Լեռնագոգցի աշակերտուհի. «Մի ստիպիր ձկանը ծառ մագլցել»
Լեռնագոգ գնալուց առաջ տեսել էի Անահիտի TEDx-ի ելույթը: Հետաքրքիր էր լսել մի աղջկա պատմություն, ով իրեն համարում էր անտաղանդ ու ձախորդ, բայց իր գյուղից հայտնվում է Նյու Յորքում, կարողանում հաղթահարել իր վախերն ու բարդույթները եւ համարձակորեն ելույթ ունենալ մեծ լսարանի առջև:
Անահիտ Վարդանյանն այժմ սովորում է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Նա պատմում է, որ երբ մասնակցում էր Ամերիկյան դեսպանատան և COAF-ի (Հայաստանի մանուկների հիմնադրամ) համատեղ ծրագրին, չգիտեր, որ հաղթողն իր ելույթը ներկայացնելու է ԱՄՆ-ում: Այնինչ, դեկտեմբերին նա հնարավորություն է ստանում մեկ շաբաթով մեկնել Նյու Յորք: Անահիտը հիշում է, որ իր հետ մասնակցող երեխաները երգում, նվագում էին:
«Մեջների անտաղանդը ես էի», - ժպտալով ասում է Անահիտը:
Այնինչ, այդ ելույթից հետո նա իր մեջ բացահայտում է, որ սիրում է հրապարակային ելույթները: Այժմ էլ ցանկանում է զարգացնել իր այդ հմտությունները, դպրոցն ավարտելուց հետո զբաղվել կամ ներգրավվել PR կամ զբոսաշրջության ոլորտում:
«Առաջ ես էլ էի վախենում մրցույթների մասնակցել, մտածում էի` չեմ հաղթի: Բայց ուզում եմ, որ մարդիկ կյանքում ինչ-որ բանից չվախենան, միշտ փորձեն, որովհետև չես ափսոսելու, որ փորձել ես, այլ ափսոսելու ես, որ չես փորձել», - ասում է Անահիտը:
Անահիտը խոստովանում է, որ առաջվա նման շատ է սիրում երգել, սակայն դա իր մոտ լավ չի ստացվում, պարզապես այլևս չի նեղվում դրանից: Անգամ ընկերների մոտ է երգում ու ծիծաղում են դրա վրա:
TEDx ելույթի ժամանակ Անահիտն ասում է.
«Չկան անտաղանդ մարդիկ, անտաղանդությունը հարաբերական է: Ուղղակի կան բացահայտված ու չբացահայտված տաղանդներ: Երբեք թույլ չտաս, որ ինչ-որ մեկն ասի, որ դու հանճար չես, դու յուրովի ես հանճար: Երբեք ինչ-որ մեկին չդատես պակաս հանճար լինելու համար; Մի ստիպիր ձկանը ծառ մագլցել, և թույլ չտաս, որ ինչ-որ մեկը քեզ նույնը ստիպի: Դու տաղանդավոր ես, ուղղակի պետք է գտնել թե որտեղ է թաքնված քո տաղանդը»:
Այն հարցին, թե ինչը նրան դուր եկավ Նյու Յորքում, Անահիտը պատասխանեց, որ առաջինն իր ուշադրությունը գրավեցին հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարությունները:
«Հաշմանդամություն ունեցող անձինք այնտեղ կարող են իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ: Շատ կցանկանայի, որ նույնը լիներ Հայաստանում», - ասում է Անահիտը:
Նրա կարծիքով` Հայաստանում որքան էլ ասեն, թե հաշմանադմություն ունեցող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են, բայց մինչև նրանց համար հարմարեցված պայմաններ չլինեն, որպեսզի նրանք կարողանան մյուսների նման հավասար ամեն ինչից օգտվել, այդ խոսքերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Հաշմադմություն ունեցող անձանց խնդիրներն առավել ընդգծված են հատկապես մարզերում, որտեղ բազմաթիվ փողոցներ անբարեկարգ են: Բացի այդ՝ Անահիտին դուր էր եկել, որ Նյու Յորքում, որտեղ կան տարբեր ազգության և կրոնի մարդիկ, նրանց միջև խտրականություն չկա:
«Դա նաև եղավ դաս ինձ համար, որ չի կարելի մարդկանց միջև տարբերություն դնել», - ասում է Անահիտը:
Հետաքրքիր է, որ երբ Լեռնագոգի դպրոցի մեկ այլ աշակերտուհիներից Նարեին հարցրի, թե ինչը կցանկանար փոխել իր շրջապատում, նա նույնպես խոսեց հավասարության մասին:
«Կուզեի, որ բոլորը հավասար լինեին: Մեր դպրոցում նման խնդիր չկա, բոլորս իրար հետ շատ լավ ենք, բայց կուզեի ընդհանուր, ամբողջ հասարակության մեջ բոլորն իրար հավասար լինեին»,- ասում է Նարեն:
Նարե Գալստյանը 12 տարեկան է. իրենց դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն է: Ինչպես դպրոցում են իրեն ասում` «մեր փոքրիկ նախագահն է», ով երազում է ռեժիսոր դառնալ: Ցանկանում է իրականում տեսնել` ինչպես են ստեղծվում ֆիլմերը, և ինքն էլ հնարավորություն ունենա՝ նոր ֆիլմեր ստեղծելու:
«Շատ եմ սիրում պատմական ֆիլմերը: Ուզում եմ Պապ թագավորի մասին ֆիլմ նկարահանել, որովհետև շատ եմ սիրում նրան, ու ներկայացնեմ նրա արած բոլոր գործերը», - ասում է «փոքրիկ նախագահը»:
Նարեն իր ընկերների հետ արդեն ծրագիր է մշակել, թե ինչ հետաքրքիր միջոցառումներ պետք է անցկացնեն դպրոցում: Անահիտն էլ նախատեսել է թրաֆիքինգի թեմայով սեմինար անց կացնել իրենց դպրոցի աշակերտների համար: Նրա համար մի կողմից դժվար է, քանի որ այդ ոլորտի մասնագետ չէ, բայց մյուս կողմից էլ համոզված է, որ սովորեցնելիս նաև սովորում է:
«Ինչ-որ մարդկանց հեշտությամբ է տրվում, նրանք դա չեն գնահատում: Հենց կորցնում են, նոր են գնահատում, դրա համար էլ երջանիկ չեն լինում: Իսկ դրանք փոխկապակցված են, - ասում է Անահիտը: - Ուզում եմ, որ մարդիկ գնահատեն այն, ինչ ունեն: Այդ դեպքում հաստատ երջանիկ կլինեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել