HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարիսա Փարեմուզյան

Թեղուտի կոմբինատը տարեկան 28.000 տոննա պղինձ կարտադրի

«Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը Կոշաբերդ սարի գագաթը տեղափոխելը ժամանակավոր քայլ է` Ալավերդու բնապահպանական վիճակը թեթևացնելու համար: Իհարկե, ծխատարը  սարի գագաթը բարձրացնելուց հետո դեռ ունենալու ենք պրոբլեմներ, բայց այդ պրոբլեմները լինելու են ավելի քիչ, քան կա այսօրվա վիճակում»,- հուլիսի 17-ին Ալավերդիում լրագրողների հետ «Վալլեքսի» ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարեց Վալերի Մեջլումյանը:

Ծխատարի տեղափոխման համար, ըստ պրն Մեջլումյանի, կատարվել են 1 մլն դոլարի ներդրումներ: Արդարացի հարց է առաջանում` խնդրի ժամանակավոր լուծման դեպքում, ո՞րն է 1 մլն դոլար ծախսելու իմաստը, մանավանդ որ արտանետումների աղտոտման շրջանակը մեծանում է 2,5 կմ շառավղով` իր հետ բերելով բնապահպանական նոր ռիսկեր Լալվարի կուսական  անտառների համար:

Ծխատարի անարդյունավետ տեղափոխման հետ կապված Վալերի Մեջլումյանի լրագրողներին ներկայացրած անկեղծությունը ունի իր պատճառները: Թեղուտի հանքավայրի շահագործումը այլևս միֆ չէ, նրա տեսլականը հառնում է Վալերի Մեջլումյանին առաջիկա երկու տարիների կտրվածքով. «Փաստորեն 2 տարի հետո Թեղուտի լեռնահանքային պղինձ-մոլիբդենային կոմբինատը սկսելու է աշխատել, որը տարեկան արտադրելու է մոտ 28 հազար տոննա պղինձ խտանյութի մեջ»:

Ներկայումս հանրապետությունում արտադրվում է 23 հազար տոննա պղինձ խտանյութի մեջ, որի մեծ մասը արտադրում է Զանգեզուրի պղինձ մոլիբդենային կոմբինատը: Թեղուտի շահագործումից հետո հանրապետությունում կարտադրվի ավելի քան 50 հազար տոննա  պղինձ խտանյութում:

Թեղուտի հանքավայրի խտանյութը վերամշակելու համար «Վալլեքս»-ի առջև արդեն ծառացել է Ալավերդիում ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու խնդիրը: Հենվելով  աշխարհի պղնձաձուլարանների վերջին 25 տարիների փորձի վրա` Վ. Մեջլումյանը համարում է, որ գոյություն ունի պղնձաձուլարան կառուցելու 2 նախապայման. «Առաջինը՝  պղնձաձուլարանները շատ մոտ են կառուցվում տրանսպորտային միջոցներին: Երկրորդը՝ պետք է ունենան ոչ պակաս, քան տարեկան 150- 200 հազար տոննա հզորություն»:

Շահութաբեր աշխատելու համար Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում նախատեսում է 60 հազար տոննայից ավելի պղնձի արտադրություն`բնապահպանական խնդրի հիմնովին լուծման տարբերակով: «Այդ դեպքում միաժամանակ կարտադրենք  երկրորդային ապրանքներ` ներառյալ ծծմբաթթու և այլն»,- ասաց նա:

Ալավերդու բնապահպանական խնդրի մեղմացման և նոր աշխատատեղերի ստեղծման  համար ալավերդցիները անցած տարիներին Վալերի Մեջլումյանին բազմիցս առաջարկել են վերագործարկել ծծմբաթթվի արտադրամասը: Այդ մասին նա լսել չի ցանկացել` շուկայում ծծմբաթթվի պահանջարկ չլինելու պատճառաբանությամբ: Այժմ նա 2 տարիների հեռվից պղնձի արտադրության անհամեմատ մեծ ծավալների դեպքում կարևորում է ոչ միայն ծծմբաթթվի արտադրությունը, այլև գտել է նրա իրացման հնարքը:

«Թեղուտի հանքավայրի աշխատանքները սկսելուց հետո այստեղ մոտակա 15 տարվա համար անհրաժեշտ կլինի 35-40 հազար տոննա տարեկան կտրվածքով ծծմբական թթու`օքսիդացված հանքաքարը վերամշակելիս: Երկրաբանական աշխատանքների փուլում գտնվող Ղարաբաղի Կաշենի հանքավայրում «Վալլեքս»-ը 10 մլն-ից ոչ պակաս տոննա օքսիդացված հանքաքար է հայթայթել, որը նույնպես վերամշակելու դեպքում պահանջում է ծծմբաթթու»,- հայտնում է ներդրողը: Կաշենի հանքավայրի շահագործումը  պրն Մեջլումյանը նախատեսում է 3 տարի հետո:  

Ընկերությունն առ այսօր Թեղուտում սեփական ռեսուրսների հաշվին արդեն կատարել է 100 մլն դոլարի ներդրումային աշխատանքներ, որոնց մեջ մտնում են նաև ընկերության կողմից վերցրած կարճաժամկետ վարկերը: Ըստ Վ. Մեջլումյանի՝ Թեղուտի ամենածանր աշխատանքները արդեն կատարված են:

«Հասել է այն մակարդակի, որ անկախ նրանից, թե այս կամ այն բանկը վարկ կտա, վարկ չի տա, բոլոր խոշորագույն պայմանագրերը  ստորագրված են, և հիմա արդեն խոսում եմ  մեծածավալ գումարների տեսակետից մի քանի համաձայնագրերի մասին»,- լրագրողներին հայտնեց բանախոսը, ով հատկապես կարևորեց «Katerpillar» ընկերության հետ ունեցած մեծ ծավալի պայմանագիրը` լեռնահանքային սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ ստանալու համար, որոնց մի մասը «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն ստացել է:

Այսուհանդերձ, թե բնապահպանական ինչ իրավիճակում կհայտնվի Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո Ալավերդին, սա ալավերդցիների կողմից դեռևս չի քննարկվում, մանավանդ որ այստեղ շատերը տեղյակ են պրն Մեջլումյանի ռոմանտիկ բնավորությանը:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանին  ուղղված լրագրողների հարցերը վերաբերում էին Ալավերդի քաղաքի բնակչության առողջության վրա պղնձաձուլական գործարանի ազդեցություններին, ՀՆԱ-ի մեջ  հանքարդյունաբերության զբաղեցրած տեղին, այդ ոլորտի տնտեսավարողների հարկերի վճարման դրույքաչափերին:

Գագիկ Արզումանյանն ասաց, որ այս պահին էլ իրենց հետաքրքրում են Ալավերդու  բնակչության առողջության վրա պղնձաձուլական գործարանի արտանետնումների ազդեցությունները. «Մեր ընկերությունը պատրաստ է ցանկացած ողջամիտ առաջարկություն քննարկելու, եթե հասարակական որևէ կազմակերպություն ներկայացնի ծրագիր, որի արդյունքները մեզ համար տեսանելի կլինեն»:

Հանքարդյունաբերության տեսակարար կշռի հետ կապված՝ Գագիկ Արզումանյանը մասնավորապես նշեց, որ արտահանման կեսից ավելին գալիս է լեռնահանքային ոլորտից. «Սրանից ավելի խոսուն թիվ չի կարող լինել մի երկրի համար, որի լրջագույն խնդիրը համարվում է  առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը»:

Նա համարում էր, որ որքան հնարավոր է, պետք է խրախուսել արտահանումը: Այս հարցում սակայն Գ. Արզումանյանը ունի նաև վերապահումներ. «Ես հավատում եմ, որ ոլորտը պոտենցիալ ունի, սակայն դա չի նշանակում, որ մյուս բոլոր ոլորտները պետք է հետ մնան և կառավարության ուշադրությունից պետք է դուրս մնան»:

Ադրադառնալով հանքահումքային ոլորտի տնտեսավարող սուբյեկտների պետբյուջեին գանձվող հարկերի դրույքաչափերին` Գագիկ Արզումանյանը հիշեց, որ երկու ամիս առաջ «Վալլեքս»-ի վարչական շենքում նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցության ընթացքում տեսակետ է հնչել, որ Հայաստանում հանքարդյունաբերողների կողմից վճարվող 1,3 տոկոս հանքօգտագործման վճարը ամենացածրն է աշխարհում. «Գուցե դա այդպես է, բայց շարունակությունը չասվեց, որ դա ընդամենը դրույքաչափ է: Պարզագույն ճշմարտություն է այն, որ վճարման ենթակա գումարը բաղկացած է դրույքաչափ բազմապատկած բազա արդյունքից»:

Ըստ Գ. Արզումանյանի՝  դրույքաչափը կարող է լինել ցածր, կարող է լինել բարձր. «Ես չգիտեմ՝ դրույքաչափը Հայաստանում ամենացածրն է, թե ոչ, բայց ես հստակ կարող եմ ասել, որ բազան Հայաստանում ամենամեծն է»:

Վերջինիս կարծիքով՝ արդարացի չէ, որ այսօր Հայաստանի տնտեսավարողները բնօգտագործման վճարները վճարում են  ընդերքում եղած մետաղի միջազգային գնից: Ըստ նրա՝ աշխարհի որևէ այլ երկրում դրանից ավելի լայն բազայի նկատմամբ բնօգտագործման վճար չի գանձվում: Կան գներ, որտեղ դրույքաչափը ավելի բարձր է, եթե կիրառվում է շահույթի նկատմամբ:

Պրն Արզումանյանը կարծում է, որ ցանկացած հանքարդյունահանող երջանիկ կլիներ, եթե  բնօգտագործման վճարը վճարվեր շահույթից, այլ ոչ թե դեռևս չարդյունահանված մետաղի  միջազգային արժեքից. «Դուք պատկերացնում եք, որ մետաղը արդյունահանելուց է անխուսափելի կորուստներ կրում, վերամշակման ընթացքում է այն անխուսափելի կորուստներ լինում»: 

Գագիկ Արզումանյանը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ կառավարության հետ քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը, որտեղ նախատեսված են նաև որոշակի փոփոխություններ հանքարդյունաբերության հարկման հետ կապված, բայց դեռևս դրույքաչափերի քննարկմանը չեն հասել:

«Կոնկրետ ինձ համար՝ որպես տնտեսագետի, ավելի սկզբունքային է, որպեսզի հարկման մոտեցումները լինեն արդարացի: Պետության խնդիրը պետք է լինի խրախուսել արդյունավետ տնտեսավարումը և ընդերքօգտագործումը: Դրույքաչափը  իսկապես երկրորդային խնդիր է»,- գտնում է «Վալլեքս»-ի փոխնախագահը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր