեք: Ցավում եմ, բայց ձեր կոմպետենտությունը նման հարցերում չի ներում նյութի ֆորմայի վերաբերյալ գրագետ եզրահանգումներ անել: Իսկ եթե դուք ունեք անհամաձայնություններ նյութի ոչ ֆորմայի, այլ բովանդակության հետ՝ փորձեք դրանք գրագետ ձևակերպել, ուրախությամբ կկարդամ և կմեկնաբանեմ դրանք:
Ընդդեմ_խավարամոլության
Եվա դուք մոլորության մեջ եք; վստահ չեմ թե իրականում ում են ուղղված Ձեր բողոքները բայց համաձայն եմ որ իրավունք ունեք դրանք հրապարակել, քանի որ Հայաստանցիները սովորաբար աչքի են ընկնում իրենց վատակամությամբ: Դուք ըստ էության անընդունակ եղաք ժխտել իմ փաստարկը Ձեր հոդվածների կողմնակալության և մակերեսայինության մասին: Փոխարենը նախնտրում եք վիճել ուրվականի հետ: Ավելի պրիմիտիվ լեզվով ու ընկալելի շարադրել նույն փաստարկը կարիք չկա, ով որ ընդունակ է նա կհասկանա: Վերջ ի վերջո իմ մեկնաբանությունը ուղղված է առաջին հերթին ընթերցողին ում Ձեր հոդվածը, ըստ իս, մոլորության մեջ է գցում: Ցանկացած 'փսեվդո-գիտական' տեքստ որը հակված է Հայերին մոլորեցնել առաջացնում է նորմալ մարդու հակակրանքը, և եթե դուք այդպես չեք մտածում դա աննորմալ է: Պաշտոնապես իմ ուշադրությունը այս տեսակ 'մանկապարտեզ' իրավիճակներին չի կարող տեղ գտնել մեկնաբանության կամ որևե այլ տեսքով, այդ իսկ պատճառով ես ստիպված եմ թողնել Ձեզ Ձեր ուրվականի հետ: Եթե դուք չմարմնավորեք տիպիկ հայաստանցի մասնագետին ով թշնամի է փնտրում ամեն փաստարկի հետևում, կհասկանաք ըստ էության թե ինչ եմ գրում,.. ձեր պնդումները ու դրանից բխող ենթադրությունները ակնհայտորեն ընդհանրական են, չնայած նրան որ հիմնվում են մասնավոր դեպքի վրա; իսկ Ձեր դիրքորոշումը/մեկնաբանությունը մրցույթի մասին ուղակի թերի/անլիարժեք կամ կողմնակալ է: Եթե Ձեր տարիների ուսումնասիրությունը չի տեղավորվում տեքստի մեջ ավելի լավ է դրանից բխող պնդումները նույնպես դուրս մնան նույն տեքստից: Վիճարկումը ուղղված է ոչ թե Ձեզ որպես անձի, այլ հոդվածին և այսպես կոչված տեսաբանին: Ամեն դեպքում հաջողություն:
Եվա Սարգսյան
Երբ ի վիճակի լինեք ընդհանրականության դեմ ընդհանրական բողոքներից անցնելու տեքստում առաջ քաշած կոնկրետ մտքերի ըստ էության քննադատությանը՝ ես կդիտարկեմ ձեզ հետ մասնագիտական դիսկուսիայի մեջ մտնելու հավանականությունը: Իսկ մինչ այդ դուք բացարձակապես ոչ կոմպետենտ, ոչ մասնագետ մարդու տպավորություն եք թողնում, և ձեր տված գնահատականները ոչ մեկի համար հեղինակություն չեն, մոլորության մեջ մի եղեք
Ընդդեմ_խավարամոլության
Ձեր պաշտպանվողական վարքագիծը արդեն ձանձրացրեց: Ոչ թե գնահատականներ այլ պարզ տրամաբանությունից բխող մեկնաբանություններ են դրանք; ինչը դուք կամ չհասկացաք կամ չցանկացաք ընդունել: Իսկ Ձեր վերջին մեկնաբանությունը իրականում հենց Ձեր մասին ամենահավանական կարծիքն է սովորական ընթերցողի մոտ, այս հոդվածից հետո:
Եվա Սարգսյան
Դադարեք հարձակվել և վերջապես անցեք խնդրին: Ես պարտավոր չեմ ձեր միտքը տողերի տակ կարդալ, հստակ խոսեք, կոնկրետ կետերով և մեկնաբանությամբ ասեք, ինչի հետ համաձայն չեք և ինչու: Սպասում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter