HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Սաթյան. Ռուբեն Վարդանյանն ուզում էր ձեռք բերել Դիլիջանի կոմպոզիտորների տան 49 տոկոսը

Հարցազրույց կոմպոզիտորների միության նորընտիր նախագահ Արամ Սաթյանի հետ

-Ի՞նչ եք զգում, երբ արդեն ընտրվել եք կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում:

-Պատասխանատվություն ամեն ինչի հանդեպ: Մեծ ցանկություն ունեմ աշխատել և իրագործել այն ծրագրերը, որոնք նախապես արդեն արտահայտել եմ:

-Ինչպե՞ս կբնութագրեք միության ներկա վիճակը:

-Շատ ծանր վիճակ է, ոչ մի օղակ չէր աշխատում և այլն, և այլն: Դե, չխոսենք այդ մասին, հիմա տեսնենք` ես ի՞նչ կարող եմ անել:

-Եվ ո՞րն է լինելու Ձեր առաջին անելիքը:

-Այդ հարցը բոլորը տալիս են: Ես ասել եմ, որ կծանոթանամ այս վիճակի հետ, ժողով կամ վարչություն կհրավիրեմ և կասեմ` այսպես է, այսպես է, այսպես է: Կարող է ընդունելություն կազմակերպեմ, չգիտեմ, դա կախված է այս մի քանի օրերից, թե ինչ կհասցնեմ անել:

-Դուք նշել էիք, որ կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի առաջին մեղքը միությունում պառակտում ստեղծելն էր: Կմանրամասնե՞ք, հիմա ի՞նչ եք անելու, որ պառակտում այլևս չլինի, այսպես ասած, համերաշխություն տիրի միությունում:

-Չեմ մանրամասնի, մենք բոլորս ընկերներ ենք, գործընկերներ ենք և պետք է իրար հարգենք, սիրենք, և կարողանանք վստահել:

-Օրինակ, պարոն Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ձեզ շնորհավորել է միության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` ասելով, որ «եղբայր ջան, երբ իր կարիքը զգացվի, կարող ես դիմել»: Եթե Ռ. Ամիրխանյանի օգնության կարիքը զգաք, կդիմե՞ք նրան:

-Ես երբեք ոչ մեկին չեմ դիմում, եթե ինքը ցանկություն ունի, կարող է աշխատել ինձ հետ:

-Պարոն Սաթյան, կոմպոզիտորների Դիլիջանի տան հետ կապված խնդիրներ են առաջացել: Մասնավորապես, խոսակցություններ կան, որ գործարարներից մեկն ուզում է գնել տունը,  գործարք է ուզում կնքել, բայց միության նախկին նախագահը հրաժարվել էր: Դուք լսե՞լ եք  այդ տան վաճառքի մասին:

-Ես ոչ միայն լսել եմ, այլև համագումարի ժամանակ խոսվեց այդ մասին, որ 49 %-ը պետք է տային ուրիշին, իսկ 51 %-ը` կոմպոզիտորներին: Մենք կարող էինք զրկվել 51 %-ից, քանի որ միությունը չուներ այդ փողը, և պարտքի դիմաց այն բաները, որոնք պետք է արվեին, հնարավոր է` մենք զրկվեինք մնացած 51%-ից: Կարծում եմ, որ մենք դա պետք է անենք ինքնուրույն` շնորհիվ նոր մոտեցման. գոյություն ունեն գրանտներ: Օրինակ՝ ես հրավիրել եմ մեր հանրապետության լավագույն ֆինանսիստներին, երիտասարդներին, որոնք համագործակցում են այս կամ այն ոլորտում, բոլորը մեծ ցանկությամբ ուզում են համագործակցել: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այդ ծրագրերը կդառնան բիզնես ծրագրեր, որոնց շնորհիվ Դիլիջանը կարող է փոխել իր տեսքը:

-Դուք նշեցիք, որ 49 %-ն ուզում էր վերցնել ուրիշը: Ո՞վ է այդ մարդը:

-Ռուբեն Վարդանյանը:

-Այդ գործարքն այլևս  չի՞ լինելու:

-Չի լինելու:

-Իսկ ինչո՞ւ:

-Էդպիսի տոկոսով չի լինելու: Ինչո՞ւ, եթե մենք ինքնուրույն կարող ենք այդ բաներն անել: Մոտակա ժամանակ արդեն պայմանավորվել ենք. երբ բացվի Դիլիջանի կոմպոզիտորների տունը, այնտեղ մեծ մեմորիալ տախտակ կլինի Էդուարդ Միրզոյանի անունով: Այդ օրը ես կհրավիրեմ միության անդամներին, որ գան-մասնակցեն ծառատունկին, որովհետև այնտեղ ծառերը չորացել են, և նաև թող այդ եղանակին իրենք շփվեն իրար հետ մտերմիկ, ինչպես ընդունված է արտասահմանում` մաքուր օդ լինի, մի փոքր բուտերբրոդ ուտեն, այսինքն` իրենք իրար հետ մերվեն:

-Պարոն Սաթյան, մեզ հետ զրույցում պարոն Ամիրխանյանը նշեց, որ այդ տան վաճառքի գործընթացն սկսվել է: Նկատենք, որ այսօր Դուք եք միության նախագահի պաշտոնում:

-Քանի որ ինքը լեգիտիմ չէր, ինքը գործարք չէր կարող սկսել, այնպես որ այն, ինչ որ արել է, դա անօրինական է: Ես ուզում եմ ստեղծել միություն, որտեղ առաջին հերթին պետք է լինի օրենք, և մարդիկ շատ պարզ պատկերացնեն, թե ինչ նպատակներ ու ծրագրեր կան:

-Ի՞նչն էր անօրինական: Կմանրասնե՞ք:

-Գործունեությունն էր անօրինական, վարչությունը չէր աշխատում, չկար ռևիզիոն հանձնաժողով, երկու տարի է` համագումար չի անցկացվում: Ինչո՞ւ այս բոլորը սկսեց: Օրենքի մեջ պետք է մնալ, որովհետև եթե դու նախագահ ես, երկու տարի հետո պետք է համագումար: Այդ բանն ինքը չէր արել, դրա համար ինքը լեգիտիմ չէր: Դիլիջանի կոմպոզիտորների տունն օդում էր: Հիմա ես ընտրվել եմ, մենք ունենք օրինական վարչություն, մնացած օղակները կամաց-կամաց կստեղծվեն: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի:

-Անելիքը շա՞տ է:

-Շատ-շատ է:    

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter