Արմինե. Լեռնագոգի ընկերուհիս
Դպրոցի բակում Լեռնագոգի դպրոցականները ֆուտբոլ էին խաղում դալարիկցիների հետ: Մնացած աշակերտներն էլ լարված հետևում էին խաղին ու սպասում, որ լեռնագոգցիները գոլ խփեն: Նրանց մեջ էր նաև Արմինեն: Ինձ միանգամից գրավեցին նրա կանաչ սիրուն աչքերը:
«Ոչ մեկին չեմ քաշել, ես սենց եմ», - հազիվ պատասխանում է հարցիս Արմինեն:
Սկզբում գլուխն անընդհատ կախում էր. չէր հեռանում, բայց գրեթե չէր խոսում: Չեմ կարծում, թե խուսափում էր, պարզապես դեռ չէր վստահում: Արմինեի հետ խոսում ու անընդհատ մտածում եմ` ինչ հետաքրքիր, յուօրինակ արտաքին ունի: Այնուհետև փորձում էի պատկերացնել` ինչպիսին կլիներ նա ավելի խնամված վիճակում: Ուզում էի անպայման նրա լուսանկարն ունենալ: Սկզբում չէր ցանկանում, բայց հետո հազիվ համաձայնեց:
«Արմինե, ո՞ր առարկան ես սիրում: Դու հաստատ մաթեմ ես սիրում», - կես կատակ հարցնում եմ ես:
«Հա, մաթեմ շատ եմ սիրում, - լուրջ դեմքով պատասխանում է Արմինեն: - Դե, անցած տարի մաթեմի գիրք չունեի, հետ էի մնացել: Բայց էս տարի պապան փողը տվել ա, գիրք ունեմ, արդեն լավ կարողանում եմ»:
Այդ պահին մեր կողքին կանգնած փոխտնօրենն ասում է, որ գիրք չունենալու պատճառը ոչ թե գումարն է, այլ ուրիշ խնդիր կար, հետո հավելում, որ իրականում Արմինեն շատ է սիրում իր ունեցածը կիսել ընկերների հետ: Այդպես է եղել նաև գրքերի դեպքում:
«Հա, դե սիրում եմ իմ ունեցածով կիսվել, - դեռ գլուխը կախ ասում է Արմինեն: - Որ հարյուր դրամ եմ ունենում, հիսունը տալիս եմ Մարիամին, որ երկու հարյուր եմ ունենում, հարյուրն ա Մարիամինը»:
![]() |
![]() |
Մարիամն Արմինեի մտերիմ, բայց կարծես թե նաև միակ ընկերուհին է:
«Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ», - հարցնում եմ Արմինեին:
«Դե, սկզբում վարսավիր, հետո` տեսնենք էլի»:
Արմինեն մեկ-մեկ հրում էր դասարանցի երեխաներին կամ չարաճճիություն անելով` իր մոտ պահում բասկետբոլ խաղացողների գնդակը: Բայց ագրեսիվ չէր, պարզապես ուշադրության կարիք ուներ:
Արդեն չեմ հիշում՝ որ պահից իրար թևից բռնած էինք քայլում: Դեռ դպրոցի բակում էինք, երբ դպրոց այցելած հյուրերից մեկն Արմինեին կոնֆետ առաջարկեց: Մինչ իր շուրջը գտնվողները համոզում էին վերցնել հյուրասիրված կոնֆետը, Արմինեն ավելի հետ-հետ էր գնում` համառորեն հրաժարվելով կոնֆետից:
«Չէ, չեմ վերցնելու… Մեկ ա` չեմ ուտելու», - գրեթե լացելով ասում էր Արմինեն: Այդպես էլ չվերցրեց:
Երբ մի քանի տղաներ շշուկներով խոսելով անցնում էին, ուզում էի հասկանալ` ինչ են քննարկում, աղջիկներից մեկն ասած.
«Դե, ինքը դպրոցում մի քիչ աննկատ էրեխա ա…»
«Իսկ ինքը ձեր բարեկամն ա»,- հարցնում էին մի քանի աշակերտներ:
«Չէ, բայց Արմինեն իմ ընկերուհին ա», - ասում եմ ես:
Չգիտեմ` Արմինեն ինչ ընտանիքից է կամ ծնողներն ինչով են զբաղվում: Պարզապես ուրախ էի, որ առիթ ունեցա՝ նրա հետ ծանոթանալու: Միայն Երևան վերադառնալու պահին հասկացա, որ նեղացրել եմ ընկերուհուս: Մտածում էի` որքանով էր ճիշտ պատանեկան անցումային բարդ տարիքում գտնվող աղջկա վստահությունը ձեռք բերել, այնուհետև հանկարծակի հեռանալ:
Իրար հետ փոքր-ինչ քայլեցինք դեպի իրենց տուն տանող ճանապարհը: Այնուհետև Արմինեն առաջ անցավ, հաջող անելիս չշրջվեց ու նեղացած գնաց: Մի քանի րոպեից, երբ մեքենան արդեն շարժվում էր, նոր միայն նկատեցի, որ Արմինեն կանգնած նայում է Երևան մեկնող մեքենային:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել